daily

«ԹԵԶԵՏԱ»․ Հուշեր Եթովպիայի մասին

Հայերեն Daily #1
ԹԵԶԵՏԱ (Արամազդ Գալայճեան/Գարեգին Պապոյան, Եթովպիա/Հայաստան), Երևանյան պրեմիերա, 8․07 16:30 Կինոյի տան Մեծ դահլիճ

Ամհարերեն «թեզետա» բառի բազմաթիվ բացատրություններ են հնչում, սակայն ամենահիշվողը, թերևս, բարձրաձայնում է համանուն վավերագրության վարող, սցենարի հեղինակ և համառեժիսոր Արամազդ Գալայճեանը․ «Միջանկյալ մի վիճակ, երբ անցյալի ուրվականները հպվում են ներկայի շոշափելիությանը»։ Այս իմաստով՝ սա հրաշալի վերնագիր է մի ֆիլմի համար, որն ուսումնասիրում է կյանքը հայ երաժիշտների՝ գրեթե դիցական կերպարների, որոնք ահռելի ավանդ են ունեցել եթովպական պատմության և մշակույթի մեջ, և հայազգի ու եթովպացի նոր սերնդի արվեստագետների, որոնք իրենց բաժին հասած ժառանգությամբ նոր՝ չբացահայտված տեղանքներ են թևակոխում։

Սակայն «ԹԵԶԵՏԱ»-ն շատ ավելին է։ Համառեժիսոր Գարեգին Պապոյանի հետ Գալայճեանը կյանքի է կոչում իր սրտի վաղեմի նախագիծը, որը մտահղացել էր դեռևս 2012-ին, եթե ոչ ավելի շուտ։ Սա նրա սիրո խոստովանությունն է հմայիչ քաոսային երկիր Եթովպիային և մասնավորապես նրա եռացող մայրաքաղաք Ադիս Աբեբային, որն ինքնին միջանկյալ վիճակում է. ինչպես ինքը՝ Գալայճեանն է ասում՝ «ոչ այնքան քաղաք է, որքան ընդարձակ գյուղ»։ Այս ֆիլմը, որտեղ ժողովված անուններն ու փաստերը բավարար են մի քանի հատոր գիրք լցնելու, իսկ հնչող եթովպական ջազը՝ ձեր «Շազամ» հավելվածը որոշիչ փորձության ենթարկելուհամար, երբեմն կարող է գերհագեցած թվալ, սակայն այն առույգ է միշտ և ոչ երբեք ձանձրալի։

Արթուր Վարդիկյան