1996 թվականի «Խոստում» ֆիլմից ի վեր Կաննի կինոփառատոնի ազդագրերից չեն իջնում արդի եվրոպական կինոյի ամենահեղինակավոր և բելգիական կինոյի թերևս ամենանշանավոր գործիչների՝ Ժան Պիեռ և Լյուկ Դարդենների անունները։ Եղբայրներն իսկապես սրընթաց ներխուժեցին ու հաստատվեցին կինոաշխարհում՝ իրենց հետ բերելով նախորդ տասնամյակներում Ջոն Քասավետիսի, Քեն Լոուչի, Մորիս Պիալայի և այլ վարպետների ֆիլմերում հետզհետե հասունացած նատուրալիստական գեղագիտության ամենաբյուրեղացված արտահայտումը, որն այժմ ահռելի տարածում ունի եվրոպական կինոփառատոներում։ Ձեռքից նկարահանված երկար կադրերը, մինիմալիստական դրամատուրգիան և երաժշտության գրեթե լրիվ բացակայությունը Դարդենների՝ շատերին ոգեշնչած և բազմիցս կրկնօրինակված ձեռագրի ամենաակներև տարրերն են միայն։ Նրանց ֆիլմերը, որոնցից թերևս բոլորի գործողությունները ծավալվում են մեր օրերում եղբայրների հարազատ Սերեն քաղաքում՝ Բելգիայի Լյեժ շրջանում, միշտ կենտրոնանում են բացառապես մեկ կերպարի և վերջինիս բարոյական ընտրության վրա։ Կինոխցիկը, գեթ մեկ վայրկյանով չշեղվելով հերոսուհու դեմքի խոշոր պլանից, մեծ լարվածությամբ հետևում է երիտասարդ Ռոզետտային 1999 թվականի համանուն ֆիլմից, մինչ նա, ամեն ստորության պատրաստ, աշխատանք է փնտրում, իսկ 2005-ի «Երեխան» կինոնկարի գլխավոր հերոսը՝ մանր գող Բրունոն, միայն սեփական որդուն պահի քմահաճույքով վաճառելուց հետո է սկսում մարդ էակի նմանվել։ Դարդենները միանշանակ մեծ մարդասերներ են, սակայն երբեք չեն խորշում կյանքի ամենաստոր երևույթները ցուցադրելուց, անգամ միտումնավոր սևեռվում են դրանց վրա, որպեսզի ֆիլմի ընթացքում նշմարեն մարդկայինն այնպիսի կերպարների մեջ, որոնց հանդիսատեսն ամենօրյա կյանքում պարզապես կխուսափեր հանդիպելուց, այնինչ եղբայրների որոշ հերոսներ ջանում են հաղթահարել առաջնային՝ կենդանական ռեակցիան և կարեկցանքի եզրեր ստեղծել։
Վերոհիշյալ երկու ֆիլմերի շնորհիվ Դարդենները համալրեցին մեկ տասնյակը չգերազանցող եզակի կինոգործիչների ցանկը, որոնք երկու անգամ են արժանացել Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղին»։ Հուլիսի 9-ին կայացած բացման արարողության ժամանակ «Ոսկե ծիրանը» ևս իր հարգանքի տուրքը մատուցեց բելգիացի եղբայրներին՝ կինոյում ունեցած ավանդի համար պարգևատրելով նրանց «Փարաջանովյան թալեր» մրցանակով։ Ու թեպետ Դարդեններն արդեն Հայաստանում չեն, հանդիսատեսը դեռ հնարավորություն ունի փառատոնի ընթացքում (և փառատոնից հետո) մեծ էկրանին տեսնելու նրանց նվիրված հետահայաց ցուցադրությունների ծրագիրը։
Տպավորություն է, թե դուք ի սկզբանե գիտեիք՝ ինչ պիտի անեք և ինչպես։
