daily

«Չիրետտայի ավետարանը»․ Մերօրյա սրբի ծնունդը

Հայերեն Daily #1
Չիրետտայի ավետարանը (Կարոլինե վան դե Թանի, Իտալիա/Գերմանիա, 2024), Միջազգային մրցույթ, 9․07 20։00 Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ, 12․07 12։30 Կինոյի տան Մեծ դահլիճ

Չիրետտան երեք տարեկանից «սիրահետում է» Աստվածամորը։ Կարոլինե վան դեր Թանիի «Չիրետտայի ավետարանը» վավերագրության համանուն հերոսը՝ նեապոլցի աչքաբաց երիտասարդը, ամբողջ ֆիլմի ընթացքում կրակայրիչներ ու շոկոլադ է վաճառում և վաստակած գումարով սարքել է տալիս վիրավոր Տիրամոր ու խաչված Հիսուսի արձանիկներ, որ եկեղեցական տոնախմբություն կազմակերպի։ Այս ֆիլմը, ըստ էության, չունի ո՛չ սկիզբ, ո՛չ ավարտ։ Չիրետտան կարող է անցնել շուկաներով և հենց այնպես՝ պահի ազդեցության տակ, թեթև նեապոլիտանական երգեր երգել, նեղլիկ փողոցների երաժշտանման աղմուկը համալրել, և հանկարծ նրա երգը կարող է շարունակել անծանոթ վաճառականը։

Երկակիություն կա Չիրետտայի աչքերի փայլի մեջ․ նա միաժամանակ և՛ անմեղ մանուկ է թվում, և՛ խորամանկ փողոցային գող։ Տիրամոր պատվի՞ն է նա այս ամենն անում, թե՞ որովհետև իմացել է, որ իրեն շուտով վտարելու են իր վերնահարկից։ Գուցե պատահական չէ, որ նա մի պահ հիշում է մեղա եկող այն մարդասպանին, որին Հիսուսը մեղքերի թողություն է տալիս խաչի վրա։ Ծնված օրվանից տարբեր փորձություններով անցած Չիրետտան ևս միջնադարյան սրբի կյանքով է ասես ապրում․ նա չգիտի հորը, բայց գիտի, որ մայրը՝ «աշխարհի հնագույն մասնագիտության» ներկայացուցիչը, առնվազն 20,000 լիրա է ստացել իրեն ունենալու գործընթացի մեկնարկին։

Մերօրյա սրբի ձևավորումը ռեժիսորը ներկայացնում է իտալական այս հարուստ քաղաքի յուրատիպ ռիթմի մեջ․ ֆիլմը հոսում է, ինչպես փողոցային Նեապոլի ծույլ առօրյան։ Իսկ Չիրետտայի երգը չի մարելու մինչև տիտրերի ավարտը, որովհետև, ինչպես ինքն է ասում․ «Սա՛ է իրական Նեապոլը, ուրեմն այն չի կարող վերջանալ»։

Սոնա Արսենյան/Արթուր Վարդիկյան