daily

Սադրանքից լույս աշխարհ եկածը․ ինչպես 20 տարի առաջ ծնվեց «Ոսկե ծիրանը»

Հայերեն Daily #1
Այս պատմությունը բազմիցս հնչել է, բայց հարկ է հիշեցնել, որ ըստ էության՝ 20 տարի առաջ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ստեղծվել է ի հեճուկս մի մարդու: «Իմ «Վավերագրողը» ֆիլմը 2003-ին Հատուկ հիշատակման արժանացավ Կառլովի Վարիում, և օտարերկրյա ընկերներով տոնում էինք,- մտաբերում է «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։- Հանկարծ մի մարդ, որին չէի ճանաչում՝ հոլանդացի քննադատ Պետեր վան Բյուրենը, սկսեց շատ տհաճ բաներ ասել. «Հայաստանն ի՞նչ երկիր է, որ կինոփառատոն էլ չունի: Ա՜յ քեզ հիմարություն»: Անգլերեն ինչ հայհոյանք գիտեի, թափեցի գլխին ու հայտարարեցի, որ հաջորդ տարի բոլոր ներկաներին հրավիրում եմ Հայաստան՝ մեր փառատոնին»: Մնացածն արդեն պատմություն է: Ամենաառաջին «Ոսկե ծիրանը» տեղի ունեցավ 2004 թվականի հունիսի 30-ից հուլիսի 4-ը: Մրցութային ծրագրում ներկայացված էին ֆիլմեր միայն Հայաստանից և Սփյուռքից, իսկ արտամրցութային բաժնում նաև միջազգային կինոնկարներ կային:

Իհարկե, սա ուղղակի զվարճալի միջադեպ էր։ Իրականում եռյակը, որն ի վերջո հիմնադրեց «Ոսկե ծիրանը»՝ ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, սցենարիստ և կինոգետ Միքայել Ստամբոլցյանն ու կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը, առաջին անգամ չէր փառատոն ձեռնարկում: Դեռևս 1994 թվականի նոյեմբերին հայկական դեբյուտային ֆիլմերի փառատոն էին կազմակերպել, սակայն Խորհրդային Միության փլուզումից և Արցախյան առաջին պատերազմից հետո նորանկախ երկիրն այն վիճակում չէր, որ միջոցառումը շարունակական լիներ: «Հայֆիլմ» կինոստուդիան մահանալու վրա էր, իսկ այն հազվագյուտ կինոթատրոնները, որոնք քարուքանդ չէին արվել կամ շուկաների չէին վերածվել, տարեկան ընդամենը մի քանի ֆիլմ էին ցուցադրում: «Բավարար գումար չունեինք, որ կինոստուդիան վերականգնեինք կամ սկսնակ ռեժիսորներին ուղարկեինք արտասահման՝ սովորելու,- ասում է Խաչատրյանը,- դրա համար մտածեցինք, որ ամենաճիշտը միջազգային փառատոն անելն է»:

Սակայն ինչո՞ւ է փառատոնը կոչվել մրգի անունով: «Ես պատրաստ էի հողատարածքս գրավ դնելու, որ փառատոնն անենք,- բացատրում է Խաչատրյանը,- բայց իմացանք, որ հարուստ գործարարներից մեկն ուզում է ծիրաններին նվիրված միջազգային գիտաժողով կազմակերպել: Ձեռքներիցս բաց չթողեցինք այդ հնարավորությունը, առաջարկեցինք միջոցառումը փառատոնի մասը դարձնել և կոչել «Ոսկե ծիրան»: Շատ ուրախացավ ու խոստացավ 50000 դոլար նվիրաբերել: Ցավոք, ֆինանսական խնդիրների պատճառով ի վերջո 5000 դոլար կարողացավ հատկացնել: Գիտաժողովը չկայացավ, բայց անունը մնաց: Առաջին փառատոնի ընդհանուր բյուջեն կազմեց ընդամենը 16000 դոլար»:

Այնուհետև «Ոսկե ծիրանը» աճեց, զարգացավ՝ դառնալով այն, ինչ այսօր է: Բայց դեռ մի հարց կա, որ պետք է պարզել. Պետեր վան Բյուրենը, որ փառատոնի մեծագույն աջակիցներից մեկը դարձավ և 2008-ին անգամ հիմնադրեց «Ոսկե ծիրան» օրաթերթը, ուղղակի ծաղրո՞ւմ էր, թե՞ խորամանկ ծրագիր ուներ: «Պետերն ամեն ինչ այդպես էր անում,- մտորում է Սուսաննա Հարությունյանը։- Սադրելը նրա մեթոդն էր: Ոչ միշտ էր հաջողվում, բայց երբ հաջողվում էր, մինչև վերջ աջակցում էր»: Հնարավոր է, որ 2020 թվականին կյանքից հեռացած Պետեր վան Բյուրենը պարզապես հասկացել էր հոգեբանությունը մեծ ժառանգության տեր փոքրիկ ազգի, որ արդի աշխարհում դեռ չի կարողանում ամուր կանգնել հողին, բայց հուսահատորեն ձգտում է արժանի լինելու այդ ժառանգությանը: Անկախ նրանից՝ միտումնավոր քայլ էր դա, թե ոչ, Պետեր վան Բյուրենի սադրանքը տվյալ դեպքում պարարտ հող գտավ:

Արթուր Վարդիկյան