ԼԴ․ Ո՛չ, դա անմիջապես չի եղել։ Մինչ «Խոստումը» երկու ֆիլմ էինք նկարել, որոնք այլ ոճի էին, և հատկապես երկրորդ ֆիլմն ավարտելով՝ հասկացանք, որ լիովին ձախողվել ենք։ Եվ այդ ժամանակ մենք մեզ ուղղակի հարցրինք՝ ինչ կինո ենք ուզում ստեղծել։ Որոշեցինք, որ այսուհետև մե՛նք կգրենք մեր ֆիլմերի սցենարները, կաշխատենք մեր ընկերների հետ, որոնք մեզ լավ են ճանաչում՝ անգամ հնչյունային օպերատորի դեպքում, այսինքն՝ ամեն ինչ ինքնուրույն կանենք։ Փորձեցինք հնարավորինս ազատ լինել։
Դերասանուհի Սեսիլ դը Ֆրանսը մի առիթով ասել է, որ դուք ասես «մեկ ուղեղով երկու մարմին» լինեք։ Անհամաձայնություններ չե՞ք ունենում։
ԺՊԴ․ Երկուսս էլ նույն ֆիլմերն ենք ուզում անել։ Սցենարը գրելուց առաջ շատ ենք զրուցում, փորձեր անում։ Այդ ամենը երկար եփման արդյունք է։ Մինչ բուն նկարահանումներին անցնելը մոտ մեկ ամիս դերասանների հետ փորձնական նկարում ենք։ Բայց եթե նկարահանումների ժամանակ դերասանը, օպերատորը կամ հենց մենք նոր տարր ենք գտնում, դա էլ ենք փորձարկում։
ԼԴ․ Փորձում ենք բաց լինել, որովհետև մեր ոճի գերին դառնալու ցանկություն չունենք։ Բայց ասելը հեշտ է, գործնականում ավելի դժվար է։ Ամեն դեպքում փորձում ենք։
Ձեր այդ ոճը շատ մեծ ազդեցություն է ունեցել վերջին երկու տասնամյակների եվրոպական կինոյի վրա, կարելի է ասել` դոմինանտ է դարձել։
ԺՊԴ․ Շատ ափսոս, եթե դոմինանտ է դարձել։ Բայց դա երևի կապված է նաև նրա հետ, որ արվեստագետի տեսած ֆիլմերը նրա, մեր այսօրվա իրականության մի մասն են դառնում։ Մեկս մյուսին ոգեշնչում ենք, և եթե մեր աշխատանքը մեկ այլ արվեստագետի օգնում է նկարահանման իր ձևը գտնելու, ուրեմն թող այդպես լինի։
ԼԴ․ Պետք է գողանալ ուրիշներից, բայց գողացածդ տուն բերել։ Եթե որևէ մեկից գդալ ես գողանում, պետք է հետո այդ գդալն օգտագործես քո բաժակի մեջ։ Բայց բաժակը քոնն է՝ չնայած նրան, որ գդալը գողացած է։ Իհարկե, եթե շատ մեծ գդալ է, գուցե դժվար կլինի այն բաժակի մեջ օգտագործել, բայց դա էլ է տարբերակ։
Միևնույն ժամանակ՝ ձեր ընտրած թեմաների և ոճի պարագայում շատ հեշտ է սխալ քայլ անել ու գեղարվեստական ստեղծագործությունը վերածել պրոպագանդայի կամ հրապարակախոսության։
ԼԴ․ Հուսով եմ, որ պրոպագանդայի սահմանագիծը չենք հատում։ Հատկապես մեր վերջին երկու ֆիլմերը՝ «Երիտասարդ Ահմեդն» ու «Թորին և Լոքիտան», անդրադառնում էին արդիական մի թեմայի՝ Բելգիայում և ընդհանրապես Եվրոպայում ներգաղթյալների հարցին։ «Թորին և Լոքիտան» կարող էր որպես հրապարակախոսություն դիտվել, որովհետև վերջում պատանի հերոսն ուղիղ ասում է․ «Եթե պետությունը մեզ փաստաթղթեր տար, այսպես չէր լինի»։ Եվ դա հենց այն ասելիքն է, որը մենք այդ ֆիլմով ուզում էինք փոխանցել։ Բայց ֆիլմը նախ և առաջ երկու հերոսների ընկերության մասին է։ Եվ ես շատ հուսով եմ, որ հենց դա է առաջին պլան գալիս։
