VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Նկարագրություն

2011թ.-ի նոյեմբերին «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը դրամաշնորհ ստացավ Եվրոպական համայնքից Հայաստանում Եվրամիության պատվիրակության` Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի միջոցով՝ ընդլայնելու արդեն գոյություն ունեցող ծրագրերի շրջանակը և իրականացնելու ծրագրում ընգրկված տարբեր նախաձեռնությունները 2011-2013թթ.-երին:

2012-2014թթ.-երի ամբողջ ընթացքում «Ռեժիսորներ առանց սահմանների» Արևելյան գործընկերության ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի միջոցով և Եվրամիության աջակցությամբ, ինչպես նաև MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինա), CINEMA ART CENTER PROMETHEUS (Վրաստան) and INTERNEWS (Հայաստան) գործընկերների հետ համատեղ, կկազմակերպի մի շարք սեմինարներ, դասընթացներ եւ կտրամադրի առցանց հնարավորություններ կինոյի ոլորտի մասնագետների համար, ովքեր բնակվում են Եվրամիության, Արևելյան գործընկերության տարածաշրջանի (Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան) երկրներներում:

Ծրագրի նոր զարգացումներին հետևելու համար այցելեք ՌԱՍ-ի պաշտոնական կայք՝ www.dabhub.com
 

Ի՞նչ է նշանակում «Ռեժիսորներ առանց սահմանների»:


ՌԱՍ-ը նախագիծ է, որն իրականացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Դա տարածաշրջանային ցանց է Կովկասում և հարակից պետություններում (Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Թուրքիայում և այլուր) բնակվող կինոռեժիսորների և կինոյի մասնագետների համար ՌԱՍ-ի հիմնադիրները համակարծիք են, որ կինոն այն եզակի միջոցն է, որը կարող է փոխել մարդկային հարաբերությունները` առանց ճանաչելու քաղաքական, գաղափարական, ռասսայական կամ կրոնական սահմաններ ու խտրականություն: ՌԱՍ-ը հիմնադրվել է մեծ իրանացի կինոռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆի նախաձեռնության արդյունքում: ՌԱՍ-ի նպատակն է առանձնացնել այն խնդիրները, որոնք հատուկ են զարգացման փուլում գտնվող պետություններին, աջակցել համատեղ արտադրության այն ֆիլմ-նախագծերին, որոնք կենտրոնանում են բազմաթիվ մշակույթների և ազգերի հետ առնչվող խնդիրների վրա:

Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց:

«Կինոն` որպես միջմշակութային երկխոսության միջոց» թեմայով տարածաշրջանային սեմինարը, որն անցկացվեց «Ոսկե ծիրան» երկրորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում (2005 հուլիսի 12-17), դարձավ փառատոնի կարևորագույն մասերից մեկը և արդարացրեց ինչպես կազմակերպիչների, այնպես էլ 12 երկրներից ժամանած ավելի քան 50 մասնակիցների սպասումները: Քննարկումների ժամանակ Սիդդիք Բարմաքի կողմից արված առաջարկությունը, այն է` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Կովկասի և հարևան պետությունների կինոարտադրողների ցանցի ստեղծման գաղափարը, միանգամից ընդունվեց մյուսների կողմից: Սեմինարի մասնակիցները համակարծիք էին, որ կինոն միավորում է մշակույթները` ստեղծելով անվերջ հնարավորություններ միմյանց փոխլրացնելու և կյանքը բարելավելու համար: Դա կհաջողվի կամերայի ոսպնյակի միջոցով մեզ մոտեցնելով այն վայրերին, համայնքներին և մարդկանց, որոնց մասին մենք հավանաբար այլ կերպ չէինք իմանա: Փառատոնի կոմիտեն որոշեց անել հաջորդ քայլը և ստեղծել մի ցանց` «Ռեժիսորներ առանց սահմանների» խորագրով: Այս նախագիծը հետագայում համատեղ արտադրության նախագծերի հիմք կհանդիսանար: Նախագիծը և դրա սկզբունքները ներկայացվեցին Եվրոպական մշակութային պառլամենտի չորրորդ նիստում, որը տեղի ունեցավ Լիսաբոնում 2005 թ. դեկտեմբերի 2-4-ը: Հիմնական թեման էր «Ինչպե՞ս կարող է եվրոպական մշակույթը խթանել եվրոպական համակեցությունը»: Խոսե Մանուել Բառոսոն` Եվրոպական խորհրդի նախագահը, նույնպես ներկա էր նիստին: Հաշվի առնելով ծրագրի տարածաշրջանային կարևորությունը` Եվրոպական մշակութային պառլամենտը որոշեց ստանձնել նախագծի ղեկավարությունը: Սա հաստատվեց Եվրոպական մշակութային պառլամենտի Լիսաբոնի հայտարարագրով:


