daily

Անցնել սահմանը. «Անվերջ սահմաններ» ֆիլմի գրախոսական

Հայերեն Daily #2
Անվերջ սահմաններ (2023) / Տարածաշրջանային համայնապատկեր
Աբաս Ամինի
Գերմանիա/Իրան/Չեխիա
13․07 12:30 Կինոյի տուն Մեծ դահլիճ, 13․07 18:30, Մոսկվա կ/թ Կարմիր դահլիճ

Իրանցի ռեժիսոր Աբաս Ամինին ծնվել է Աբադանում՝ Իրանի հարավային Խուզեստան նահանգում գտնվող արաբախոս քաղաքում: Խուզեստանը գրեթե ամբողջովին ամայացել էր 1980-ականների Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում մի շարք հարձակումներից հետո, որոնք պատկերված են Բահրամ Բեյզայի «Բաշու․ փոքրիկ անծանոթը» ֆիլմում (1989): «Բաշուն» խուզեստանցի արաբախոս որբուկի մասին է, որն ապաստան է գտնում գիլակցի մի կնոջ ընտանիքում՝ Կասպից ծովի մերձակայքում: Դա Իրանի ամենասիրելի ֆիլմերից է, և Ամինիի վերջին ֆիլմը՝ «Անվերջ սահմանները», ասես բնական հղում լինի այդ կինոնկարին: «Անվերջ սահմաններ»-ում Ամինին մտահոգությունների կիզակետը տեղափոխում է Բելուջստան՝ մի տարածաշրջան, որ ներառում է Իրանի, Աֆղանստանի և Պակիստանի որոշ հատվածներ: Այնտեղ Ահմադը (Փուրիա Ռահիմի Սամ) աքսորված ուսուցիչ է, իսկ նրա կինը Թեհրանում բանտարկված է նույն հանցանքի համար: Ֆիլմը սկսվում է «Բաշու»-ի պես՝ համայնապատկերային, վավերագրական ֆիլմին հատուկ ճշգրտությամբ, երկխոսությունների և կարճ տեսարանների շնորհիվ աստիճանաբար ըմբռնում ենք տարածաշրջանում էլեկտրաէներգետիկ ճգնաժամը, տեղի փախստականների անմխիթար դրությունը և որպես ուսուցչի և աքսորյալի՝ Ահմադի նպատակներն ու մարտահրավերները:

Միջավայրին ծանոթացնելուց հետո ֆիլմն ուշադրությունը սևեռում է դեռահաս աղջկան, որին պարտքերի տակ կքած ընտանիքը վաճառել, կնության է տվել տարեց մի տղամարդու, և կենտրոնանում գյուղապետի որդու՝ Բալոջի հետ աղջկա ծածուկ սիրավեպի վրա: Բալոջն օգնում է փախստականներին Բելուջստանից հասնելու Իրան (որի մասին ֆիլմի հերոսներն այնպես են խոսում, ասես դա ուրիշ երկիր լինի), բայց հետաձգում է աղջկա և նրա ընտանիքի տեղափոխումը: Սյուժեն զարգանում է մեծ մասամբ տարատեսակ էթնիկ խմբերի կրոնական, սովորութային և մշակութային տարաձայնությունների շուրջ: Այս խնդիրների վրա երբեմն լույս են սփռում երկխոսությունները՝ երևան հանելով սյուժեն, որն ընդհանուր առմամբ հեշտընկալելի է, բայց ապշեցուցիչ բարդ առանձնահատկություններ ունի:

Ոճային առումով, սակայն, ցավալի է, որ ֆիլմում մեծ տեղ ունեն ձեռքով վարպետորեն արված, բայց ծեծված լայնէկրան կադրերը և սառը գունապնակը, որ դե ֆակտո դարձել են փառատոնային միջավայրի սիրելի արտահայտչամիջոցները: Նույնիսկ երրորդ մասում, որտեղ թրիլերային գիծը տեղը զիջում է գլխավոր հերոսների իրատեսական ուսումնասիրությանը, այն արդյունավետ է, բայց անդեմ: Չորս կերպարների փոխհարաբերությունները պիտի դիտողին ստիպեին մտորել, թե բանտարկության, աքսորի, ազգության և տան գաղափարները ինչպես են արձագանք գտնում տարբեր իրավիճակներում, բայց «Անվերջ սահմանները» կտրուկ ավարտվում է: «Բաշուն» իր տպավորիչ պարզությամբ սոցիալական դրամայից նուրբ արվեստագիտական ինքնարտահայտման է վերածվում, այնինչ «Անվերջ սահմաններ»-ում, ցավոք, այդ պահն այդպես էլ չի գալիս:

Ֆորեստ Կարդամենիս

Գրախոսականը գրվել է «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի Կինոքննադատների աշխատարանի շրջանակում: