daily

Հարցազրույց․ ՏԱԿԵՇԻ ԿԻՏԱՆՈ

Հայերեն Daily #3
Քիչ ռեժիսորներ կան, որոնք հավասարապես փայլել են իրարից արմատապես տարբերվող ոլորտներում, ինչպիսիք են կինոյի աշխարհն ու ժամանցը։ Տակեշի Կիտանոն նրանցից մեկն է: Կատակերգու, դերասան, ռեժիսոր, նկարիչ և գրող․ 76-ամյա Կիտանոն Ճապոնիայի եզակի արվեստագետներից է, որ մշտապես պաշտամունքային կարգավիճակ է ունեցել շնորհիվ հեռուստատեսային բազում ելույթների և կինոպատմության մեջ վիթխարի ներդրման: Նրան կարելի է ոսկե ձեռքեր ունեցող վարպետ անվանել:
Կատակերգական տաղանդով հայտնի Կիտանոյի համար հեշտ չէր անցում կատարել կինոյի ավելի մեծահարգ ձևին: Երբ նա մի օր սողոսկեց կինոթատրոն՝ տեսնելու, թե տեղի հանդիսատեսն ինչպես է արձագանքում իր բացառիկ դերակատարությանը Նագիսա Օշիմայի «Ուրախ Սուրբ ծնունդ, միստր Լորենս» (1983) ֆիլմում, կինոդիտողների վարքը տպավորեց նրան. բոլորն ինքնաբերաբար ծիծաղեցին, երբ սիրելի կատակերգուին տեսան էկրանին նման լուրջ ֆիլմում: Կիտանոն սակայն համառեց և իր դիրքն ամրապնդեց իբրև տաղանդավոր ռեժիսոր՝ հեռուստադիտողի դատին հանձնելով դասական ֆիլմեր, ինչպիսիք են «Դաժան ոստիկանը» (1989), «Եռման կետը» (1990), «Սոնատինան» (1993) և «Ոսկե առյուծի» արժանացած «Հրավառությունը» (1997). բոլոր ֆիլմերում ռեժիսորը հանդես է եկել նաև գլխավոր դերում: Աբսուրդի հասնող հումորի երանգներով համեմված և հիասքանչ անխռովությամբ ներկայացված գերդաժան տեսարաններով հարուստ ֆիլմերը հմտորեն մեկտեղում են ժանրային այլաբանությունը և գոյաբանական պատումները: Գերիրատեսականության և անհեթեթության խառնուրդը կարելի է Կիտանոյի ձեռագիրը կոչել, բայց կինովարպետը հաճախ բազմազանություն է մտցրել իր բեղուն ստեղծագործության մեջ, որն ընդգրկում է 20 ռեժիսորական աշխատանք և բազմաթիվ կինոդերեր:
Սամուրայների մասին պատմող «Զատոիչին» (2003) Կիտանոյին ներկայացնում է ավելի սթափ լույսի ներքո: Սա ճապոնական կինոյի գլուխգործոց է, որտեղ արձագանք է գտնում այնպիսի լեգենդների մեծությունը, ինչպիսիք են Ակիրա Կուրոսավան և Մասակի Կոբայաշին: Երկար սպասված «Վիզը» ֆիլմով, որի պրեմիերան տեղի ունեցավ այս տարվա Կաննի կինոփառատոնում, Կիտանոն վերադարձ է կատարում պատմական կինոժանրին՝ պատկերելով Սենգոկու շրջանի ավարտին մղվող լայնածավալ պատերազմները, երբ տիրակալ Օդա Նոբունագային գահընկեց անելու փորձերը հանգեցնում էին մեծաթիվ արյունահեղությունների: Իրական պատմական սյուժեն Կիտանոյի մտքում է եղել գրեթե 30 տարի: Նրա համբերատարությունը և ինքնախոհությունն իրենց արտահայտումն են գտել հյութեղ կանաչով, բոսորագույնով և մուգ կապույտով հագեցած «Վիզը» դիտարժան ֆիլմում, որի խիտ և լարված սյուժետային նյութը վարպետը կարողացել է տեղավորել ընդամենը երկու ժամում: Ճիշտ է, այս տարվա պատվավոր հյուր Կիտանոն չկարողացավ ներկա լինել վերջին գլուխգործոցի երևանյան պրեմիերային, բայց «Ոսկե ծիրան» օրաթերթի հետ սիրով զրուցեց «Վիզը» ֆիլմի և ռեժիսորական կարիերայի մասին:

