daily

Երկար նամակ կարճ ֆիլմերի մասին․ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի Կինոքննադատների աշխատարան

Հայերեն Daily #3
Սիրելի՛ Լևան և Անի,

Երբ ուսումնասիրում էի 20֊րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագիրը, ապշեցի, թե որքան շատ են տարածաշրջանային կարճամետրաժ ֆիլմերը, որոնց մեծ մասը, եթե ոչ բոլորը, երբևէ չեն ցուցադրվի իմ հայրենիքում՝ Միացյալ Նահանգներում։ Բավականին հազվադեպ է պատահում, երբ գնում ես կինոցուցադրության՝ չունենալով այդ ֆիլմի մասին նախնական պատկերացում։ Սովորաբար ես մինչ այդ լսած եմ լինում այլ կինոքննադատների կարծիքները կամ որոշ չափով ծանոթ եմ լինում ռեժիսորներին կամ նրանց ազգային և տարածաշրջանային կինեմատոգրաֆիային, բայց ո՛չ այս անգամ։ Դրանցից ոչ մեկը վրաս խոր տպավորություն չի թողել, բայց ասել, թե դրանցից ոչ մեկը չի դառնա փառատոնային իմ ֆավորիտներից, շատ պարզունակ մեկնաբանություն կլիներ։

Փառատոնը միշտ ավելին է, քան ցուցադրվող ֆիլմերը․ նաև տեղանքն է և համատեքստը։ Երբ վերջին օրերին շրջում էի Երևանում, ես սիրահարվեցի քաղաքի խաղաղ առավոտներին ու աշխույժ գիշերներին, տաք եղանակին և մառախլապատ զեփյուռին, ոչ թանկարժեք կոնյակին, որը կարծես թե միշտ սպառվում էր, նախքան հասցնում էինք գալ հավաքույթին։ Բայց ես նույնքան ցնցված էի նաև արժույթի փոխանակման կրպակների քանակի աճով և համապատասխան ժողովրդագրական փոփոխությամբ, որը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից շարունակվող ներխուժմամբ և այլ ճգնաժամերով։ Ես զրուցել եմ ոչ միայն հայերի, այլև իրանցի ներգաղթյալների, ռուսաստանցիների հետ, որոնք, իրենց համոզմունքներից ելնելով, հրաժարվում են զինծառայությունից, ինչպես նաև սիրիացի փախստականների հետ, որոնք հակված չեն «տեղացի» կոչվելուն։ ԵՆթադրում եմ, որ ձեզնից ոչ ոք չի զարմանա դրանից, և հավանաբար տեսել եք, որ այդ ամենը տեղի է ունենում նաև Վրաստանում, սակայն տարածաշրջանի վրա այս տեսանելի ազդեցությունն ամոթալիորեն անտեսվում է Արևմուտքում։

Այս համատեքստն իր ազդեցությունն ունեցավ ինձ վրա կարճամետրաժ ֆիլմերի դիտումների ժամանակ, որոնք գրեթե բոլորը լուսաբանում էին Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմը, որի վերքերն իհարկե ավելի երկարատև հետք են թողել, քան այդ իրադարձությունների լուսաբանումը ամերիկյան մամուլում։ Ես հասկացա, որ կինոքննադատից վերածվում եմ մարդաբանի՝ հետաքրքրվելով, թե ինչպես են այս ֆիլմերը, որոնք ներառում էին անձնական պատմությունների վերարտադրում («250 կմ») և որոշակի իրադարձությունների պատկերում («Քարեր»), արտացոլում հասարակ հայերի առօրյա մտահոգությունները:

Այնուամենայնիվ, չնայած հայկական մշակույթի հարստությանը, որի մասին են վկայում ամեն երեկո հրապարակներում հնչող երաժշտական կատարումներն ու բարձրորակ թանգարանները, թվում է, թե «Ոսկե ծիրանը» դեռ պայքարում է տեղացիների շրջանում լիարժեք իրադարձության կարգավիճակ ձեռք բերելու համար։ Բազմաթիվ ցերեկային ցուցադրություններ անգամ հայերեն ենթագրեր չունեին։ Սակայն ինձ զարմացրեց մեծ հետաքրքրությունը Կլեր Սիմոնի «Մեր մարմինը» ֆիլմի և հատկապես Լոիս Պատինյոյի համարձակ և փորձարարական «Սամսարա»-ի հանդեպ, որն այս փառատոնի ամենահետաքրքիր կինոնկարներից էր ինձ համար, հուսով եմ՝ ձեր երկուսիդ համար նույնպես։ Երկու ֆիլմերն էլ մեծ հաջողություն են ունեցել այլ վայրերում, և դրանց հաջողությունն այստեղ, հուսով եմ, վկայում է Սերգեյ Փարաջանովի և Արտավազդ Փելեշյանի հայրենիքում կինոյի մշակույթի ապագա երիտասարդացման մասին։ Գուցե հետագա ցուցադրություններում տարածաշրջանային կարճամետրաժ ֆիլմերը կբավարարեն ինձ որպես լիարժեք կինոնկարներ, այլ ոչ զուտ մարդաբանական արտեֆակտներ։

Լավագույն մաղթանքներով՝

Ֆորեսթ