daily

Փանահի և վե՛րջ

Հայերեն Daily #3
Հուլիսի 11-ին՝ 64-ամյակի օրը, իրանցի վարպետ Ջաֆար Փանահին մուտք գործեց Երևանի «Common Ground» սրճարանի այգի, և նրան դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով։ Գրեթե 15 տարի տևած անազատությունից հետո նա առաջին անգամ հանրային հանդիպում ունեցավ «Ոսկե ծիրան» 2024-ի շրջանակում։ Փառատոնի փակման արարողությանը նրան ըստ արժանվույն կշնորհեն փառատոնի ամենահեղինակավոր պարգևը՝ «Փարաջանովյան թալերը»։

Հավանաբար կարելի է պնդել, որ ներկաների մի մասը երբեք չի դիտել Փանահիի ֆիլմերը կամ գուցե մեկ-երկուսն է նայել, բայց ռեժիսորի անունն ակնթարթորեն պատկառանք է առաջացնում։ Փանահիին պարուրում է հերոսի և իսկական արվեստագետի աուրան։ Նա անսասան ստեղծագործում է․ բանտարկությունը, տնային կալանքը բավարար հիմքեր չեն, որ նա լռի։ Հենց այստեղ էլ զուգահեռներ են առաջանում Փանահիի և Սերգեյ Փարաջանովի միջև՝ չնայած նրանց արմատապես տարբերվող կինոզգացողությանը։ Օրինակ՝ Փանահին հանդիպման ժամանակ իրեն նկարագրեց իբրև «սոցիալական կինոռեժիսոր»։ Փարաջանովը հավանաբար շիկացած ածուխի վրայով կքայլեր, քան իրեն կկապեր որևէ կոնկրետ սոցիալական հարցի կամ քաղաքական երևույթի։

Փանահիի կինոն ձևի լիակատար ազատության և հետհեղափոխական Իրանում հակասություններին առնչվող խնդիրների մշտական քննության ապշեցուցիչ միաձուլումն է։ Բայց այս երկու վարպետների հատման կետը արվեստագետի ճակատագրի և առաքելության ընդհանուր ընկալումն է։ Փարաջանովը նախկին կնոջը՝ Սվետլանային, բանտից ուղարկված բազում նամակներից մեկում առօրեաբար գրում է․ «Գիտեմ, թե ինչ է կատարվում, ու ինչքան ցավ եմ պատճառել ձեզ։ Բայց դա անխուսափելի է, որովհետև ես հասկացել եմ, որ սա ես եմ»։ «Common Ground»-ում Փանահին հարցերին պատասխանելիս մեծ մասամբ հանգում էր նույն գաղափարին՝ սա ես եմ ու ոչինչ չեմ կարող անել։ «Ինչո՞ւ եք շարունակում Իրանում ֆիլմեր նկարել», «Ինչո՞ւ չեք հեռանում Իրանից», «Ինչպե՞ս եք հաջողեցնում նկարահանել նման պայմաններում». բոլոր հարցերի պատասխանը շատ պարզ էր․ «Ես սիրում եմ Իրանը, ինձ այլ տեղ չեմ պատկերացնում», «Պարզապես վերցրինք տեսախցիկն ու փոքր բյուջեով ֆիլմ նկարեցինք։ Պարտադիր չէ, որ պրոֆեսիոնալ տեսախցիկ լինի»։ Իսկ 2015 թվականի «Տաքսի» ֆիլմի մասին խոսելիս նշեց․ «Չէի կարողանում ֆիլմեր նկարել, ես էլ մտածեցի, որ կարող եմ տաքսու վարորդ լինել, սակայն իմ ներսի կինոռեժիսորը հանգիստ չնստեց, ու տեսախցիկ տեղադրեցի տաքսու անկյունում»։

Մի ուսանող խորհուրդ հարցրեց, թե իր հետագա ֆիլմերն ինչպես ավելի ճշմարտացի և արժանահավատ դարձնի՝ Փանահիի ֆիլմերի բնականությանը մոտ։ Ռեժիսորի ծավալուն պատասխանը կարելի է ի մի բերել նրա նախնական պնդմամբ, որ «պարտադիր չէ՝ ֆիլմերը ռեալիստիկ լինեն, ուղղակի դրանցում պիտի դուք լինեք»։ Նույն կերպ՝ Փանահիի առաքելությունը նրա հայտնի ընդվզումը չէ ճնշող քաղաքական համակարգի դեմ, դա պարզապես անխուսափելի կողմնակի հետևանք է։ Նրա ճշմարիտ կոչումն այս անվերջանալի փնտրտուքի մեջ ինքն իրեն գտնելն է ու հնարավորինս խորությամբ դա արտահայտելը։ Իսկ երբ կոչումը բախվում է ամենածանր հանգամանքների պատնեշին, ինչպես Փանահիի և Փարաջանովի դեպքում, ավելի հստակ է դառնում, և ո՞ր մի խելամիտ մարդը չի երազի դրան հասնել։

Արդյունքում Փանահիի կյանքն ու կարիերան, թեպետ բարդ ու ծայրահեղ սրտակեղեք, երբեմն էլ բավականին վտանգավոր են եղել, դասավորվել են միակ հնարավոր եղանակով, ինչպես և Փարաջանովինը․ Փանահին դրա հետ ուղղակի ոչինչ չէր կարող անել։ Թեպետ այդ հարցը չհնչեց, բայց կարող ենք գրազ գալ, որ ռեժիսորը կասեր, թե լրիվ նույն ճամփան կընտրեր, եթե այլընտրանքը լիներ սեփական անձին դեմ գնալը կամ որոշ ժամանակ թաքնվելը։ Սա արվեստագետի քաջությունն է՝ իր ամբողջ գեղեցկությամբ, և ժամանակակից կինոյի ամենակարկառուն վարպետներից մեկը և, անշուշտ, լեգենդ դառնալու անշեղ ճանապարհը։ ԱՎ

Ջաֆար Փանահիի վերջին «Ոչ մի արջ» (Իրան, 2022) ֆիլմը, որը Վենետիկի ՄԿՓ-ի Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել, կարող եք դիտել 14․07-ին՝ 18։30-ին, Կինոյի տան Մեծ դահլիճում։