daily

2024 սյունյակ #2

2024-07-11 15:52 Հայերեն Daily #2
Կինո ֆուտբոլի ժամանակ
Այո՛, հիմա Եվրո-2024-ի եզրափակիչ խաղերն են, ու շատերը «պատռվում են» ֆուտբոլի ու «Ոսկե ծիրան»-ի միջև։ Բայց բարի լուր կա այդպիսիներիս համար, քանի որ հուլիսի 10-ին՝ 21։30-ին, Կինոյի տան Մեծ դահլիճում կցուցադրվի լեգենդար դարձած պարսիկ ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Խաղից դուրս» ֆիլմը (2006), որտեղ տղա ձևացող աղջիկն ամեն գնով փորձում է ֆուտբոլային խաղի ներխուժել Իրանում, որտեղ այն ժամանակ կանանց արգելվում էր նման բան անել։ Ով գիտի, գուցե ֆիլմից բացի այլ հաճելի անակնկալներ են սպասում գնացողներին։

Վերականգնված «Աղետ»
Մինչդեռ «Ծուռ ծիրան» ծրագրի հաճելի անակնկալներից է այն, որ ոչ միայն արտասահմանյան «փախած» ֆիլմեր են ցուցադրում, այլև հայրենական։ Դմիտրի Կեսայանցի 1993 թվականին լույս տեսած «Աղետը» մոռացված հայկական փոքրիկ գլուխգործոցներից է, որը վերջին տարիներին սկսել է վերաբացահայտվել, իսկ «Ծուռ ծիրան»-ի շրջանակում կցուցադրվի ֆիլմի վերականգնված տարբերակը։ Եվ այսպես՝ 11.07՝ 22:30, Կինոյի տան Հ․ Մալյան դահլիճ։

Սինե-դետոքս
Այս տարվա «Ոսկե ծիրանին»-ին քննարկելու շատ բան կա՝ ֆիլմերից մինչև հյուրեր։ Եթե ուզում եք ասել-խոսել, կինո քննարկել, ապա օգտվե՛ք հնարավորությունից և գնացե՛ք Սինե-դետոքսին ամեն օր՝ կեսգիշերն անց, «Իլիկ» սրճարանում (Հանրապետության փողոց 62, մուտքը՝ Վարդանանց փողոցից)։

Լավագույններից լավագույնը
Հուլիսի 10-ին երևանյան պրեմիերա կունենա Հայկական կինոակադեմիայի ամենաշատ մրցանակներին արժանացած, ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» կինոնկարը։ Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար, Լավագույն օպերատոր և Լավագույն դերակատար. հայ կինոակադեմիկոսների ընտրությունը կարող եք գնահատել հուլիսի 10-ին՝ 19։30-ին, Կինոյի տան Մեծ դահլիճում։