daily

«Հիլդեից՝ սիրով»․ Հանուն ազատ հասարակության

2024-07-11 15:45 Հայերեն Daily #2
Հիլդեից՝ սիրով (Անդրեաս Դրեզեն, Գերմանիա, 2024), Երևանյան պրեմիերա, 11.07 19:00 Կինոյի տան Մեծ դահլիճ

Մի իրականությունում, երբ առաջադեմ համարվող եվրոպական երկրներում հետզհետե գլուխ են բարձրացնում ծայրահեղ աջակողմյան ուժերը, և ժողովրդավարությունը թվում է վտանգված, գերմանացի ռեժիսոր Անդրեաս Դրեզենի «Սիրով, Հիլդե»-ի նման ֆիլմերը դառնում են անհրաժեշտություն: Իրական իրադարձությունների հիման վրա նկարահանված պատմական այս դրաման, որի գործողությունները ծավալվում են 1942-1943 թթ. նացիստական Գերմանիայում, պատմում է Հիլդեի մասին, որը սիրահարվում և ամուսնանում է հականացիստական շարժումներից մեկի` «Կարմիր նվագախմբի» ներկայացուցչի հետ: Շուտով հերոսուհին նույնպես միանում է շարժմանը, որը գաղտնի պամֆլետներ է բաժանում և արգելված ռադիոալիքներ հեռարձակում` իրազեկելու գերմանական հասարակությանը, իսկ երբ խմբի անդամներին ձերբակալում և մահապատժի են ենթարկում, բանտում է հայտնվում նաև Հիլդեն, որ հղիության ութերորդ ամսում է:

Հակառակ բանտային գորշ իրականությանն ու դաժանությանը՝ Հիլդեն շարունակում է պայքարել իր և զավակի կյանքի համար` քաջ գիտակցելով, որ արժանանալու է գաղափարակից ընկերների ճակատագրին: Դրեզենի` ուժեղ կնոջ կերպար ունեցող հերթական ֆիլմը կամքի, տոկունության, հավատի և բարիք գործելու մասին է, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ընդվզումն ու ձգտումը դեպի ազատ հասարակություն գրեթե նույնքան գեղեցիկ են, որքան ինքնին ազատությունը:

Սոնա Կարապողոսյան