Հաճախ Ձեր իսկ ֆիլմերի գլխավոր դերերում եք, ինչպես, օրինակ՝ «Վիզը» ֆիլմում: Ձեր կինոյում ինչպե՞ս եք համատեղում ռեժիսուրան և դերասանությունը:
Ամենաբարդն այն էր, որ Ճապոնիայում ի սկզբանե հայտնի էի որպես սթենդափ կատակերգու: Բեմերից շատերին էի ծիծաղեցրել, և դա մեծ ազդեցություն էր թողել հանրության ընկալումների վրա: Նույնիսկ երբ յակուձայի մասին լուրջ կամ էլ ինչ-որ սարսափ ֆիլմում էի հանդես գալիս, մարդիկ ծիծաղում էին, որովհետև սովոր էին ինձ տեսնել իբրև կատակերգու: Շատ երկար ժամանակ պահանջվեց, որ նրանց համոզեմ՝ ինձ այլ կերպ ընդունեն իմ նկարած ֆիլմերում և այնտեղ խաղացած դերերում:

Ի դեպ, հետաքրքիր է զգալ հումորը, որ ներդնում եք Ձեր աշխատանքներում: «Վիզը» շատ դաժան, բայց և շատ զվարճալի է:
Գիտե՞ք, երբ հարսանիքի կամ թաղման արարողության եք մասնակցում, երբեմն չեք կարողանում ծիծաղը զսպել, թեպետ իրադրությունը թույլ չի տալիս ծիծաղել: Նման ֆիլմերում, որոնք պատկերում են Սենգոկու շրջանի Ճապոնիայում տարածված դաժանությունը, թույլ են տալիս համարձակ ծիծաղել երևույթների վրա, որոնք իրական կյանքում զվարճալի չէին լինի: Իհարկե, եթե այդ ժամանակաշրջանում ապրեիք, հաստատ չէիք ծիծաղի դաժանության և սպանությունների վրա, բայց եթե դիտորդի աչքով նայեք, կարելի է: Սա է մեր մարտավարությունը. դաժան ֆիլմեր նկարել, որոնք նաև կծիծաղեցնեն ձեզ:

Վաղ շրջանի ֆիլմերում, օրինակ՝ «Դաժան ոստիկան»-ում կամ «Եռման կետ»-ում, դաժանությունը մի քիչ այլ եղանակով է ցուցադրվում՝ մոնտաժի հաշվին: Ամենադաժան տարրերը փաստացի չենք տեսնում: «Վիզը» փոփոխություն է մտցնում, քանի որ այնտեղ դաժանությունը շատ ավելի տեսանելի և բացահայտ է: Ի՞նչն է բռնության պատկերման փոփոխության պատճառ դարձել:
«Դաժան ոստիկան»-ի ու «Եռման կետ»-ի նման ֆիլմերում կադրը ճիշտ ժամանակին է ընդհատվում, որ հանդիսատեսն ավելի շատ մտորի հետևանքների մասին, մտածի, թե ինչ է կատարվում հաջորդիվ: Թույլ ես տալիս, որ ինքնուրույն պատկերացնի բռնության տեսարանը: Բայց քանի որ «Վիզը» պատմական ֆիլմ է՝ հիմնված պատմական փաստերի վրա, կատարվածը հստակ ներկայացնելու անհրաժեշտություն կա: Այլապես հանդիսատեսը, նույնիսկ Ճապոնիայում, պատմությունը չի հասկանա: Այդ իսկ պատճառով «Վիզը» տարբերվում է «Դաժան ոստիկանից» և «Եռման կետից», ու դա է պատճառը, որ չեմ օգտագործել նախկինում կիրառված ընդհատուն ոճը:

