Տպավորություններ
ԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ
Կինոգործչի ուղևորությունը հայ կինոյի «տարածքներով»
1999-ին էր, երբ որպես Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչ և տարածաշրջանի կուրատոր հրավիրվեցի առաջին անգամ Վրաստան և Ադրբեջան այցելելու: Անկասկած, շատ տպավորիչ և անմոռանալի ուղևորություն էր ինձ համար: Ճանապարհորդությունից մի քանի օր առաջ, երբ Ամստերդամ-Թբիլիսի-Բաքու տոմսն արդեն գնել էի, հիշեցի կինոգետ Սուսաննա Հարությունյանին, ում առաջին անգամ հանդիպել էի մեկ տարի առաջ Բեռլինալեի ժամանակ: Հիշում եմ, թե ինչ եռանդով և հպարտությամբ էր նա պատմում գրեթե գոյություն չունեցող հայկական նոր կինոյի մասին: Հիշում եմ նաև հայ դասականներ Փարաջանովի և Փելեշյանի գլուխգործոցների մեր քննարկումները: Սուսաննա Հարությունյանը Բեռլինալեի պատվավոր հյուրերից էր, այն ժամանակ տարածաշրջանը ներկայացնող սակավաթիվ փորձագետներից մեկը: Հայաստանի համար դժվար ժամանակ էր. տարածաշրջանային պատերազմը նոր էր ավարտվել և երկիրը դեռ վերականգնման փուլում էր: Ես տեղյակ չէի, որ մշակույթի համար պատշաճ տեղ և ֆինանսներ դեռևս չկար, բայց այդ մասին ես քիչ գիտեի: Երբ զանգահարեցի Սուսաննա Հարությունյանին` տեղեկացնելու, որ մեկնում եմ կովկասյան տարածաշրջան, նա պնդեց, որ անպայման այցելեմ Երևան: Խոստացա, որ կզանգահարեմ, երբ ժամանեմ Թբիլիսի:
Սուսաննայի առաջարկն ինձ հանգիստ չէր տալիս: Այն ժամանակ Թբիլիսիից Երևան ճամփորդելը գրեթե անհնար էր (ճիշտ հոլանդացի հայտնի կինոռեժիսոր Յոս Ստելինգի ֆիլմի վերնագրի պես` «Ոչ շոգենավ, ոչ օդանավ»): Վրաստանի ընկերներիս համոզեցի, որ ինձ օգնեն հասնել Հայաստան: Մի հին Ժիգուլի վարձեցինք, վարորդն էլ վրաստանցի հայ էր: Ութ ժամ` երկու ժամ սահմանակետի ստուգումը ներառյալ, փոշոտ, քարուքանդ ճանապարհներով (այն ժամանակ ճանապարհներն ասֆալտապատ չէին) հասանք Հայաստանի սահմանին: Սա այդ ժամանակ կինոյի հետ կապված իմ արկածների միայն մի մասն է: Հիշում եմ գեղեցիկ բնապատկերները, բլուրները, դաշտերը, կովերին, ամենուր հրացաններով կանգնած զինվորներին: Սուսաննա Հարությունյանն ինձ ջերմորեն դիմավորեց Երևանում ՀՀ մշակույթի նախարարությունում: Գրասենյակի պատերին դեռևս Փարաջանովի 1989-ին Ռոտերդամի միջազգային կինոփառատոն կատարած այցից մնացած ազդագրեր էին փակցված: Այդ ժամանակվանից սկսած մենք կապ հաստատեցինք, որն էլ շարունակում էինք զարգացնել: Թեև իրականում Հայաստանում կինոարտադրություն չկար այդ ժամանակ, Երևանն ու Հայաստանն ընդգրկվեցին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի հետազոտությունների հետաքրքրության ցուցակում:
Մի քանի տարի անց պատիվ ունեցա լինել Չեխիայում անցկացվող Կառլովի Վարիի կինոփառատոնի միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ: Միջազգային ժյուրիի մրցանակներից մեկը ստացավ Հարություն Խաչատրյանի «Վավերագրողը» ֆիլմը: Բոլորիս շատ հաճելի եւ տպավորիչ էր անձամբ հանդիպել Հարություն Խաչատրյանին, քանի որ այդ ժամանակ Հայաստանից ֆիլմ դիտելը և ռեժիսորին հանդիպելը հազվագյուտ էր: Եվս մեկ կապ հաստատվեց Հայաստանի հետ, և այս երկու կապերը հետագայում վերաճեցին մասնագիտական համագործակցության:
2004-ին հոլանդացի հայտնի կինոգետ Պետեր վան Բուերենը և ես «Ոսկե ծիրան» առաջին երևանյան միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի միջազգային ժյուրիի առաջին անդամներից էինք: Այդ ժամանակ Երևանը անճանաչելի փոխվել էր դեպի լավը:
