Սև այգին (Ալեքսի Պազումյան, Ֆրանսիա/Բելգիա, 2024 թ․), Երևանյան պրեմիերա, 11․07, 17:00 Կինոյի տան Մեծ դահլիճ
Կարծես ուսումնասիրելով, թե ինչպես են հակամարտությունները մշտապես վերարտադրվում, Ալեքսի Պազումյանն իր այս տխուր վավերագրական ֆիլմով ցույց է տալիս ժամանակի թակարդում հայտնված երկիրն ու այնտեղ ապրող ժողովրդին։ Գրամաֆոնի վրա խազված սկավառակի պես «Սև այգի»-ն ներկայացնում է բռնության և տառապանքի այն բոլոր կրկնվող ցիկլերը, որոնք վերջին տասնամյակներում վիճակվել էին Արցախի բնակիչներին։ Ֆիլմն արդարացիորեն ներկայանում է որպես յուրատեսակ վերջաբան և տխուր մտորումներով ամփոփում այդ բոլոր տարիները, որոնք հիմա դարեր են թվում։
Նույնիսկ Երևանի հիասքանչ տեսարանները, որոնք բացվում են Կասկադից, հայելու պես ցավոտ արտացոլում են հակամարտությունը վերապրած երկու երիտասարդների ծանր ապրումները, որոնք, նայելով քաղաքին, վերհիշում են այն վայրը, ուր այլևս չեն կարող վերադառնալ։ Կորստի այս սրտաճմլիկ զգացողությունն է՛լ ավելի է ուժգնանում երաժշտության շնորհիվ, որը ֆիլմին հաղորդում է ավելի հարուստ երանգ, քան զուտ ողբերգության մասին պատումն է։ Փարիզում բնակվող հայազգի ռեժիսոր Պազումյանի սուր կողմնակի հայացքը ֆիլմում բացահայտում է ևս մեկ կարևոր շերտ։ «Սև այգի»-ն նաև արտացոլում է պատերազմական իրողությունների ցավալի և անխուսափելի կողմնակի հետևանքները. երեխաները սովորում են զենք գործածել, երգում ու պարում են ռազմահայրենասիրական երգերի տակ։ Նրանք մշտապես զգում են թշնամու ներկայությունը, ինչը նրանց զրկում է այլ պատմությունների մասին մտածելու, այլ երազանքներ ունենալու կամ այլ աշխարհներ երևակայելու հնարավորությունից։ Միակ բանը, որ նրանք դեռ ունեն, իրենց սև այգին է, նույնիսկ եթե այլևս չեն կարող ֆիզիկապես բնակվել այնտեղ։