daily

Ձայն լռության

Հայերեն Daily #3
Փոխազդեցություններ․ երբ կինոն նայում է բնությանը (2022) / Երևանյան պրեմիերա
Ֆաուզի Բենսադի/Բիկոկկի/Անն դը Կարբուչչա/Տակուման Կույկուրո/Օսկար Մեցավատ/Էրիկ Նազարյան/Բեթինա Օբերլի/Իդրիսա Ուեդրագո/Յուլենե Օլայսոլա/Ռուբեն Իմաս/Նիլա Մադհաբ Պանդա/Յանիս Ռաֆա/Իզաբելլա Ռոսելլինի/Էնդի Բայերս, Շվեյցարիա
15․07 18․00, Կինոյի տուն Մալյանի թատրոն

Նրբագեղ յագուարը սողեսող անցնում է գետի ափով, իսկ ավելի ուշ քիչ է մնում այրվի անտառային հրդեհի ճարճատուն կրակների մեջ։ Հնդկական գյուղերից մեկում մարդիկ քննարկում են փղերի նոր հարձակումների հավանականությունը։ Մարոկկոյի անապատում նկարահանման տաղավարում ձին ստիպված է քառատրոփ ուժասպառ վազել։ Իսկ ճապոնական Յակուշիմա կղզում ականջակալներով մի կին լսում է իրեն շրջապատող անտառի ձայները։ Ինչպե՞ս են կապված այս մարդիկ և վայրերը:

«Փոխազդեցություններ․ երբ կինոն նայում է բնությանը» ֆիլմի առաքելությունն է բանավեճ հրահրել բնության մեջ մարդու ներկայության հետևանքների մասին, բայց նախագիծը, որը միավորում է 14 կինոգործիչների աշխարհի բոլոր ծայրերից (ներառյալ այնպիսի դեմքերի, ինչպիսին է Իզաբելլա Ռոսելինին), ակնհայտորեն շատ ավելի հավակնոտ նպատակներ ունի: «Դուք չեք կարող բացատրել կյանքը․ կարող եք միայն հասկանալ»,- ասում է Ռիո դե Ժանեյրոյից մի ձկնորսի որդի՝ հիշելով հոր խոսքերը և կրկնելով այս ֆիլմի հիմքում ընկած փիլիսոփայությունը: Այն միավորող հիմնական կետը մարտահրավերն է այն գաղափարին, որ մարդկությունն այս մոլորակի գերագույն էակն է: Ավելի ճիշտ, եթե մենք չսովորենք լսել գիտնականներին, շուտով օվկիանոսում ոչ մի ձուկ չի մնա, իսկ անտառներում՝ ոչ մի կենդանի շունչ։ Մարդկանց և կենդանիների ներդաշնակ գոյակցությունը դեռևս հնարավոր է անթրոպոգենի ժամանակաշրջանում, բայց դրա համար մարդիկ պետք է ջանադրաբար սկսեն մտածել իրենց գործողությունների հետևանքների մասին։ Այս ամենը կարող է հնացած և ծեծված ճշմարտություն թվալ, բայց երբեք ավելորդ չէ դրա մասին կրկին բարձրաձայնելը:

Բարեբախտաբար, այս ֆիլմը չի սահմանափակվում միայն շրջակա միջավայրի պահպանման մասին կարգախոսներով, քանի որ այն, ինչ ցուցադրվում է, ավելի արժեքավոր է, քան այն, ինչ ասվում է։ Ստորջրյա ապշեցուցիչ կադրերը, լեռների և անապատների լայնածավալ համայնապատկերները, ծառերի կափ-կանաչ ծովի վրա ընկած լույսերը փիլիսոփայական խորհրդածության հիմք են ստեղծում՝ զուգահեռներ առաջացնելով Թերենս Մալիքի մեծարժեք աշխատանքների հետ։ Այս ֆիլմ-անթոլոգիայի որոշ դրվագներ հասնում են իսկական կինոմաքրության, երբ ստատիկ կադրն ու զնգուն լռությունն այլևս երաժշտության կարիք չունեն, այլ պարզապես իրենք են խոսում իրենց մասին: Հենց լռության ու մտորումների այս անկյուններում է, որ «Փոխազդեցություններ»-ը հանդիսատեսին կոչ է անում վերաիմաստավորելու մարդկանց և բնության փոխհարաբերությունները և բացահայտելու կյանքի որոշ թաքնված իմաստներ։

Իվան Ցուրկան