daily

Կինոքննադատների հանդիպումը Կլեր Սիմոնի հետ

Հայերեն Daily #3
«Ֆիլմ ստեղծելը սիրո պես բան է,- ասում է «Մեր մարմինը» ֆիլմի ռեժիսոր Կլեր Սիմոնը «Ոսկե ծիրան»-ի Կինոքննադատների աշխատարանի մեր երիտասարդ կինոքննադատների խմբին,- դու ինչ-որ մեկի հետ շատ ուժեղ կապի մեջ ես մտնում, իսկ հետո ամեն ինչ ավարտվում է»: Նա նկատի ունի այն էմոցիոնալ հարաբերությունները, որ ձևավորում է իր հերոսների հետ նկարահանման հրապարակում, և բնականոն կյանքին վերադառնալուց հետո նրանց հանդիպելու տարօրինակ զգացումը: Դա տեղին փոխաբերություն է, որը լիովին համապատասխանում է նրա ֆիլմի տեսական հիմքերին:

«Մեր մարմինը» վավերագրություն է փարիզյան հիվանդանոցի բաժիններից մեկի մասին, որը կենտրոնացած է բացառապես կանանց առողջության վրա: Մեզ հետ զրույցում Սիմոնը խոսեց նաև կինովավերագրության մեջ իր մոտեցումներում սուբյեկտիվն ու օբյեկտիվը հավասարակշռելու հետաքրքրության մասին: Ֆիլմի սկզբում Սիմոնը ձեռքի տեսախցիկով արված կերպարների աչքերով նկարահանումից սահուն կերպով անցնում է ստատիկ լայն կադրին, որտեղ երևում է՝ ինչպես է նա փողոցով քայլում՝ հիմք դնելով բազմաթիվ գեղագիտական գամբիտների համար, որոնք նա օգտագործում է ֆիլմի ընթացքում: «Ես երբեք երկար չեմ սևեռվում [մի հերոսի վրա],- ասում է նա,- ես շարժվում եմ։ Փորձում եմ հետևել մարմնի կարգին, մի մարմնի կապին մյուսի հետ»: Սիմոնը մանրամասնում է, որ նա հետամուտ է մարմնի կոլեկտիվ, կանացի լեզվին և, հետևելով տարբեր կանանց պատահական ժամանակագրությամբ, տանելով մեզ սեքսի և աբորտի առաջին փորձից մինչև մահ, նա կարողանում է համընդհանուր փորձ ստեղծել՝ բաց չթողնելով առանձնահատուկը:

Նա համաձայնել էր խոսել մեր խմբի հետ, որպեսզի խորապես ծանոթացնի մեզ իր ստեղծագործական գործընթացին, ինչպես նաև օգնի մեզ զարգացնելու հարցազրույցներ վարելու հմտությունները․ նա ոչ միայն խորաթափանց էր, այլև համարձակորեն խրախուսում էր մեզ՝ որպես քննադատների: Խոսելով մեզ հետ ակնառու կինովավերագրող Ֆրեդերիկ Ուայզմենի հանդեպ ունեցած իր մեծ սիրո մասին՝ նա պնդում է, որ ոչ մի քննադատ երբևէ իսկապես չի հասկացել նրան, և խրախուսում է մեզ լրջորեն մտածել վավերագրական ֆիլմերի մասին: «Ոչ ոք մի րոպե ավել չի մտածում, թե «ինչու է նա հիմա այս ֆիլմը նկարում»,- դժգոհում է նա իր իսկ քննադատներից, բայց դատելով նրանից, թե որքան առատաձեռն է նա իր խորաթափանցությամբ՝ չեմ կարծում, որ դրա համար շատ բան կպահանջվի, և ես ուրախ կլինեմ, եթե ինձ նորից հնարավորություն ընձեռվի:

Ջոշուա Բոգատին

Այս գրախոսությունը գրվել է «Ոսկե ծիրան»-ի Կինոքննադատների աշխատարանի շրջանակում: