daily

«Նևադա»․ Խավարի թագավորություն

2024-07-11 15:01 Հայերեն Daily #1
Նևադա (Խուան Մատիաս Մուսա/Աննա Տյուրինա, Արգենտինա, 2023), Միջազգային մրցույթ, 10.07 10:00 Կինոյի տան Մեծ դահլիճ, 17։30 Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ

Խուան Մատիաս Մուսայի և Աննա Տյուրինայի «Նևադա»-ն անդրադառնում է հետադիմական գյուղում կնոջ տեղի և դերի թեմային: Գլխավոր հերոսուհի Շուրան ծանր իրադրության մեջ է: Ամուսինը տունն այրելուց հետո հայտնվել է հոգեբուժարանում: Փտող հասարակությունը՝ խիստ ու պահանջկոտ սկեսուրի մարմնավորմամբ, թույլ չի տալիս ազատվել «ավանդական արժեքների» կապանքներից: Գյուղում դեռևս իրական ազդեցություն ունեցող եկեղեցին վերահաստատում է կարգը՝ կինը պիտի ծառայի իր ամուսնուն անգամ նրա բացակայության պարագայում:

«Նևադա»-ն նկարահանվել է իրական լոկացիաներում, ոչ պրոֆեսիոնալ դերասանների՝ տեղացիների մասնակցությամբ: Ռուսական խուլ այս գյուղը պատկերվում է այնպիսին, ինչպիսին կա՝ հուսալքված ու ապագայից զուրկ: Հարևաններն այստեղ կոպիտ են ու բամբասկոտ, երեխաները՝ չար և դաժան: Դեպի քաղաք ուղևորությունները կապակցված են հոգեբուժարան, ոստիկանություն կամ դիարան այցելությունների հետ և էլ ավելի են մթագնում անուրախ մթնոլորտը:

Գրեթե փաստավավերագրական ռեալիզմը համեմվում է սարսափ-ֆիլմին հատուկ տեսարաններով: Երբ Շուրան լապտերի թույլ լուսավորության ներքո դանդաղորեն շարժվում է ձեղնահարկով, հանդիսատեսն ինքնաբերաբար պատրաստվում է մութ անկյունում թաքնված հրեշի ասպարեզ գալուն: Մեկ այլ դրվագում կինոխցիկն ասես փոխառելով՝ մոլագարի հայացքը հետապնդում է թփոտ դաշտով վազող ահաբեկված կնոջը: Մղձավանջներն օգնում են կառուցելու հերոսուհու հոգեբանական դիմանկարը, պատկերային լեզվի միջոցով փոխանցելու նրա վախերն ու տագնապները:

Ֆիլմի նկարահանման խումբը բաղկացած էր հիմնականում արգենտինացի ու եվրոպացի մասնագետներից: Յուրօրինակ պրիզմայով, դրսից հայացքով դիտարկվում է տիպային հետխորհրդային գյուղակը իր բոլոր խնդիրներով: Այստեղից էլ՝ ֆիլմի հետ բովանդակային առումով կարծես որևէ կապ չունեցող տեղանուն-վերնագիրը («La Nevada» իսպաներեն նշանակում է ձյունատեղում). այն ասես հիշեցնում է՝ այս պատմությունը համընդհանուր բնույթ ունի և կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած կետում:

Ալեքսանդր Մելյան