Կասկածից դուրս է, որ ի շնորհիվ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի` Հայաստանը վերադարձավ միջազգային կինոարտադրության քարտեզ, քանի որ «Ոսկե ծիրանի» հիմնադիրները (Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը և Միքայել Ստամբոլցյանը) ճիշտ ժամանակին էին նախաձեռնել այն: Նրանք ըմբռնում էին, որ անհնար է գրավել միջազգային կինոարտադրության մասնագետների ուշադրությունը և բերել նրանց Հայաստան` ունենալով սակավաթիվ և, անկեղծ ասած, ոչ բարձրորակ արտադրանք: Մի տեսակ հետխորհրդային վակուում կար և գաղափարների, և նրանց ներկայացման ձևի մեջ: Միակ բացառությունը Հարություն Խաչատրյանի ֆիլմերն էին, որոնք ամբողջ աշխարհից մրցանակներ էին հավաքում բարձր գեղարվեստական որակի և աշխարհը հեղինակի հատուկ աչքերով ներկայացնելու համար: Նրա ֆիլմերն էին, որ սկսեցին նորից դռներ բացել հայկական ֆիլմերի համար:
Վեց տարվա ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը շատ կարևոր և հայտնի մարդկանց է բերել Հայաստան` այցելության և աշխատանքի համար: Ո±վ չի տպավորվել Ատոմ Էգոյանի, Աբբաս Քիառոստամիի, Քշիշտոֆ Զանուսիի, Նիկիտա Միխալկովի, Սայմոն Ֆիլդի, Դեբորա Յանգի, Եշիմ Ուստաօղլուի, Բրունո Դյումոնի, Լեոս Կարաքսի, Ուլրիխ Զայդլի, Կատրին Բրեյայի և ուրիշների անուններից: Ավելին, փառատոնը նաև ստանձնել է հայ կինոյի զարգացմանը նպաստելու, ինչպես նաև ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների ռեժիսորների նոր սերնդին կրթելու դերը` «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումի միջոցով: Ինքս լինելով կինոարտադրության մասնագետ` պետք է խոստովանեմ, որ նման նախաձեռնությունների իրագործումն այնքան էլ հեշտ գործ չէ:
Ազգային կինեմատոգրաֆիան կարող է ներկայացվել միջազգային կինոփառատոնում կամ զուգահեռ ծրագրերում, կամ ֆիլմերից մեկը ներառելով միջազգային մրցույթում: Սակայն շատ երկրները բացի միջազգային կինոփառատոներից ունեն իրենց առանձին ազգային կինոփառատոները` աջակցելու համար ազգային ֆիլմերի ճանաչմանն արտաքին աշխարհում: «Ոսկե ծիրանի» դեպքում ընտրություն գրեթե չի արվում, քանի որ ազգային կինոարտադրանքն ամբողջությամբ` վավերագրական, կարճամետրաժ և թե անգամ հեռուստատեսային, հաճախ ցուցադրվում է միասին: Քանի որ Հայաստանում մինչև հիմա չկա քանակապես և որակապես ուժեղ կինոարտադրություն, ինչպես նաև ֆինանսական խնդիրների պատճառով, գոյություն չունի ազգային կինոփառատոն: (Նիդեռլանդներում ամեն տարի սեպտեմբերին կազմակերպվում է Նիդեռլանդների ազգային կինոփառատոնը): Եթե չկա ազգային կինոփառատոն, մարդիկ ինքնաբերաբար ակնկալում են, որ այդ պակասը պետք է լրացվի միջազգային կինոփառատոներով: Իրավիճակը նույնն է շատ նախկին խորհրդային երկրներում, ոորնք դեռևս չունեն ազգային կինոփառատոներ և գոյություն չունի ազգային կինոարտադրանքը ներկայացնող մարմին: Եվ քանի որ ֆիլմերի ընտրությունը միջազգային կինոփառատոնի պարագայում պայմանավորված է մի կողմից փառատոնի գեղարվեստական հայեցակարգի հետ եւ մյուս կողմից` միջազգային չափանիշներով, այն հաճախ հանգեցնում է անհիմն վիճաբանությունների և ըմբոստացումների: Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը հոլանդական ֆիլմերը ցուցադրում է լրացուցիչ «Dutch treats» ծրագրում: Եթե ֆիլմը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին ու մրցունակ է միջազգային շուկայում, այն ներառվում է «Tiger» մրցույթում:
Մեր օրերում փառատոները ողջ աշխարհում սնկերի պես շատանում են: Այս բազմաթիվ փառատոներն ունեն տարբեր գործառույթներ և իրենց սեփական դրամատուրգիան: Նրանցից շատերն օժանդակում են որևէ քաղաքի կամ տարածաշրջանի: Երևանի «Ոսկե ծիրանն» այն փառատոներից է, որը ճիշտ ուղու վրա է: Այն կատարում է ամենակարևոր առաքելություններից մեկը` Հայաստանը վերադարձնելով միջազգային կինոքարտեզ, նպաստելով ազգային կինոյի պրոպագանդմանը երկրից դուրս և Հայաստան բերելով ժամանակակից համաշխարհային կինոյի կարևոր ֆիլմերը, բեմադրիչներին և կինոգործիչներին: Սա շատ կարևոր է նաև հայ կինոբեմադրիչների համար, քանի որ նրանցից շատերը ճանապարհորդելու հնարավորություն չունեն: Առնվազն այս կերպ նրանք կարող են տեսնել արդի միջազգային կինոյի վերջին զարգացումները: Եվ եկեք հուսանք, որ փառատոնը նաև ի զորու կլինի շարունակել աջակցել երիտասարդ տաղանդների զարգացմանը «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում:
