daily

«Դահոմե»․ Գաղութային սպիներ

2024-07-11 15:14 Հայերեն Daily #2
Դահոմե (Մատի Դիոպ, Ֆրանսիա/Սենեգալ/Բենին, 2024), Երևանյան պրեմիերա, 10-7 17։30 Կինոյի տան Մեծ դահլիճ

Այս տարվա Բեռլինալեի՝ բոլորից տարբերվող ֆիլմը, անշուշտ, Մատի Դիոպի որքան խորհրդավոր, այդքան էլ տեղեկություններով հարուստ «Դահոմե» վավերագրական ֆիլմն էր։ Ի վերջո դառնալով «Ոսկե արջ»-ի արժանի դափնեկիր՝ «Դահոմե»-ն ոգեկոչում է Դիոպի դեբյուտային «Ատլանտիկա» (2019) խաղարկային ֆիլմի շքեղությունն ու միստիցիզմը և այնպես համատեղում վավերագրական տրամաբանության հետ, ինչպես կինոյում հազվադեպ կտեսնեք: «Տեսնելն» այստեղ կարևոր բառ է, քանի որ ֆիլմն ամբողջությամբ կենտրոնացած է, թե ինչ տեղի կունենա, երբ ինչ-որ բան դնես արկղը և մթության մեջ ուղարկես հեռավոր երկրներ: Ինչպես «Ատլանտիկա»-ն ժողովրդական պատում է այն մասին, թե ինչպես են իրենց հայրենիքից հեռանալու համար օվկիանոսն անցնելիս սենեգալցի տղամարդիկ կերպարանափոխվում այլ արարածների՝ գուցե ոգիների, անգամ հրեշների, ի վերջո, իհարկե, ծովում կորած սիրահարների, այնպես էլ «Դահոմե»-ն պատմություն է փոփոխությունների մասին, որ տեղի են ունենում, երբ ամեն բան վերադառնում է «տուն»։ Կենտրոնանալով Դահոմեի թագավորության այն 26 թագավորական գանձերից մեկի վրա, որոնք Փարիզից վերադառնալու են իրենց բնօրրանը՝ ներկայիս Բենինի Հանրապետություն, «Դահոմե»-ն հետգաղութային պատմության մեջ բարձրացնում է մի ցավոտ հարց․ այլևս ի՞նչ նշանակություն ունեն այս երբեմնի գողացված արձանները, և ինչպե՞ս կփոխվի դրանց ազդեցությունը, երբ վերադառնան մի երկիր, որը և՛ հարազատ է, և՛ օտար։ Երբ Գեզո թագավորի արձանը կենդանանում է իր բեռնարկղի մեջ (որը գուցե իր դագա՞ղն է) ու սկսում խոսել, «Դահոմե»-ն ինքն է վերածվում կինոյի հսկա հրեշի, որ մխրճվում է մինչև հոգու խորքը։ Գեզո թագավորի գերբնական ձայնը, որը գրել և հնչյունավորել է հայիթեցի գրող Մաքենզի Օրսելը, այն բազմաթիվ օրինակներից է, թե ինչպես է այս ֆիլմը փոշիացնում ֆիլմերի ստեղծման ավանդական եղանակները՝ բացելով մի նոր կինոտարածություն քննարկման ու մտորումների համար:

Առեղծվածային հանճար Դին Բլանթի անսովոր երաժշտությունը, որը հիրավի շքեղ է իր մինիմալիզմով, օգնում է ընկալելու «Դահոմե»-ի խորամանկ ճշմարտախուզությունը: Դիոպը երբեք չի սահմանափակում իր տեսադաշտը, երբեք չի ընտրում հեշտ ճանապարհ, փոխարենը ընտրում է հռետորական մի շրջանակ, որտեղ այս հետգաղութային դիլեմայի ամեն մի փշոտ կողմ կարող է գոյակցել: Տեսեք, օրինակ, աֆրիկյան թագավորների դանդաղեցված կադրերը, երբ նրանք բարձրանում են պալատ՝ ականատես լինելու վերադարձված գանձերին, և համեմատեք այն այս մշակութային հայրենադարձության՝ քաղաքական ենթատեքստի մասին ընթացող ուսանողական բանավեճի հետ: Ավելի քիչ փորձառու ռեժիսորի ձեռքում այս երկու տեսարանները երկու տարբեր ֆիլմերից կթվային, բայց Դիոպի դեպքում դրանք լիովին միահյուսվում են, գուցե այն պատճառով, որ հիրավի հակասում են միմյանց: Իսկ վերջում կրկին օվկիանոսն է, և մենք հայտնվում ենք մոլորյալ սիրահարների ու կարոտողների մեջ։ Սա պատմություն է այնքան հին, որքան ժամանակը, և այն, ցավոք, լի է գաղութային սպիներով, որոնք հավերժ դաջվել են այս ափերին։

Հյուգո Էմերզաել