daily

«Փառատոնում աշխատելը պետք է որ նշանակի անբավարարվածության մշտական զգացում»․ հարցազրույց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ

Հայերեն Daily #3
«Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական կինոփառատոնը մոտենում է ավարտին, և սկսվում են անխուսափելի մտորումները։ Ո՞րն է «Ոսկե ծիրան»-ի ժառանգությունը, և ի՞նչ ապագա է նրան սպասում։ Այս մտորումներն արդեն իսկ արտացոլված են փառատոնի այս տարվա կարգախոսում՝ «Հետ նայելով գալիքին»։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի կարծիքով՝ քսան տարին շատ չի թվում կինոփառատոնների պատմության համար, «թեև դա հսկայական նշանակություն ունի, քանի որ անկախ Հայաստանի Հանրապետության 33-ամյա ժամանակագրության զգալի մասն է կազմում»։ Նա նշում է․ «Մենք շատ ուրախ ենք, որ մեր փառատոնն այն եզակի մշակութային իրադարձություններից է, որը պահպանել է իր շարունակականությունը՝ յուրահատուկ հարթակի դեր կատարելով հեղինակային կինոյի ցուցադրման և խրախուսման գործում, որին պակասում են այլընտրանքային մոտեցումները։ Անցյալի պրիզմայով նայելիս կարող ենք արժեքավոր դիտարկումների հասնել, որոնք կուղենշեն մեր ապագայի տեսլականը»։

Փառատոնները կենդանի և շնչող երևույթներ են, դրանք փոխվում են ժամանակի ընթացքում և արտացոլում շրջակա աշխարհում տեղի ունեցող զարգացումները։ «Մի քանի տարի առաջ,- բացատրում է Ավետիսյանը՝ անդրադառնալով գեղարվեստական ղեկավարի պաշտոնում իր գործունեության տարիներին,- մենք որդեգրեցինք նոր տեսլական, ըստ որի՝ մեր ուշադրությունը տեղափոխեցինք Արևմտյան Ասիայի տարածաշրջան։ Այս որոշումը պայմանավորված էր մի քանի գործոններով, այդ թվում հարուստ պատմությունով, մշակութային կապերով, աշխարհաքաղաքական զգալի կարևորությամբ և համաշխարհային փառատոնային լանդշաֆտում համեմատաբար քիչ ներկայացվածությամբ։ Մենք հավատում ենք, որ այս տարածաշրջանի առանձնացումն ամենաարդիական և կարևոր ուղղությունն է, որի վրա պետք է կենտրոնանանք»։

Միաժամանակ «Ոսկե ծիրան»-ը ձգտում է դուրս գալու նաև կինոէկրանի շրջանակներից՝ այս տարի ներկայացնելով տպավորիչ ցուցահանդեսային ծրագիր, որն ընդգրկում էր երեք ցուցահանդեսների բացումները, կինոյի և արվեստի այլ ձևերի փոխհարաբերությունների ուսումնասիրությունը, հայկական կինեմատոգրաֆիայի պատմությունը և հայկական սփյուռքի ներկայացուցիչների փորձառությունները։ «Անձամբ ինձ համար,- ասում է Ավետիսյանը,- սա մեր այս տարվա փառատոնի ամենահետաքրքիր կողմերից է։ Մենք նախատեսում ենք, որ «Ոսկե ծիրան»-ը կներառի զուգահեռ ցուցահանդեսային հարթակ, որը կներկայացնի բազմազան ցուցահանդեսների ամենօրյա բացումներ՝ ստեղծելով երկխոսություն կինոյի և տեսողական արվեստի ձևերի միջև։ Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով փառատոնի այն հյուրերի թիվը, որոնք օժտված են ոչ միայն կինոյի, այլև ընդհանրապես տեսողական արվեստների ասպարեզում: Մեր նպատակն է ստեղծել բազմահարթակ և բազմամասնագիտական փառատոն, և հուսով ենք, որ առաջիկա տարիներին կստեղծենք հիմքեր այս նպատակի համար»։

«Ոսկե ծիրան»-ի քսանամյա պատմությունը նաև առաջ է քաշում այն հարցը, թե ինչ է լինելու հաջորդ քսան տարիներին։ Ավետիսյանի համար դա նշանակում է «շարունակել օգտագործել փառատոնային այցելուներին և կինոսերներին՝ գրավելու ամբողջ ներուժը»։ Ամփոփելով նա ասում է․ «Փառատոնի ինքնության մեր որոնումները շարունակական են, քանի որ մենք ձգտում ենք սահմանելու նրա էությունը։ Թեև քսան տարիները տվել են որոշակի կարևոր ուրվագծեր, սակայն ամբողջական պատկերը մնում է անավարտ։ Եվ դա իրականում շատ կարևոր է մեզ համար՝ մնալ մոտիվացված և հավակնոտ, քանի որ փառատոնում աշխատելը պետք է որ նշանակի անբավարարվածության մշտական զգացում, որը մեզ կստիպի ձգտել ավելիին»։

Հյուգո Էմերզաել