daily

Պատմության լուռ զոհերը․ «Լուռ տուն» ֆիլմի գրախոսական

Հայերեն Daily #2
Լուռ տունը (2022) / Տարածաշրջանային համայնապատկեր
Ֆարնազ Ժուրաբչյան/Մոհամադ Ռեզա Ժուրաբչյան
Կանադա/Ֆրանսիա/Իրան/Ֆիլիպիններ/Կատար
12.07 12:30, 13.07 19:30 Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ

Ընտանեկան պատմությունը հազվադեպ է սերտորեն կապված լինում երկրի պատմությանը: Ավելի հազվադեպ են այն դեպքերը, երբ այդ պատմության ամեն մի դետալ մանրամասն փաստագրվում է: Հենց այս հազվագյուտ իրողություններից մեկում էլ հայտնվեցին քույր ու եղբայր Ֆարնազ և Մոհամադ Ռեզա Ժուրաբչյանները: Շուրջ 500 ժամ տևողությամբ սիրողական նկարահանումներում նրանք կարողացել են որսալ իրենց ընտանիքի երեք սերունդների 40-50 տարիների կյանքն Իրանում և խտացրել 100-րոպեանոց «Լուռ տուն» վավերագրական ֆիլմում: Իսլամական հեղափոխության և դրա հետևանքների ֆոնին ընտանիքի անդամները դավեր են նյութում և դուրս են գալիս միմյանց դեմ՝ միևնույն ժամանակ շարունակելով ապրել Թեհրանում նույն առանձնատանը, որը հետաքրքիր զուգադիպությամբ ժամանակին պատկանել է Ռեզա շահ Փահլավիի չորրորդ կնոջը՝ թագուհի Էսմաթին: Ռեժիսորների տատիկի պնդմամբ՝ 1943 թվականին հենց այս տանն է նաև տեղի ունեցել Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի գաղտնի հանդիպումը Թեհրանի պաշտոնական կոնֆերանսից առաջ։ Ամեն դեպքում ներընտանեկան բանսարկությունները, որոնց վկան է դառնում այս տունը, որոշ չափով արտացոլանքն են երկրում իրական քաղաքական խաղերի և դավադրությունների․ ընտանիքի տարբեր անդամներ խմբեր են կազմում, մրցակցում են տան և ընտանիքի ճակատագրի վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնելու համար: Վիճակի վատթարացման գագաթնակետն ակներևաբար հեղափոխությունն ու հետհեղափոխական շրջանն են: Ընտանիքը ոչ միայն սեփական մաշկի վրա է զգում պատմության ընթացքը, այլև դառնում է դրա զոհը: Ուստի ամենևին էլ զարմանալի չէ, որ անցյալ տարվա նոյեմբերին Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոնում (IDFA) տեղի ունեցած պրեմիերայից հետո ռեժիսորներին այլևս արգելվեց հեռանալ Իրանից։ Այնուամենայնիվ, արգելքն այժմ կարծես թե չեղարկվել է, ինչը նշանակում է, որ Ֆարնազը և Մոհամադ Ռեզան կարող են կրկին միանալ իրենց ֆիլմի համաշխարհային ճամփորդություններին:

Արթուր Վարդիկյան