VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Պատմությունը

Ամեն տարի իրականացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում 2004թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներն են` փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը: 2005թ-ից փառատոնի նախագահն է համաշխարհային ճանաչում վայելող, ծագումով հայ կանադաբնակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ», որը նաև մշակութային կապերի ու երկխոսության հաստատմանը նպաստելու մեր ոգեշնչման աղբյուրն է: Այն նաև Հայաստանի պատմության արտացոլումն է, որը դարեր շարունակ մրցակցող աշխարհաքաղաքական ուժերի համար բռնկման կետ է հանդիսացել: Հայաստանի ցանկալի աշխարհագրական դիրքը նրան դարձրել է կռվի առարկա տարբեր կայսրությունների համար` սակայն մյուս կողմից արդյունք դառնալով համաշխարհային ազդեցություններով և դինամիկ արվեստի ժառանգությամբ հագեցած քաղաքակրթության: Փառատոնը հատկապես ողջունում է այնպիսի ֆիլմեր, որոնցում ներկայացված են զանազան էթնիկ, ազգային խմբեր, տարբեր կրոններ, սովորական և հայտնի մարդկանց առօրյա կյանքը, նրանց հոգսերն ու ուրախությունները այս փոփոխվող աշխարհում իմաստ որոնելիս, աստիճանաբար ավելի ու ավելի քիչ սահմաններ ճանաչող աշխարհում վերահաստատվելիս:

Երևանը այդ ժառանգության զարգացող ապացույցն է, իսկ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը իր հիմնադրումից կարճ ժամանակ անց դարձավ բոլոր ժանրերի կինոբեմադրիչների, մասնավորապես` խաղաղության համաշխարհային արժեքների, մշակութային ներդաշնակության ու փոխադարձ շփումների ու փորձի փոխանակման ջատագովների համար հանդիպման կարևոր վայր: Համապատասխանաբար, ամենամյա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը բազմաժանր ֆիլմերի միջոցով հանդիսականի դատին է ներկայացնում տարբեր ազգերի, էթնիկ և կրոնական խմբերի ունեցած մարդկային առատ փորձը:

Չնայած «Ոսկե ծիրան» կինոփառատոնն իր բնույթով փոքր ու կոկիկ է` այն շարունակում է գրավել միջազգային ուշադրությունն ու անկեղծ հարգանքը: Ֆիլմերը ներկայացվում են միջազգային մրցութային երկու ծրագրերում` խաղարկային և վավերագրական: Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է մեկ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ և մեկ հատուկ մրցանակ: Փառատոնն ունի նաև հատուկ համահայկական մրցութային բաժին` «Հայկական համայնապատկեր»-ը, որին կարող են մասնակցել ծագումով հայ կինոբեմադրիչների ցանկացած տևողության խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր: Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք, որով հայտնի է Հայաստանը:

Առաջին «Ոսկե ծիրան»-ն անցկացվեց 2004թ-ի հունիսի 30-ից հուլիսի 4-ը: Փառատոնն անմիջապես գրավեց համաշխարհային կինոհանրույթի ուշադրությունը և իրենց մասնակցությամբ Երևանում հանդես եկան 20 երկիր ներկայացնող մոտ 70 կինոռեժիսորներ` ներկայացնելով 148 ֆիլմ: Փառատոնի միջազգային ժյուրիի անդամներն էին համաշխարհային համբավ վայելող կինոքննադատներ: Փառատոնի ազդագրի, լոգոյի և դիզայներական այլ աշխատանքները կատարեց Վահե Ֆաթալը: Առաջին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր մրցանակակիրները դարձան Ատոմ Էգոյանը (խաղարկային ֆիլմերի մրցույթ), Ստեֆան Էլմաջյանը (կարճամետրաժ և փորձարարական ֆիլմերի մրցույթ), Արմեն Խաչատրյանը (վավերագրական ֆիլմերի մրցույթ):