«Վիզը» շատ գեղեցիկ, գունագեղ ու պայծառ ֆիլմ է, մասնավորապես, երբ արյունը սկսում է հորդել, և կարմիրը ցողվում է էկրանին: Ի՞նչ կասեք Ձեր ֆիլմերի մասին՝ գեղեցկության տեսանկյունից:
Անցյալում հայտնի էի «կիտանոյական կապույտ»-ի համար, քանի որ կապույտն իմ կինոյում գերիշխող էր: Դա առանձնապես չի փոփոխվել տարիների ընթացքում, բայցևայնպես ամեն անգամ որոշակի գույն եմ հավելում այցեքարտ դարձած գունապնակին: Իսկ ծայրահեղ դաժանության դեպքում պիտի մի քիչ էլ կարմիր ավելացվի: Կարելի է ասել, որ սովոր ենք այդ ամենին և առանձնապես ջանք չենք թափում: Իմ օպերատորները գիտեն՝ ինչպես նկարեն և թե որ գույների կարիքն ունեն:

Հաշվի առնելով, որ նաև տաղանդավոր նկարիչ եք, կարելի՞ է ասել, որ համընկնումներ եք նկատում Ձեր ռեժիսորական և նկարչական աշխատանքների միջև:
Դե, չեմ կարծում, թե իմ գեղանկարներն առանձապես հզոր են: Ավելին՝ ինձ համար կինոն և նկարչությունը տարբեր բաներ են: Բայց գեղանկարչության հետ իմ հարաբերությունների մասին կասեմ հետևյալը. 1994-ին մոտոցիկլետով վթարի ենթարկվեցի, գլխիս սաստիկ հարված ստացա: Դրանից հետո ուղեղումս «պիկասոյական» փայլատակում եղավ, ու սկսեցի նկարել: Բայց ֆիլմ նկարելիս չեմ մտածում գեղանկարչության մասին: Իմ ֆիլմերը համարում եմ լուսանկարների շարք: Կինո նկարելը ֆոտոսեսիա անելու նման է:

Գրեթե մահացու այդ վթարը փոխե՞ց Ձեր ասելիքը կինոյում․ չէ՞ որ Ձեր կյանքը մազից է կախված եղել:
Անկեղծ ասած՝ կարծում էի, թե վթարը խոր հոգեբանական փոփոխությունների է հանգեցնելու: Բայց, ցավոք, առանձնապես բան չփոխվեց: Նույն հիմարն եմ հիմա, ինչ վթարից առաջ էի:

Վերադառնանք սիրուն և հոգատարությանը, որ ներդնում եք Ձեր գործերում: «Վիզը» ֆիլմում սամուրայների հագուստները շատ տպավորիչ են: Հագուստի ձևավորող Կազուկո Կուրոսավայի՝ Ակիրա Կուրոսավայի դստեր հետ աշխատել եք տարբեր նախագծերում՝ ներառյալ «Զատոիչի»-ն: Ձեզ համար ի՞նչ է նշանակում այդ համագործակցությունը:
Նկարահանումների ընթացքում նա հաճախ կանգնում է կողքիս: Տարբեր կերպ աջակցում է, նույնիսկ առաջարկում, թե ինչպես նկարեմ հագուստի հետ առնչվող հատվածները: Նաև երբեմն հուշում է, թե իր հայրն ինչպես կնկարեր տվյալ տեսարանը, և դա շատ օգնում է ինձ:

Հյուգո Էմերզաել