daily

Այն, ինչ իսկապես կարևոր է․ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի Կինոքննադատների աշխատարան

Հայերեն Daily #3
Սիրելի՛ Լևան և Ֆորեսթ

Ուրախ եմ, որ իմ առաջին ուղևորությունը Հայաստան կապված էր կինոյի հետ, թեև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերն ակնթարթի պես անցան։ Հիմա բոլորս անգիր գիտենք Կինոյի տնից «Մոսկվա» կինոթատրոն ճանապարհը. տասնհինգ րոպեանոց զբոսանք նարնջագույն շենքերի, հուշանվերների խանութների ու խորտկարանների կողքով: «Ոսկե ծիրան»-ում ձանձրալի չէր գեթ մեկ ակնթարթ. ոգեշնչող հանդիպումներ հայտնի ռեժիսորների հետ, սեմինարներ մեր սիրելի Լեոյի հետ, բացահայտումներով լի զրույցներ կինոոլորտի ներկայացուցիչների հետ աշխարհի տարբեր մասերից, ու դեռ չեմ խոսում բազմաթիվ հավաքույթների մասին՝ իհարկե մի բաժակ կոնյակով։ «Ոսկե ծիրան»-ի փառապսակը, այնուամենայնիվ, նրա ծրագրի բազմաշերտությունն էր և հիշարժան ֆիլմերը, որ դիտեցինք:

Որպես ֆեմինիստ-հետազոտող` ինձ հետաքրքրում էին այն ֆիլմերը, որոնք վերաբերում էին կանանց խնդիրներին և դրանց շուրջ ծավալվող քննարկումներին: Վստահ եմ, որ Կլեր Սիմոնի «Մեր մարմինը» բազմաշերտ վավերագրական ֆիլմի մասին կխոսվի մոտակա ամիսներին, բայց այժմ կնախընտրեի ձեզ պատմել ևս երկու համեմատաբար փոքր, բայց ոչ պակաս հետաքրքրաշարժ ֆիլմերի մասին: Օրիթ Ֆոքս Ռոթեմի «Սաբայա» կինոթատրոնը» (2021), որ ցուցադրվել է փառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» բաժնում, ներկայացնում է ութ արաբ և հրեա կանանց, որոնք մասնակցում են տեսասեմինարի, որ վարում է երիտասարդ ռեժիսոր Ռոնանը: Կանանց խրախուսվում է փաստագրել իրենց առօրյա կյանքը. ձեռքի տեսախցիկով նկարահանված տեսահոլովակները հիմնականում ներկայացնում են նրանց առօրյա խնդիրներն ու հոգսերը: Ֆիլմը փորձում է փշրել այն արհեստական պատնեշները, որ բաժանում են կանանց իրարից և արտաքին աշխարհից՝ լուսաբանելով այն մարտահրավերները, որոնց բախվում են տարբեր մշակույթներ կրող և տարբեր ծագումներ ունեցող կանայք մի նահապետական հասարակության մեջ, որտեղ նրանց մարմինները՝ նրանց հզոր լինելու միակ միջոցը, շատ հաճախ վերահսկվում են տղամարդկանց կողմից:

Նույն կերպ, Միխալ Վինիկի «Վալերիան ամուսնանում է» (2022) ֆիլմը նույնպես անդրադառնում է սեփական մարմնի նկատմամբ ինքնատիրապետման համար պայքարին: Ռեժիսորը ներկայացնում է երկու ուկրաինացի քույրերի, որոնք որոշում են ամուսնանալ առցանց ծանոթացած իսրայելցի տղամարդկանց հետ՝ արտերկրում քաղաքացիություն ստանալու միտումով: Մի քույրն արդեն հաստատվել է Իսրայելում, իսկ մյուսը մտորում է նույն քայլի շուրջ։ Վալերիան երևան է հանում պատերազմից փախչող կանանց դաժան իրականությանն առճակատվելը։ Նրանց գոյատևման միակ միջոցն իրենց լծակներն օգտագործելն է և առանց սիրելու ամուսնանալը տղամարդկանց հետ, որոնց գրեթե չեն ճանաչում, և ի վերջո նրանց վերաբերվում են որպես սեփականության, կարծես ամուսնությունը նրանց իրավունք է տվել գերիշխելու իրենց ամուսինների մտքին և մարմնին:

Հանցանք կլինի իմ կողմից չհիշատակելը մեկ այլ ֆիլմ, որն անջնջելի տպավորություն թողեց ինձ վրա: Ակի Կաուրիսմյակիի «Թափված տերևներ»-ը՝ մերօրյա Հելսինկիում երկու հիասթափված միայնակների միջև սիրավեպը, հենց այն գեղեցիկ հեքիաթն էր, որ այդքան պակասում է մեր ներկայիս անգութ աշխարհին․ լուսավոր հիշեցում, որ սերը միակ բանն է, որն իսկապես կարևոր է:

Ձեզ լիքը սեր, իմ սիրելի՛ կինոգիտունիկներ

Անի