21-րդ «Ոսկե ծիրանի» բացումն է Մարզահամերգային համալիրում, և դուք ոտք եք դնում կարմիր գորգի վրա։ Նայում եք ներքև․ գորգը կարմիր չէ, սպիտակ է։ Կարմիր է միայն գորգով երակի պես ձգվող ճյուղավոր գիծը։ Բայց գիծն էլ գիծ չէ։ Սա քարտեզ է, և սա Մատաղիսն է՝ բռնազավթված Արցախի այն 6 բնակավայրերից մեկը, որոնք պատկերված են «ԱՀԱ կոլեկտիվի»՝ հանձինս հիմնադիր Նայիրի Խաչատուրեանի և արվեստագետ Դավիթ Քոչունցի պատրաստած «Տեղորոշում» շարքի 7 կարպետների վրա։
Թե ինչու է «Ոսկե ծիրանը» խախտում համաշխարհային փառատոնային մշակույթի չգրված օրենքներից մեկը, մեկնաբանում է գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը․ «Թեև կարմիր գորգը շատ ավելի հին ավանդույթ է, քան ցանկացած փառատոն, նոր ժամանակներում այն ձեռք է բերել էլիտիստական, գլամուրային ընկալում, ինչն այնքան էլ չի համապատասխանում «Ոսկե ծիրանի» բովանդակային նկրտումներին»։ Այս մտքերը վաղուց էին պտտվում Ավետիսյանի գլխում, և վերջին տարում ծանոթանալով «ԱՀԱ կոլեկտիվի» գորգային նախորդ՝ «Համարձակ Խնձորեսկ» շարքին, նա վերջապես գտավ մտքին եղածն իրականացնելու ձևը։
Կարմիրի և դարչնագույնի նրբերանգներով լուծված, ընդհանուր 21 մետր ձգվող 7 կարպետների վրա տեղագրական քարտեզներն են՝ Մատաղիսի, Տիգրանակերտի, Դադիվանքի, Բերձորի, Չարեքտարի և Շուշիի, իսկ յոթերորդին Կարմիր խաչն է, որը փորձեց, բայց այդպես էլ չկարողացավ հասնել այդ գյուղերին։ «Ինձ պետք էր այդ վերևից հայացքը,- ասում է Քոչունցը։- Դա ինչ-որ առումով քո անզորությունն է արտահայտում։ Շատ ծանր հոգեվիճակ է, երբ տեսնում ես, բայց ոչինչ չես կարող անել, ու շատ դժվար է դա գեղարվեստորեն ցույց տալ»։ Այդ իսկ պատճառով Քոչունցը շուրջ 2 ամիս էսքիզներ է արել՝ որոշելով ճիշտ ֆոնը, տարբեր տարրերի հարաբերությունները՝ գծավոր, թե վանդակներով։ Կարպետները, որոնք Քոչունցի էսքիզների հիման վրա Վերիշենի արհեստների կենտրոնի և «Woolway» արվեստանոցի հայաստանցի և արցախցի կանայք են գործել և բնական նյութերով ներկել, ուղիղ երկխոսության են մղում դիտողին՝ ուզի նա դա, թե չուզի։ «Այո՛, սա շատ ընտիր արվեստային սադրանքի հնարավորություն է»,- խոստովանում է Քոչունցը։
Սադրանք, որը նաև շատ իմաստներով նոր խոսք է հայ գորգագործության մեջ։ Ինչպես նշում է Նայիրի Խաչատուրեանը․ «Կարևոր է, որ գորգագործությունն ու խորհրդանիշներն անընդհատ ընդլայնվեն՝ արտացոլելով արդի իրողությունները։ Հայ պատմական գորգերը մի ուրույն տեսողական լեզու ունեին, որոնք բնորոշ էին յուրաքանչյուր տեղանքին։ Նախշեր կան, որոնց իմաստը մենք այսօր արդեն չենք հասկանում։ Եվ լավ է, որ չենք հասկանում․ թող առեղծված մնան։ Մի ուրիշ դարաշրջանի մասին են այդ գորգերը, և այսօր դա անընդհատ կրկնելով՝ կարող ենք մի տեսակ իմաստազրկել բնօրինակները։ Ինչպես առաջին` «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուն, այնպես էլ այս երկրորդը նոր նշանային համակարգեր են մեջտեղ բերում»։ Եվ սա ուղղակիորեն հարաբերվում է այն առաքելության հետ, որը Փարիզից Հայաստան տեղափոխված արվեստաբան և համադրող Խաչատուրեանը սահմանել էր իր համար 5 տարի առաջ «ԱՀԱ կոլեկտիվը» ստեղծելիս․ «Մեր ժամանակակից արվեստագետները հանրության հետ քիչ շփման տարածքներ ունեն. թանգարանային ոլորտում, օրինակ, քիչ են ներկայացված, այնինչ աշխարհով մեկ թանգարանները հարթակներ են, որտեղ արվեստագետը կարող է ներկայացնել իր աշխատանքը, երկխոսել հանրության հետ։ Ես մտածեցի՝ կարելի է կառույց ստեղծել, որը կամուրջ կլինի անկախ արվեստագետների և ինստիտուցիոնալ համակարգի միջև` լինի դա մայրաքաղաքային թանգարանում, հանրային տարածքում, թե սահմանամերձ գյուղում։ Կարևոր է, որ արվեստագետները տարբեր լսարաններին կարողանան իրենց խոսքը փոխանցել»։
«Ոսկե ծիրանի» բացման արարողությունը նման զանազան արվեստային խոսքերի հաղորդման մի նոր հարթակ է դառնալու։ «Գաղափարն է համադրել ժամանակակից հայ արվեստագետներին և ավանդական գորգագործության ավանդույթները՝ յուրաքանչյուր տարի ստանալով մի նոր արվեստի գործ»,- պնդում է Ավետիսյանը։
Իսկ մինչ այդ «ԱՀԱ կոլեկտիվի» «Տեղորոշում» շարքի կարպետները ոչ միայն կբացեն, այլև կփակեն փառատոնը հուլիսի 13-ին Կինոյի տանը։ Իսկ դրանցից մեկը, այս տարի մեկնարկող նոր ավանդույթի համաձայն, նվեր կհասնի Միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, ամերիկացի ռեժիսոր Ալեքսանդր Փեյնին։ Այս հավաքածուն, որը հետագայում ևս տարբեր ձևերով հասանելի կլինի հանրությանը, Խաչատուրեանի բնորոշմամբ, արդի «հյուսածո պատմություն է՝ գորգապատում», որը «գերազանցում է իր ֆունկցիոնալ և դեկորատիվ դերը՝ դառնալով և՛ ոգեկոչման, և՛ դիմադրության ձև, որը հաստատում է մշակույթի առկայությունը, որը գոյատևում և կենսագործվում է ֆիզիկական, հիշողության և զգայական այն տարածքներում, որոնք մենք կրում և ապրեցնում ենք»։
Արթուր Վարդիկյան
լուսանկարը՝ Փիրուզա Խալափյանի