Եվ մի վերջին բան էլ: «Ոսկե ծիրանը» Հայաստան է բերում եվրոպական և համաշխարհային կինոֆոնդերի ներկայացուցիչներին, որոնք ամեն տարի փառատոնի առիթով գալիս են այստեղ` նոր նախագծեր և տարածաշրջանային նոր տաղանդներ որոնելու: Որպես Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Հյուբերտ Բալս» հիմնադրամի ներկայացուցիչ, որն աջակցում է Հարավային Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի կինոարտադրանքին, ամեն անգամ Երևան գալով ես ներկայացնում էի մեր հիմնադրամը, ինչն, անշուշտ, շատ օգտակար էր: Անձնական կապերը եւ զրույցները հայ, վրացի, թուրք և իրանցի կինոգործիչների հետ այն մասին, թե ինչպես են մեր (և այլ) հիմնադրամներն աշխատում, տվեց իր պտուղներն անցած վեց տարիների ընթացքում: Արդյունքում աջակցություն ստացան մի քանի հայկական նախագծեր:
Վերջին անգամ «Ոսկե ծիրան» այցելել եմ 2009-ին` մասնակցելով «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումին, որն աշխատում է երիտասարդ կինոգործիչների նախագծերի հետ: Մի կողմից շատ ոգևորիչ էր, քանի որ հանդիպում էինք մեծ թվով նոր, խանդավառ երիտասարդ կինոբեմադրիչների, որոնք բառացիորեն ծարավ էին իրենց ֆիլմերը նկարահանելու, տեսնելու իրենց նախագծերն իրականություն դարձած: Ինչպես հասկացա նրանցից, հայկական կինոարտադրությունը հեռու է երիտասարդ կինոգործիչների համար վարդագույն լինելուց, քանի որ նրանց հանդեպ լուրջ հետաքրքրություն չկա: Դա ինձ համար ավելի պարզ դարձավ, երբ եռօրյա աշխատանքային հանդիպման ժամանակ ոչ ոք չեկավ որևէ հայկական կինոարտադրական միավորումից (պետական կամ մասնավոր): Եվ ես տխրությամբ հասկացա, որ նոր տաղանդներն այստեղ են, հեռվից հրավիրվել են միջազգային փորձագետներ, բայց այդ ամենն անտեսվում է տեղական մակարդակով:
Սա նախկին կոմունիստական վարչակարգի այսպես ասած, “մանկական հիվանդությունն է”: Հայաստանն էլ բացառություն չէ: Եվ հաճախ դա նույնպես ճշմարիտ է, որ որքան փոքր է երկիրը, այնքան բաժանված է այն, այնքան շատ են կոնֆլիկտները, նախանձը և թյուրիմացությունը: Բայց կան նաև քչաթիվ լավ օրինակներ, ինչպիսիք են Էստոնիան, Սլովենիան կամ Բոսնիան: Նրանք համախմբում են իրենց ջանքերն ու էներգիան և իրենց նախաձեռնած միջազգային փառատոների օգնությամբ (կամ առանց դրանց) վերածնում են իրենց իսկ կինոարտադրությունը, հնարավորություներ ընձեռում իրենց երիտասարդ տաղանդներին, որոնք այժմ իրենց նոր ֆիլմերով հայտնի են ամբողջ աշխարհում:
Վերջին երկու տասնամյակում երիտասարդ կինոգործիչների նոր ալիքներ են հայտնվել Արևելյան Եվրոպայից: Ամենակարևորը Ռումինիայի նոր ալիքն է, բայց նաև չեխ, հունգարացի կամ վերջերս հայտնված լեհ կամ վրացի երիտասարդ կինոգործիչների նոր սերունդները: Ես համոզված եմ, որ մի քանի նոր թռչուններ կան, որ գարուն կբերեն նաև երիտասարդ հայ կինոյին: Որոշակի ժամանակ և ջանքեր կպահանջվեն` տեսնելու համար, որ նրանց ֆիլմերը միջազգային ասպարեզ են դուրս գալիս, սակայն քանի որ կա պոտենցիալ, կա նաև հույս: Սա նաև «Ոսկե ծիրանի» շնորհիվ է: Սիրելի հայեր և երևանցիներ, հպարտացե’ք ձեր հիանալի փառատոնով: Ես ինքս նույնպես հպարտանում եմ:
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՑՎԻԿՈՎԱ,
Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրերի պատասխանատու