daily

«Սահմանափակումները դրդում են ստեղծագործելու»․ հարցազրույց Ալեքսեյ Ֆեդորչենկոյի հետ

Հայերեն Daily #2
Ալեքսեյ Ֆեդորչենկոյի ֆիլմերը հաճախ մեկտեղում են իրականն ու հորինվածը: 2005 թվականի «Առաջինները լուսնի վրա» ֆիլմում, որը պատմում էր 30-ականներին ԽՍՀՄ-ում մշակվող լուսնային ծրագրի մասին, նա կիրառում էր կեղծ խրոնիկալ կադրերի հնարքը: Մտեցումը գրեթե նույնն է «Ուլլե-Կալեի մեծ օձերը» ֆիլմում, որն ընդգրկված է 20-րդ «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցութային ծրագրում: Մշակութաբանական այս ֆիլմ-ճանապարհորդությունը սկսվում է նրանից, որ ռեժիսորը (կադրում հենց ինքը` Ֆեդորչենկոն է) հայտնաբերում է շուրջ մեկ դար առաջ կորսված ֆիլմերի ժապավեններ:

Իրականում բոլոր «գտնված շարժապատկերները», որոնք ֆիլմի ընթացքում կտեսնի հանդիսատեսը, նկարել է Ֆեդորչենկոն` ոճապատճենելով դարի սկզբի կինոն: Ռեժիսորը այս ժանրն անվանում է վավերագրական հեքիաթ: «Ուլլե Կալեի մեծ օձերը» երևի թե դրա ամենավառ նմուշներից է: «Ես շատ եմ սիրում այս ժանրը, գտնված ժապավենները,- պատմում է Ֆեդորչենկոն:- Նյութին ճշմարտացիություն է հաղորդում: Մի կողմից՝ մանրամասն վավերագրում եմ պատմությունը, փաստն եմ տեղ հասցնում: Բայց և դրամատուրգիայի համար մի փոքր շեղվում եմ՝ պատկերելով, թե իբր գտել եմ այդ ժապավենները»:

Նախորդ աշխատանքներում ռեժիսորը բազմիցս անդրադարձել է Ռուսաստանի տարածքով սփռված տարբեր էթնիկ խմբերին և նրանց մշակույթներին: «Ուլլե Կալեի մեծ օձերը» ֆիլմում նա առաջին անգամ պատկերում է Կովկասը և բացահայտում տարածաշրջանի անհայտ պատմությունը: «Կովկասի մասին բոլոր ֆիլմերը հիմնվում են Լերմոնտովի, Պուշկինի, Տոլստոյի վրա,- նշում է հեղինակը:- Ոչ ոք ավելին չի խորացել: Ֆիլմը փորձ է մարդկանց հասցնելու այլ` իրական, չհորինված պատմությունը: Միգուցե որպես հեքիաթ է ընկալվում, բայց այս ամենն իսկապես տեղի է ունեցել. Պուշկինին քարերով վռնդելը, Լերմոնտովի և Տոլստոյի վերաբերմունքն իսլամին, նկարիչ Զախարով-Չեչենեցը»:

Ֆիլմում միավորվում են բազմաթիվ սյուժեներ ու ոճային լուծումներ: Ռեժիսորին հաջողվում է յուրօրինակ ռիթմ հաղորդել, ճիշտ ժամանակին մի պատմական շերտից մյուսը ցատկել, որպեսզի դիտողը չմոլորվի պատմության լաբիրինթոսում: «Սկզբնական սցենարով պիտի ամբողջական ֆիլմ լիներ,- պարզաբանում է Ֆեդորչենկոն:- Միայն ռեժիսորական սցենարի վրա աշխատելիս մտածեցի, որ պետք է ինը մասի բաժանել: Հասկացա, որ խրոնիկալ տեղեկատվության հեղեղը ձանձրալի կլինի: Որոշեցի մասնատել ըստ «առաջին կինոյի» ժանրերի: Ուսումնասիրում էի անիմացիան, սալոնային կինոն, Լյումիերների մեթոդով նկարված վավերագրական կինոն: Կինոգիտական մեծ աշխատանք էր»:

Աբսուրդային ու զավեշտալի դրվագներին զուգահեռ կան դաժան և սարսափեցնող հայտնություններ: Այդ «ֆիլմի մեջ ֆիլմերում» կայսերական զորքերը բնաջնջում են չեչենական գյուղեր, գնդակահարում պացիֆիզմի գաղափարը քարոզող Կունտ-Հաջիի 164 անզեն աշակերտներին… Պատմության արյունալի էջերը երևան հանելու միջոցով հնարավոր է հասկանալ ներկան, գտնել այսօրվա չարիքի արմատները: Անգամ պատերազմների ու փակ աշխարհի պայմաններում Ֆեդորչենկոն շարունակում է աշխատել: Ինչպես ինքն է նշում. «Սահմանափակումները դրդում են ստեղծագործելու և նոր ուղիների որոնման»:

Ալեքսանդր Մելյան