daily

«Անկոտրում աղջիկը»․ Մարդիկ հանուն Աստծո

2024-07-11 15:09 Հայերեն Daily #1
Անկոտրում աղջիկը (Պ․ Ս․ Վինոթրաջ, Հնդկաստան, 2023), Միջազգային մրցույթ, 8․07 18։00 Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ, 9․07 12։30 Կինոյի տան Մեծ դահլիճ

Աղջիկը սիրային երգ է մեղմիկ մրմնջում և նայում հեռուներին։ Տղան կատաղի ապտակում ու հարվածում է աղջկան դրա համար։ Մի բան, որ պարզ է հնդիկ ռեժիսոր Պ․Ս․ Վինոթրաջի նկարահանած երկու ֆիլմերից, այն է, որ նա վարպետորեն պատկերում է առօրյայի ստվերում թաքնված մոլեգնությունը։ Վինոթրաջի երկրորդ լիամետրաժ ֆիլմի՝ «Անկոտրում աղջկա» հերոսների ճիչերը, որոնք հնչում են, երբ նրանք ռիկշան բարձրացնում և պտտում են ճիշտ ուղղությամբ, կարող են չափազանցված թվալ, բայց ամենամաքուր ձևով արտացոլում են սխալ տեղում պարպվող կատաղությունը, որը բռնկվում է ավանդույթների և մարդկային սրտի անկեղծ մղումների անողոք բախման հետևանքով։

Ճամփորդելով Հնդկաստանի ջունգլիներում՝ հերոսները ուղևորվում են քրմի մոտ, որը պիտի ծես կատարի և բուժի Մինային։ Նրա հիվանդությո՞ւնը։ Նա սիրահարվել է։ Բայց ոչ թե տղամարդուն, որի հետ նշանված է, այլ համակուրսեցուն։ Սա մի հախուռն ճամփորդություն է, որի նպատակն է օգնություն հայցել հնդկական մի աստծուց, սակայն պարբերաբար պատահող հեռվից նկարված կադրերը, որտեղ կերպարները նման են մրջյունների, իսկ նրանց բացականչությունները՝ գրեթե անլսելի, միտք են արթնացնում, թե մի բարեգութ ուժ հեռվից դիտում է նրանց և լիակատար անտարբերությամբ հետևում հանուն իր անվան կատարվող գործերին։

Դանդաղ, բայց վստահ քայլերով Վինոթրաջը հաստատվում է որպես այս երկրի իսկական կինոպոետ, որի կինոարտահայտչական տաղանդն այնքան հզոր է, որ անգամ ամենաարտասովորն ու անարտահայտելին վերածում է խորապես ողբերգական, բայց և ապշեցուցիչ չքնաղ կտավի։

Արթուր Վարդիկյան