«Ոսկե ծիրան» երկրորդ կինոփառատոնին (հուլիսի 12-17, 2005) մասնակցության հայտ էր ներկայացվել 45 երկրներից` Ռուսաստանից մինչև Արգենտինա, Նիդերլանդներից մինչև Աֆղանստան, Մալազիայից մինչև Չիլի, Թուրքիայից մինչև Ֆինլանդիա, Հնդկաստանից մինչև Իսրայել, Իրանից մինչև Կանադա, որոնցից ընտրվեցին144 ֆիլմեր 37 երկրից` ներկայացվելու մրցութային և արտամրցութային ծրագրերում: Հյուրերի և մասնակիցների թվում էին կինոաշխարհի այնպիսի ճանաչված դեմքեր, ինչպիսիք են` Աբաս Քիարոսթամին, Քշիշտոֆ Զանուսին և Նիկիտա Միխալկովը, որոնց շնորհվեցին մրցանակներ կինոյում ունեցած վաստակի համար: «Ոսկե ծիրան» երկրորդ կինոփառատոնի հիմնական մրցանակակիրներն էին` Ռուսաստանից Ալեքսանդր Սոկուրովը իր «Արև» ֆիլմով (խաղարկային ֆիլմերի մրցույթ), Ֆինլանդիայից Պիրյո Հոնկասալոն իր «Մելամաղձի երեք սենյակները» ֆիլմով (վավերագրական ֆիլմերի մրցույթ) և Հայաստանից Արման Երիցյանը իր «Բաց երկնքի տակ» ֆիլմով («Հայկական համայնապատկեր» մրցույթ): Փառատոնը լուսաբանվեց հայ և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից: Հոդվածներ հրատարակվեցին կինոաշխարհի այնպիսի կարևոր լրագրերում, ինչպիսիք են` «CAHIER DU CINEMA»-ն (Ժան Պիեր Ռեմ) և «VARIETY»-ն (Դեբորա Յանգ): Կինոփառատոնի ընթացքում անցկացվեցին վարպետության դասեր հանրաճանաչ ռեժիսորների ու պատվավոր հյուրերի կողմից:

2005թ-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը նախաձեռնեց տարածաշրջանի կինոգործիչների ցանցի ստեղծում, որն անվանվեց «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ): ՌԱՍ-ի հիմնադիրները համակարծիք են, որ կինոն այն եզակի միջոցն է, որը կարող է փոխել մարդկային հարաբերությունները` առանց ճանաչելու քաղաքական, գաղափարական, ռասսայական կամ կրոնական սահմաններ: Հաշվի առնելով ծրագրի տարածաշրջանային կարևորությունը` Եվրոպական մշակութային պառլամենտը որոշեց ստանձնել նախագծի ղեկավարությունը:

«Ոսկե ծիրան» երրորդ կինոփառատոնի ժամանակ ներկայացվեցին մոտ 120 ֆիլմեր 43 երկրից: Մասնակիցների թվում էին համաշխարհային ճանաչում վայելող այնպիսի կինոգործիչներ, ինչպիսիք են` Մարկո Բելոկիոն, Տոնինո Գուեռան, Մոհսեն Մախմալբաֆը, Գոդֆրի Ռեջիոն և Արտավազդ Փելեշյանը, որոնց շնորհվեցին մրցանակներ կինոյում ունեցած վաստակի համար: Ավելի քան 110 օտարերկրյա հյուրեր մասնակցեցին փառատոնին, որոնց թվում էին կինոռեժիսորներ, դերասաններ, պրոդյուսերներ և դիստրիբյուտորներ: Կինոփառատոնը լուսաբանվեց միջազգային լրատվամիջոցների, մասնավորապես` EURONEWS, ARTE, KULTURA (Ռուսաստան) հեռուստաալիքների կողմից: Միջազգային ժյուրիները` Մորից դե Հադելնի (խաղարկային ֆիլմերի մրցույթ), Գոդֆրի Ռեջիոյի (վավերագրական ֆիլմերի մրցույթ) եւ Արսինե Խանջյանի («Հայկական համայնապատկեր» մրցույթ) ղեկավարությամբ շնորհեցին հետևյալ մրցանակները` «Ոսկե ծիրան» 2006 լավագույն խաղարկային ֆիլմի համար Հու Սյաո-սիենի «Երեք ժամանակ» ֆիլմին (Թայվան/Չինաստան/Ֆրանսիա), «Ոսկե ծիրան» 2006 վավերագրական ֆիլմի համար Միխայել Գլավոգերի «Աշխատավորի վախճանը» ֆիլմին (Ավստրիա) եւ «Ոսկե ծիրան» 2006 լավագույն ֆիլմին «Հայկական համայնապատկեր» մրցույթում Հրանտ Հակոբյանի «Մոռացված կղզիների բնակիչները» ֆիլմին (Հայաստան):

