daily

GAIFF Pro Critics Campus: «Ֆիդայական ֆիլմ»

Հայերեն Daily #2
հեղինակ՝ Ամարսանա Բաթուլգա

Պաղեստինցի կինոռեժիսոր Քամալ Ալժաֆարիի վերջին` «Ֆիդայական ֆիլմ» լիամետրաժ վավերագրությունը ոչ այնքան գտնված, որքան փրկված կադրերից ստացված ֆիլմ է։ Ներկայացնելով անշարժ և շարժվող պատկերների մի մեծ հավաքածու, որը 1982 թվականին Իսրայելի զինված ուժերը հափշտակել էին Բեյրութի Պաղեստինյան հետազոտությունների ​​կենտրոնից՝ Ալժաֆարին ստեղծում է, այսպես ասած, հակաարխիվ: Համակցելով փողոցներում անկենդան ընկած կամ ձերբակալված պաղեստինցիների սարսափազդու կադրերը, որտեղ նաև փամփուշտների անցքերով պատված շենքերը մեկը մյուսի հետևից հավասարվում են գետնին` Ալժաֆարին իր ֆիլմին առանցքային հրատապություն է հաղորդում՝ ընդգծելով շարունակական տառապանքի պատմությունը: Այնուամենայնիվ, ֆիլմի կինեմատոգրաֆիկ դիվերսիայի իրական էությունը Ալժաֆարիի և Յանիգ Ուիլմանի արտասովոր մոնտաժն է: Արխիվային նյութերը, որոնք ընդգրկում են շուրջ վեց տասնամյակ՝ Նակբայից մինչև Պաղեստինի բրիտանական մանդատը և անդին, համակցված են իսրայելական տեսալսողական քարոզչության և բռնազավթված տարածքներում նկարահանված մելոդրամաների հետ: Ալժաֆարին անընթեռնելի է դարձնում իսրայելցի զինվորականների և հետազոտողների կողմից տեսագրություններին ավելացված բոլոր ենթագրերը, ջնջում է ​​ֆիլմերի հերոսների դեմքերը՝ ուշադրություն հրավիրելու տեղանքին և այնտեղ սիրային պատմություններ նկարահանելու անհեթեթությանը, մինչ զույգերը շարունակում են նշել, թե որքան «հրաշալի» է իրենց վիճակը։ Նա կարմիր ուրվանկարներով է ներկում պաղեստինցիներին, նրանց հողերն ու գետերը, որպեսզի հիշեցնի անցյալ և ներկա արյունահեղության մասին: Այս կերպ նա պայքարում է իսրայելցի վերաբնակների՝ Պաղեստինը և նրա ժողովրդին մարդաբանական նշանների վերածելու և ցավալի հավաքական պատմությունը քողարկելու փորձի դեմ: «Ֆիդայական ֆիլմ»-ում վերականգնվում է տեսալսողական հիշողությունը, և արխիվային ֆիլմը ղողանջում է կենսական ուժով: