daily

«Կորիզ» մրցույթ․ Միկրոսկոպիկ գանձեր

2024-07-11 16:00 Հայերեն Daily #2
Հետաքրքիր է տեսնել այն նարատիվները, որոնք տարատեսակ ռեժիսորների դիտանկյունից ներկայացնում են Հայաստանը։ «Կորիզ» մրցութային ծրագրի շրջանակում կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունը «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի ամենակարևոր իրադարձություններից է, որ չի կարելի բաց թողնել։

Բնականաբար, Արցախյան պատերազմը և հազարավոր արցախցիների բռնի տեղահանությունը համընդհանուր և արդիական թեմա են ֆիլմերի մեծ մասում։ Հրանտ Վարժապետյանի «Տուն» ֆիլմում հակամարտությունը ցավալիորեն շոշափելի է դառնում, երբ երիտասարդը մտովի նախապատրաստվում է պատերազմ մեկնելուն, և ֆիլմը վերածվում է հոգեբանական մղձավանջի։ Տպավորությունն ամրապնդվում է հատկապես կադրերից մեկով, երբ երիտասարդն արտացոլվում է հին հեռուստացույցի էկրանին, իսկ մարտի դաշտի բոցաշունչ պատկերներն ասես կլանում են նրան։

«Բնության լույսը» պատկերում է երիտասարդ տղամարդկանց պատերազմ ուղարկելու հետևանքները՝ պատմելով զինվորի մահը սգացող ընտանիքի մասին։ Ինչպես Շողակաթ Վարդանյանը «1489» վավերագրական ֆիլմում, այս խաղարկային կարճամետրաժի ռեժիսոր Արթուր Սուքիասյանը ևս ուշադրությունը սևեռում է նրա վրա, թե զինվորի քույրը ինչպես է համակերպվում կորստին։ Զուգադիպությամբ՝ երկու ֆիլմերում էլ կանայք կտրում են երկար մազերը՝ փորձելով վիզուալ կապ հաստատել զոհված եղբոր հետ։ Օվսաննա Գևորգյանն ավելի խոկուն է մոտենում հարցին․ «Անգլուխ ձիավորների» ցավալի սյուժեի կենտրոնում հերոսուհին է, որը պատերազմական տեսանյութեր է դիտում՝ հույսով, որ սիրելիին կճանաչի դաժան տեսարաններում։ Ֆիլմի պարզ կառուցվածքն ահագնացնում է լարվածությունը, ռեժիսորը գերկենտրոնանում է հպման և մարմնականության վրա։ Ծրագրի հաջորդ ուշագրավ ֆիլմն «Արմատն» է, որի ռեժիսոր Աննա Մկրտումյանը ծնունդով Արցախից է։ Նա մտմտում է, թե ինչ պետք է բերել հայրենի հողից որպես հիշատակ, երբ պատերազմական բարբարոսությունները ստիպում են հեռանալ տնից։ Տատիկի հետ գեղեցիկ հեռախոսազրույցը բացահայտում է, թե Մկրտումյանի ընտանիքն ինչպես է տվայտվել, թե ո՛ր լուսանկարները բերի, որո՛նք թողնի։ Այնուհետև ֆիլմը սկսում է քննել, թե Մկրտումյանն ինչ է բերել Արցախից. տարածաշրջանում գտած քարացած արտակմախքներ, որոնք մանրադիտակի ներքո վերածվում են ռեժիսորի անձնական գանձերին։

Նույնիսկ այն ֆիլմերը, որոնք առաջին հայացքից Արցախի մասին չեն, կարող են պատմել Արցախի մասին։ Օրինակ՝ Մարկոս Մարկոսյանի «Ոչ լույս, ոչ խավար» ֆիլմը ժանրային կինո ստեղծելու ուշագրավ փորձ է, որն արևելյան նուար է հիշեցնում՝ պատմելով 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով առաջ եկած էներգետիկ ճգնաժամի և երկրի մի մասը սնուցող հայկական էլեկտրակայանի փակման մասին: Մարկոսյանն այս հիասքանչ նկարված աշխարհաքաղաքական թրիլերով հարգանքի տուրք է մատուցում մարդկանց, որոնք վերջին տարիներին ադրբեջանական ուժերի պատճառով զուրկ էին շատ միջոցներից և էլեկտրականությունից։ Մերի Դանիելյանի «Բուն» նույնպես քաղաքականությունից հեռու է թվում ամենասկզբում, բայց պարզվում է՝ ֆիլմը մանրազնին ուսումնասիրում է հերոսին, որն աստիճանաբար հասնում է խելագարության շեմին պատերազմի հետևանքով առաջացած զարգացման կանգի պատճառով։

Չափազանցված ոճական որակներն իրենց արտացոլանքն են գտնում Գևորգ Ներսեսյանի «Բեռ» ֆիլմում, որը գրեթե սկսվում է Քոեն եղբայրների ոճով՝ զվարճալի սխալների և թյուրըմբռնումների մասին կինոյի պես, բայց աստիճանաբար ողբերգական երանգ է առնում, երբ զարգանում է հմտորեն մշակված մելոդրաման։ Կենցաղային երանության և դրա բացակայության նման հետազոտություններ են Վահան Գրիգորյանի «Ձու» ֆիլմն իր՝ հանրության դեմ աբսուրդիստական ցասումով և Լիլիթ Մովսիսյանի «Ճայեր» ֆիլմը՝ զույգի կերպարանափոխական արկածներով։ Ծրագրում երկու ֆիլմ առանձնանում է յուրահատուկ պատճառներով։ Մարիկա Դովլաթբեկյանի և Կորյուն Արզումանյանի «Իսկ Նվարդը էսօր չի՞ գալու» սրտառուչ և հուզաճմլիկ վավերագրականը սիրառատ հայացքով է նայում Երևանի մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի երեխաներին։ Կա նաև փոքրիկ գլուխգործոց՝ «Կուտակային ամպերը»՝ հայկական անիմացիայի վարպետ Նաիրա Մուրադյանի կարճամետրաժը, որը թե՛ կինոբալասան է ուղեղին, թե՛ գեղեցիկ ձոն կինոյի հարուստ պատմությանը։

Հյուգո Էմերզաել