daily

Սամուել Խաչիկյան․ նա, ով սահմանադրություն բերեց

Հայերեն Daily #1
Շատերն ապշում են՝ տեսնելով նախահեղափոխական Իրանի լուսանկարները․ կարճ կիսաշրջազգեստներով և մինչև ծնկները հասնող երկարաճիտ կոշիկներով, գունագեղ հագուստներով կանայք շրջում են Թեհրանի լուսառատ փողոցներում՝ լի թանկարժեք մեքենաներով ու խանութներով։ Նույնը կարելի է ասել իրանական կինոյի մասին։ Եթե այսօր իրանական 10-րդ մուսան զուգորդվում է այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են Աբաս Քիառոստամին, Մոհսեն Մահմալբաֆը, Ջաֆար Փանահին և ուրիշները, ապա 50-60-ականներին իրանահայ ռեժիսոր Սամուել Խաչիկյանն էր (1923-2001) իրանական կինոյի լիիրավ արքան:

Խաչիկյանը իրանահայ համայնքի ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին անդամն էր, որ անգերագնահատելի հետք է թողել իրանական կինոյի պատմության մեջ։ Իրականում իրանական ամենաառաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Աբին և Ռաբին» (1930), նկարահանել է Հովհաննես Օհանյանը, ով ևս շատ աչքի ընկնող կերպար էր: Այնուամենայնիվ, 60-ականներին Խաչիկյանի համբավն ու ազդեցությունը պարզապես անզուգական էին։ 1953 թվականից մինչև 2001-ին իր մահը Խաչիկյանը նկարահանեց շուրջ երեք տասնյակ ֆիլմեր, որոնց մեծ մասը թրիլերներ և քրեական դրամաներ էին՝ ներշնչված 40-50-ականների ամերիկյան «նուար» ժանրի կինոնկարներով: 1979 թվականի հեղափոխությունից հետո նրա «արևմտամետ» ոճը, իհարկե, այլևս ողջունելի չէր, և թեև սկզբնական արգելքից հետո Խաչիկյանը մինչև վերջին օրը կինո էր նկարում, նրա համբավն ու վարպետությունն այդպես էլ լիովին չվերականգնվեցին:

Խաչիկյանի որոշ գործեր արդի աչքին գուցե հնացած թվան, սակայն կարևոր է հասկանալ այն համատեքստը, թե երբ և ինչպես են դրանք ստեղծվել: Խաչիկյանն իր գործի իսկական վարպետն էր՝ իրականացնելով բարդ միզանսցեններ և կինոխցիկի հետաքրքրագույն շարժումներ այնպիսի միջավայրում, որտեղ դրանց առանձնապես ուշադրություն չէր դարձվում։ Այսպիսով, ըստ էության, նա յուրատիպ սահմանադրություն բերեց իրանական կինո, որն այն ժամանակ մեծ մասամբ սահմանադրված չէր։

Սամուել Խաչիկյանի ծննդյան 100-ամյակի առթիվ նրա «Սարսափ» ֆիլմը կցուցադրվի Հենրիկ Մալյանի անվան թատրոնում հուլիսի 11-ին՝ 20:30-ին (ենթագրերը՝ միայն անգլերեն):

Արթուր Վարդիկյան