Մանիֆեստ
Տարածաշրջանում միջպետական կինոարտադրության և համատեղ արտադրության նախաձեռնության նոր «Ընդհանուր դաշտի» ստեղծման մասին


Խորհրդային միության փլուզումից` 1990-ական թթ. ի վեր, նախկին խորհրդային պետությունները շարունակում են մեծագույն դժվարությունների հանդիպել իրենց կյանքի բոլոր բնագավառներում` սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային: Կովկասում, որտեղ դարերի ընթացքում կողք կողքի ապրել են մեծաթիվ էթնիկ խմբեր, կենտրոնացված համակարգի փլուզումը ակամա ճանապարհ բացեց բազմաթիվ կրոնական, էթնիկ և մշակութային հակասությունների համար: Կովկասի և հարևան տարածաշրջանի պետությունների միջև հարաբերությունները վերածվել են մի բարդ համակարգի, որտեղ էթնիկ, կրոնական և մշակութային ինքնությունները բևեռացրել են մարդկանց խմբերը:

Կինոարտադրության բնագավառում այս նոր իրականությունն ու առաջացած խնդիրները ստեղծել են բազմաթիվ դժվարություններ պրոդյուսերների, ռեժիսորների և սցենարիստների համար: Ինչպե՞ս կարող է կինոարտադրողը համակերպվել այս փաստի հետ և առաջ գնալ դեպի 21րդ դար: Արդյո՞ք կինոարտադրողը պետք է պարփակվի սեփական սահմանների մեջ, թե՞ պետք է ունենա սահմաններից դուրս աշխարհայացք: Արդյո՞ք նա պետք է տեսնի միայն այն տարրերը, որ իրեն առանձնացնում են «մյուսներից», թե՞ պետք է դիմի համընդհանուր մարդասիրության սկզբունքներին, որոնք ժամանակին հնարավոր դարձրեցին հասարակությունների և պետությունների համակեցությունը:

ՌԱՍ-ը հիմնադրվեց գտնելու համար պատասխաններ այս հարցերին և առաջ քաշելու այն միտքը, որ կինոն և կինոարտադրողները յուրահատուկ տեղ են զբաղեցնում փոխադարձ սահմանները թափանցելու և բացահայտելու, ինչպես նաև հարևաններին հասկանալու գործում` այս արտահայտության ամենալայն իմաստով:

ՌԱՍ-ը Կովկասում և հարևան տարածաշրջանում բնակվող ռեժիսորների և կինոյի մասնագետների տարածաշրջանային ցանց է, ովքեր համակարծիք են, որ կինոն այն եզակի միջոցն է, որը կարող է փոխել մարդկային հարաբերությունները` առանց ճանաչելու քաղաքական, գաղափարական, ռասսայական կամ կրոնական սահմաններ ու խտրականություն: ՌԱՍ-ը անկախ կինոարտադրողների ֆորում է, որտեղ նրանք առանձնացնում են զարգացման փուլում գտնվող պետություններին հատուկ խնդիրները: ՌԱՍ-ը սկիզբ է դրել նոր միջպետական կինոարտադրության գաղափարին:

Ընդգծելով իր առանձնահատուկ մոտեցումը դեպի բազմաթիվ ազգերի և մշակույթների հետ կապված խնդիրներ` ՌԱՍ-ը ցանկանում է նպաստել նոր «ընդհանուր դաշտի» ստեղծմանը, որը կտարածվի նախկին Խորհրդային Միության սահմաններում և դրանցից դուրս` հարգելով դարեր շարունակ կողք կողքի ապրած մարդկանց միջև տարբերությունները:



     
     
 
   

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council The Club The European Cultural Foundation