Ճի՞շտ կլինի ասել, որ ձեր ֆիլմերը մեկ այլ սահմանագիծ են ուսումնասիրում՝ այն, որը մարդուն տարանջատում է կենդանուց։
ԺՊԴ․ Մարդկային խիղճն ենք փորձում ուսումնասիրել։ Օրինակ՝ «Խոստումը» ֆիլմի գլխավոր հերոսը օգնության ձեռք է մեկնում մի կնոջ, որի հետ ոչ մի կապ չունի, ու դրանով իսկ սեփական հորն է հակառակվում՝ իր արյունակցին։ Մարդասիրությունը մեր բոլոր ֆիլմերում այս կամ այն կերպ արտահայտվում է։ Եվ սա հատկապես դժվար էր գտնել «Երիտասարդ Ահմեդը» ֆիլմի դեպքում։ Ինչպե՞ս կարող է մի կերպար, որն ամբողջովին փակված է մի շրջանակի մեջ, տվյալ դեպքում՝ կրոնական ֆանատիզմի, դուրս գալ այնտեղից, փոխվել, ու ինչպե՞ս մեկ ուրիշը կարող է նրան փոխել։
ԼԴ․ Գրող Ամոս Օզն ասում է, որ պիտի կարողանանք ֆանատիկներին պատմել մի պատմություն, որն ավելի գեղեցիկ է, քան այն պատմությունը, որն իրենք են պատմում։ Դա այն է, ինչ մենք փորձեցինք անել։ Բայց դա շատ բարդ բան է։
Հաշվի առնելով այսօրվա իրավիճակն աշխարհում, երբ առնվազն Եվրոպայում 70 տարվա հարաբերական կայունությունից հետո ամեն ինչ կրկին վատթարանում է, ձեր մարդասիրությունն ու հույսն աշխարհի վրա և՞ս պրոյեկտվում են, թե՞ միայն ֆիլմերով են սահմանափակվում։
ԺՊԴ․ Շատ բարդ հարց է։ Իրականությունն ու արվեստի գործը նույն մակարդակի վրա չեն, նույնիսկ եթե վերջինս արտահայտում է իրականության դրվագներ։ Եվ միգուցե հենց դա է թույլ տալիս ունենալ ավելի հեռացված, ոչ այդքան մոտ հայացք և վերջնականապես չմերժել իրականությունը և չկորչել չարիքի մեջ։ Ավելի օտարված ստեղծագործական հայացքը թույլ է տալիս տեսնել ավելի լավը։ Բայց հենց դա չէ, որ կարող է փոխել իրականությունը, այլ, օրինակ, ուկրաինացիների դիմադրությունը կամ նման այլ դրսևորումները։
Բայց հենց արվեստն ու մշակո՞ւյթը չեն ձևավորում այդ դիմադրությունը։
ԼԴ․ Իտալացի գեղանկարիչ կար՝ Մորանդին, որ սեղանին դրված փխրուն առարկաների նուրբ նատյուրմորտներ էր անում։ Արվեստը հենց այդ փխրունությունն է։ Բռնությունը կարող է ամբողջովին ջարդուփշուր անել այդ փխրուն սեղանը․ արվեստը չի կարող հակազդել բիրտ ուժին։ Միևնույն ժամանակ արվեստը կարող է ժամանակի ընթացքում այդ սեղանի կոտրված առարկաները հավաքել, սոսնձել, վերականգնել, և մենք կհուզվենք այդ վերականգնված փխրունությունից։ Դա է արվեստի դերը․ ուժի դեմ իր փխրունությունն է կիրառում։ Պետք չէ հուսահատվել։
Արթուր Վարդիկյան