daily

Անսկիզբ ու անվերջ կյանք. «Երեք կայծ» ֆիլմի գրախոսական

Հայերեն Daily #2
Երեք կայծ (2023) / Միջազգային մրցույթ
Նաոմի Ուման
Մեքսիկա/Ալբանիա
13․07 12:30, 14․07 17:30 Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ

«Երեք կայծ» ֆիլմը դիտելուն հավասար կարդալ է պահանջում: Նաոմի Ումանի՝ նկարագրական գրերով լեցուն այս կիսափորձարարական վավերագրական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում, պատմում է Ալբանիա՝ Ռաբդիշտ գյուղ, նրա ճամփորդության մասին, որտեղ տեղացիները դեռևս ապրում են «Կանունի»՝ 15-րդ դարից եկած օրենքների և բարքերի ժողովածուի կանոններով: Ֆիլմը կարելի է, թերևս, լավագույնս բնութագրել որպես ազգագրական փորձարարական ուղեգրություն՝ բաղկացած երեք չափազանց տարբեր մասերից, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր ուրույն ոճով, որտեղ, ըստ էության, չկա սկիզբ, միջնամաս և վերջ՝ ճիշտ տեղացիների կենսակերպի նման:

Տեսնում ենք արագացված և արտասովոր պատկերներ Ումանի ճամփորդություններից, որոնց հաջորդում են 16 մմ-անոց ժապավենի վրա նկարված սև ու սպիտակ կադրերը՝ տեղացիները գյուղի իրենց առօրյա գործերով. չկան խոսքեր, միայն անըմբռնելի զրույցներ են և բնության ձայներ, որոնք միահյուսվում են ասես անվերջանալի ձայնային համայնապատկերում: Տեղական սովորույթների մանրամասն, հատկապես սեռական դերերին և նորմերին վերաբերող գրավոր նկարագրություններում մարդկային կերպարանքներն ասես թանգարանային նմուշների են վերածվում: Վերջապես «երրորդ կայծում» գույներն ու մարդկային խոսքը վերադառնում են, իսկ տեղացիները՝ լիովին կենդանանում, երբ տեսախցիկի «ձկան աչք» օբյեկտիվը շրջվում է ռեժիսորից դեպի գյուղացիները և հակառակը: Միջնադարյան բարքերն ու ընկալումները առավել քան գործուն են այս տեղանքում. երբ իր նախաձեռնողականությամբ աչքի ընկնող Ումանին տղամարդու տեղ են դնում, գյուղի երեխաներն են ստիպված լինում պաշտպանել նրան: Ումանը ո՛չ դատապարտում, ո՛չ հավանության է արժանացնում այս յուրատեսակ աշխարհընկալումը․ նրա ֆիլմը կենսակերպի խիստ անհատական ուսումնասիրություն է սոսկ, որն իրագործված է պատմողական վավերագրական ֆիլմերի ստեղծման բոլոր կանոնների հետաքրքիր անտեսմամբ:

Արթուր Վարդիկյան