Իրան
ԲԱՇՈՒՆ՝ ՓՈՔՐԻԿ ՕՏԱՐԱԿԱՆԸ
120 րոպե
1986
Տասնամյա Բաշուն որբանում է, երբ ռմբակոծվում է Պարսից ծոցի նրա գյուղը։ Բեռնատարի թափքում թաքնվելով՝ նա հասնում է Կասպից ծովի հյուսիս, որտեղ ցատկում է թափքից։ Այս խորթ հողի մարդիկ հակակրանքով են վերաբերվում փոքրիկ օտարականին՝ ծաղրելով նրա մաշկի գույնն ու առոգանությունը։ Նայը՝ մի կին, որի ամուսինը հեռվում է, գտնում է տղային և ընդունում որպես հարազատ որդու․․․

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Ալիռեզա Զարրին
Ռեժիսոր՝ Բահրամ Բեյզայի
Սցենարի հեղինակ՝ Բահրամ Բեյզայի
Օպերատոր՝ Ֆիրուզ Մալաքզադե
Նկարիչ՝ Իրաջ Ռամինֆար
Հնչյունային ձևավորողներ՝ Ջահանգիր Միրշեքարի, Ասղար Շահվերդի, Բեհրուզ Մոավենյան
Մոնտաժող՝ Բահրամ Բեյզայի
Դերերում. Սուսան Թասլիմի, Ադնան Աֆրավյան, Փարվիզ Փուրհոսեյնի, Աքբար Դուդքար, Ֆարրոխլաղա Հուշմանդ
Արտադրությունը՝ Instutute for the Intellectual Development of Children and Young Adults

Մրցանակներ
«Վենետիկի դասականներ» մրցանակ լավագույն վերականգնված ֆիլմի համար, Վենետիկի ՄԿՓ, 2025
Բահրամ Բեյզայի (1938-2025)
Իրանցի նշանավոր ռեժիսոր, դրամատուրգ և սցենարիստ, որը հայտնի էր իր պոետիկ պատմողականությամբ և պարսից պատմության ու դիցաբանության խոր իմացությամբ։ Իրանական «նոր ալիքի» առաջատար դեմքերից է: Մոտ 17 տարեկանից սկսել է դասերից փախչել ֆիլմեր դիտելու համար, որոնք այդ տարիներին Իրանում արագորեն մեծ ժողովրդականություն էին ձեռք բերում։ Սա միայն ավելի է խորացրել նրա անհագ հետաքրքրությունը կինոյի և տեսողական արվեստների նկատմամբ։ 1961–ին Բեյզային արդեն զգալի ժամանակ էր հատկացրել հին պարսկական և նախաիսլամական մշակույթի ու գրականության ուսումնասիրությանն ու հետազոտմանը։ Այս հետաքրքրությունները նրան ուղղեցին դեպի արևելյան թատրոնի, ինչպես նաև իրանական ավանդական թատրոնի և արվեստների ուսումնասիրություն, ինչը հետագայում օգնեց ձևավորել իրանական թատրոնի նոր՝ ոչ արևմտյան ինքնության տեսլականը։ Արդեն 1961–ին Բեյզային բազմաթիվ հոդվածներ էր հրապարակել գրակաության և արվեստի տարբեր հանդեսներում։ 1962–ին նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը (4 րոպե)՝ 8 մմ ժապավենով։ Հաջորդ երկու տարվա ընթացքում գրել է մի շարք պիեսներ և հրատարակել «Թատրոնը Ճապոնիայում» աշխատությունը։ 1972–ին Բեյզային կյանքի է կոչել իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Հեղեղը», որը մինչ օրս համարվում է իրանական կինոյի լավագույն գործերից մեկը։

Ֆիլմացանկ
Բեղ քեռին (կ/մ, 1970), Հեղեղ (1972), Ճանապարհորդություն (կ/մ, 1972), Օտարականը և մառախուղը (1974), Ագռավը (1978), Թարայի բալլադը (1980), Յազդգերդի մահը (1981), Բաշուն՝ փոքրիկ օտարականը (1986), Գուցե ուրիշ անգամ (1988), Ճանապարհորդներ (1992), Քիշի պատմություններ (կ/մ, 1998), Կատաղած շներին սպանելով (2001), Պերճախոս գորգը (կ/մ, 2006), Երբ բոլորս քնած ենք (2009):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Made on
Tilda