Չորրորդ «Ոսկե ծիրան»-ն անցկացվեց 2007թ-ի հուլիսի 9-14-ը: Կինոփառատոնի ժամանակ ներկայացվեց ավելի քան 120 ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից: Չորրորդ կինոփառատոնին Երևան ժամանեցին ժամանակակից կինոաշխարհի այնպիսի տաղանդավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են` Բրունո Դյումոնը, Լեոս Կարաքսը, Կառլա Կարապետյանը, Լի Չանգ-դոն, Անդրեյ Զվյագինցևը, Ավրորա Կուատրոկին, Չեկի Կարիոն եւ ալյոք: «Արտույտների ագարակը» ֆիլմի (փառատոնի բացման ֆիլմ) ռեժիսորներ Պաոլո և Վիտորիո Տավիանի եղբայրներին շնորհվեց մրցանակ կինոյում ունեցած վաստակի համար: Միջազգային ժյուրիները` Ան Չոն-սուկի (Հարավային Կորեա), Մարտին Շվայգհոֆերի (Ավստրիա), Վիգեն Չալդրանյանի (Հայաստան) ղեկավարությամբ շնորհեցին հետևյալ մրցանակները` «Ոսկե ծիրան» 2007 Ուլրիխ Զայդլի «Ներմուծում-արտահանում» ֆիլմին, Ավստրիա (խաղարկային ֆիլմերի մրցույթ), «Ոսկե ծիրան» 2007 Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմին, Հայաստան (վավերագրական ֆիլմերի մրցույթ) և «Ոսկե ծիրան» 2007 Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմին, Մեծ Բրիտանիա («Հայկական համայնապատկեր» մրցույթ): Վարդան Հովհաննիսյանը («Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից») ստացավ «FIPRESCI»-ի և Էկումենիկ ժյուրիի մրցանակներ, իսկ Կառլա Կարապետյանը («Ճչացողները»)` Էկումենիկ ժյուրիի խրախուսական մրցանակ:

Հինգերորդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվեց 2008թ-ի հուլիսի 13-20-ը, որին մասնակցության ավելի քան 450 հայտ էր ներկայացվել 67 երկրներից: Հանդիսատեսի դատին ներկայացվեց մոտ 160 ֆիլմ: Կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում էին Վիմ Վենդերսը, Էնրիկա Անտոնիոնին, Գորան Պասկալևիչը, Դարիուշ Մեհրջուին, Կատրին Բրեյան և ուրիշներ: Միքելանջելո Անտոնիոնիին, որպես հարգանքի տուրք, հետմահու շնորհվեց Փարաջանովյան թալեր: Վիմ Վենդերսին և Դարիուշ Մեհրջուիին շնորհվեց Փարաջանովյան թալեր համաշխարհային կինոյում վաստակի համար: Հինգերորդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական մրցանակակիրներն էին` Ռուսաստանից Աննա Մելիքյանը իր «Ջրահարսը» ֆիլմով («Ոսկե ծիրան» 2008 լավագույն խաղարկային ֆիլմ), Հոլանդիայից Մեյրա Աշերը իր «Կանայք շատ բան են տեսնում» ֆիլմով («Ոսկե ծիրան» 2008 վավերագրական ֆիլմ) և ԱՄՆ-ից Էրիկ Նազարյանը իր «Կապույտ ժամը» ֆիլմով («Ոսկե ծիրան» 2008 լավագույն հայկական ֆիլմին «Հայկական համայնապատկեր» մրցույթ): «FIPRESCI»-ի մրցանակը ստացավ Թուրքիայից Հուսեյն Կարաբեյը «Իմ Մարլոնն ու Բրանդոն» ֆիլմի համար, իսկ Էկումենիկ ժյուրիի մրցանակը շնորհվեց Էրիկ Նազարյանի «Կապույտ ժամը» ֆիլմին:

Վեցերորդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին (հուլիսի 12-19, 2009) մասնակցության ավելի քան 450 հայտ էր ներկայացվել 67 երկրներից: Մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվեց 150 ֆիլմ: Կինոփառատոնը լուսաբանվեց հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների 250 հավատարմագրված ներկայացուցիչների կողմից: Արդեն չորրորդ տարին է, ինչ փառատոնը լայնորեն լուսաբանվում է EURONEWS հեռուստաալիքի կողմից: Կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում էին կինոռեժիսորներ Ռոբ Նիլսոնը (ԱՄՆ), Կոհեյ Օգուրին (Ճապոնիա), Ալեքսանդր Ռոդնյանսկին (Ռուսաստան), Սերգեյ Սոլովյովը (Ռուսաստան), դերասաններ Էրիկ Պողոսյանը (ԱՄՆ), Արսինե Խանջյանը (Կանադա), պրոդյուսեր Ալեն Թերզյանը և այլոք: Միջազգային ժյուրիները` Կոհեյ Օգուրիի, Ալեքսանդր Ռոդնյանսկիի, Հայկ Բալյանի (Նեդերլանդներ) ղեկավարությամբ շնորհեցին հետևյալ մրցանակները`«Ոսկե ծիրան» 2009 Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը» ֆիլմին, Վրաստան (խաղարկային ֆիլմերի մրցույթ), «Ոսկե ծիրան» 2009 Անդերս Օսթերգորդի «Բիրմացի վիջեյը. ռեպորտաժ փակ երկրից» ֆիլմին, Դանիա (վավերագրական ֆիլմերի մրցույթ) և «Ոսկե ծիրան» 2009 Արկա Մանուկյանի «Սիրով և երախտագիտությամբ» ֆիլմին, Հայաստան («Հայկական համայնապատկեր» մրցույթ): «FIPRESCI»-ի մրցանակ ստացավ Օզջան Ալփերի «Աշուն» ֆիլմը և Էկումենիկ ժյուրիի մրցանակը Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը» ֆիլմը: Օզջան Ալփերի «Աշուն» ֆիլմին շնորհվեց հատուկ մրցանակ խաղարկային ֆիլմերի մրցույթի նախագահ Կոհեյ Օգուրիի կողմից: 

Յոթերորդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին (հուլիսի 11-18, 2010) մասնակցության ավելի քան 500 հայտ էր ներկայացվել 75 երկրներից, որոնցից ընտրվել էին և ցուցադրվեցին մոտ 120 ֆիլմեր: 45 ֆիլմ մրցում էին միջազգային 3 մրցույթներում, իսկ դրանք դատում էին 5 միջազգային ժյուրիներ: Հինգերորդ տարին անընդմեջ փառատոնը լայնորեն լուսաբանվեց EURONEWS հեռուստաալիքի կողմից: Կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում էին համաշխարհային կինոլեգենդ, իտալական կինոյի ամենավառ ու գրավիչ աստղերից Կլաուդիա Կարդինալեն, Ատոմ Էգոյանը, Սեմիհ Կապլանողլուն, Արմեն Մեդվեդևը, Ռոբ Նիլսոնը, Սստանիսլավ Գովորուխինը և այլոք: Միջազգային ժյուրիները` Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոնի(Իսլանդիա), Լուչանո Բարիզոնեի (Իտալիա), Արմեն Մեդվեդև (Ռուսաստան) ղեկավարությամբ շնորհեցին հետևյալ մրցանակները`«Ոսկե ծիրան» 2010 Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմին, Թուրքիա (Խաղարկային ֆիլմերի մրցույթ), «Ոսկե ծիրան» 2010 Պավել Կոստոմարովի «Երկուսով» ֆիլմին, Ռուսաստան (Վավերագրական ֆիլմերի մրցույթ) և «Ոսկե ծիրան» 2010 Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմին, Հայաստան («Հայկական համայնապատկեր» մրցույթ): «FIPRESCI»-ի մրցանակ ստացավ Յասմինա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը, իսկ Էկումենիկ ժյուրիի մրցանակը` Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը: Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ շնորհվեց Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ ֆիլմին, որը լավագույնը ճանաչվեց նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:



ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Directors Across Borders The Club The European Cultural Foundation