Ես չեմ (2021) / Միջազգային մրցույթ Թոմեր Հայման Իսրայել/Գվատեմալա 10․07 12։30, 11․07 17։30 Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ
Գվատեմալայում ծնված Օրենը ընդամենը մի քանի ամսական էր, երբ նրան որդեգրեցին իսրայելցի ամուսիններ Էհուդն ու Դեբորան: Տարիներ անց ծնողները նկատեցին, որ տղան արտասովոր վարք է ցուցաբերում: Երկար փնտրտուքից հետո բժիշկները եկան այն եզրակացության, որ Օրենն ունի Ասպերգերի համախտանիշ: Ռասայական խտրականությունը, բժշկական անդադար հետազոտությունները, բազմակի սխալ ախտորոշումներն ու թերի բուժումը միայն վատթարացնում էին տղայի հոգեկան առողջությունը՝ խորացնելով ինքնանույնականացման խնդիրները:
Իսրայելական «Ես չեմ» ֆիլմի ռեժիսոր Թոմեր Հայմանին հաջողվում է սառնասրտություն և հավասարակշռություն պահպանել. պատմությունն ինքնին զգացմունքային է, կարիք չկա գույները խտացնելու: Փոխարենը ֆիլմը շատ լավ ըմբռնում ու ասես յուրացնում է հերոսի անհանգիստ էությունը: Հասարակությունից օտարված Օրենն ուղևորվում է Գվատեմալա`իր կենսաբանական ծնողներին գտնելու: Ռեժիսորը, չիմանալով, թե ուր կտանի պատմությունը, ուղղակի գնում է տղայի հետևից ու վավերագրում նրա ճամփորդությունը: Այդպես ֆիլմը վերածվում է հայրենի տան որոնման ոդիսականի:
Հայմանը ֆիլմում ներառում է հենց հերոսների կողմից նկարված կադրեր: Առաջին հերթին դա ընտանեկան քրոնիկոնն է: Տեսնում ենք Էհուդի տեսաօրագիրը, որ նա վարում էր տարիներ առաջ: Արխիվային կադրերն օգնում են բացահայտելու ընտանիքի պատմությունը, ներգրավվելու մարդկանց կյանքի մեջ: Ծնողների իրավիճակը բարդ է, բայց պատասխանատվություն ստանձնելուց հետո հետադարձ ճանապարհ չկա: Մենք հայտնվում ենք ծայրահեղ անձնականության գոտում․ սերն ու հոգատարությունը տարածք են կիսում ցավի ու մեղավորության զգացման հետ:
Այսօր արդեն ինքը` Օրենը, տեսախցիկը ձեռքից բաց չի թողնում. երազում է ռեժիսոր դառնալ: Ժամանակ առ ժամանակ մենք աշխարհին նրա կինոխցիկի օբյեկտիվի միջով նայելու հնարավորություն ենք ստանում: Այդ սիրողական կադրերի մեջ է կինոյի ամբողջ պարզությունը: Տեսախցիկը տղայի համար շրջապատի հետ հաղորդակցվելու այլընտրանքային միջոց է դառնում: