Միտք էի անում՝ ի՞նչն է ֆիլմը ֆիլմ դարձնում։ Երևանի Կինոյի տանը դիտելով «Ոսկե ծիրան»-ի ֆիլմերից մի քանիսը՝ այս հարցը ծագեց՝ ստիպելով խորհրդածել, թե դա ինչպես է ազդում կինոյին տրված իմ գնահատականների ու տեսակետի վրա։ Դիտելով Շողակաթ Վարդանյանի «1489» և Ֆարա Կասեմի «Մենք ներսում ենք» ֆիլմերը՝ մտածեցի, թե ում համար է սա ավելի կարևոր՝ փորձնակի՞, թե՞ փորձառու ռեժիսորի։
Շողակաթ Վարդանյանի լիամետրաժ դեբյուտ «1489»-ը կարելի է անավարտ համարել։ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի օրերին Վարդանյանը սկսել է նկարել, թե ընտանիքն ինչպես է համակերպվում լուրին, որ նրա եղբայր Սողոմոնն անհետ կորել է զինվորական ծառայության ժամանակ։ Վարդանյանի երկամյա հետախուզությունը, որը համընդհանուր հուսահատության դրսևորում է և նկարվել է հեռախոսով, միտված է Սողոմոնին գտնելուն և ընտանիքի՝ դժվարությունը հաղթահարելու մարտավարություններն ի ցույց դնելուն։
«1489»-ի ստեղծման պատմությունը ենթադրում է՝ որոշ ստեղծարար ծրագրեր կյանքի են կոչվում միայն հանգամանքների բերումով։ Ֆիլմում ամբողջ խորությամբ պատկերված է ընտանեկան ողբերգությունը, կարող է սառնասրտություն թվալ զգացականության շեմը հատելը, բայց նախնական հուզական արձագանքը մոռանալը և ֆիլմի խորությունն ընդգծելը կարող ենչափազանց դժվար գործ լինել քննադատի համար ու դժվարհասանելի արժանիք։
Բայց ի՞նչն է «1489»-ը դարձնում ֆիլմ, ոչ թե պարզապես տեսանկարահանում. գուցե Վարդանյանի բնազդական ընկալումը, թե երբ պիտի նախապատվությունը տա պահին, ոչ թե կոմպոզիցիային։ Երբ նա ծնողների համար կարդում է պատերազմի ավարտի հայտարարությունը, տեսախցիկն անհետանում է հոր գիշերային շապիկի ու մազերի մեջ։ Պատերազմի այլանդակության մասին ֆիլմում գեղեցկության համար տեղ չկա, իսկ եթե կա էլ, շատ անսպասելի է նշմարվում։ Կարելի է նկատել տեսարանում, որտեղ հայրը շոյում է մոլորված ճնճղուկին. այդ պահը խորհրդանշական չէ, բայց հետադարձ հայացքով չարագուշակ է թվում։
Ինչպես որ Վարդանյանի «1489»-ը կարող ենք համարել ուսումնառություն (մի մասնագիտության մեջ, որով նա վստահ չէ՝ ուզում է զբաղվել, թե ոչ), Ֆարա Կասեմի «Մենք ներսում ենք» ֆիլմը (որի համար Տրիպոլիում ծնված և Բրյուսելում ապրող ռեժիսորը Հատուկ հիշատակման է արժանացել այս տարվա Visions du Réel-ում) կարելի է համարել ֆիլմ ուսումնառության մասին, որի կիզակետում Կասեմն ու հոր հետ հարաբերություններն են: Նա Կասեմից 50 տարով մեծ գրող է. դուստրը հոր բանաստեղծական հմտությունն է փորձում կրկնօրինակել։ «Մենք ներսում ենք» ֆիլմը Կասեմի լիամետրաժ դեբյուտն է, բայց «1489»-ի և այս ֆիլմի փորձառական և տեխնիկական կողմերը հստակորեն տարբերվում են։ Կասեմի ֆիլմում կադրերի մեծ մասը ներսից է արված՝ Տրիպոլիի ռազմականացված փողոցներին նայող դռներից կամ պատուհաններից։
«1489»-ը Վարդանյանի համար ողջամտությունը չկորցնելու միջոց է, այնինչ Կասեմի ֆիլմը հաջորդում է ռեժիսորի 2012 թվականի «Իմ հայրը նման է Աբդել Նասերին» գովասանքի արժանացած կարճամետրաժ ֆիլմին և հոր հետ ավելի ամուր կապ հաստատելու անվերջանալի փորձ է։ «Մենք ներսում ենք» ֆիլմը նկարահանվել է 7 տարի, տևում է գրեթե 3 ժամ և ժամանակի հոսքը շոշափելի դարձնում։
Իսկ այդպես կրկին անդրադառնում ենք առաջին հարցին, չէ՞։ Ի դեպ, «Ալ Ջազիրան» գնել է Կասեմի ֆիլմի իրավունքը, բայց այդ տարբերակը բնօրինակից երկու անգամ կարճ է։ Մինչև հաջորդ անգամ անձամբ հանդիպելը այս նամակը համարի՛ր այս ֆիլմերի մասին իմ ասելիքի «Ալ Ջազիրայի» տարբերակը։