daily

«Նույնն է, թե խճանկար հավաքես, հետո կտոր առ կտոր քանդես». «Անկման անատոմիա» ֆիլմի գրախոսական

Հայերեն Daily #1
Անկման անատոմիա (2023) / Երևանյան պրեմիերա
Ժյուստին Տրիյե
Ֆրանսիա
11․07 17:00 Կինոյի տուն Մեծ դահլիճ, 13․07 21:00 Մոսկվա կ/թ Կարմիր դահլիճ

Սարսռաբեր քրեական պատումի, դատարանային հափշտակող տեսարանների, համարձակ ոճի և Սանդրա Հյուլերի հիշարժան խաղի շնորհիվ «Անկման անատոմիան» այս տարի տպավորիչ հաղթանակ է տարել հեղինակավոր Կաննի կինոփառատոնում՝ արժանանալով «Ոսկե արմավենու ճյուղի»: Այս ֆիլմով ֆրանսիացի ռեժիսոր Ժյուստին Տրիյեն ըստ արժանվույն իր դիրքն է ամրապնդել որպես հեղինակային կինոյի նոր, փայլուն վարպետ, որը կինոն ծառայեցնում է մարդկային փոխհարաբերությունների երկիմաստության մեջ խորասուզվելուն: Հենց այդ երկիմաստությունն է «Անկման անատոմիա»-ի հիմքում. տղամարդուն մեռած են գտնում շվեյցարական լեռնատնակի հարևանությամբ՝ սառցակալած հողին: Սայթաքել ընկե՞լ է: Ինքնասպա՞ն է եղել: Թե՞ կինն է նրան հրել պատուհանից:

Գործողությունների մեծ մասը ծավալվում է շվեյցարական դատարանում, որտեղ այրու պաշտպանը պիտի փորձի արդարացնել նրան: Տրիյեն իրավական ընթացակարգերի միջոցով քննության է առնում ամուսնու և կնոջ ցավագին հարաբերությունները, դրան զուգահեռ՝ նաև բարոյական պատասխանատվությունը, որ ծնողները զգում են կույր որդու հանդեպ: Տղան գիտակցում է, որ ինքն էլ կարող է դերակատարում ունենալ մոր մեղքը կամ անմեղությունը ապացուցելու գործում: «Բացի մեղքից և անմեղությունից՝ ինձ ամենաշատը հետաքրքրել է զույգի հարաբերությունների վրա աշխատելը, նրանց համատեղ կյանքի մանրամասները բացահայտելը: Ըստ իս՝ սա թրիլեր չէ, ավելի ճիշտ՝ ուսումնասիրություն է, թե ինչ ենք տալիս և ինչ ենք պարտական միմյանց: Զույգի հարաբերությունների հիմքում ընկած հակամարտությունը ֆիլմի ողբերգության աղբյուրն է»,- մեկնաբանել է Տրիյեն Կաննի կինոփառատոնում՝ պատմական հաղթանակից մի քանի օր առաջ:

Դատարանը միայն փաստերն է հաշվի առնում և ապացույցներ է պահանջում, մինչդեռ հարաբերությունները հաճախ հիմնվում են բացառապես զգացմունքների և ենթադրությունների վրա, որոնք շատ դեպքերում չբարձրաձայնված են մնում: «Անկման անատոմիա»-ում Տրիյեն փորձում է զետեղել անվավերագրելին: Արդյունքը տեսանելիի և անտեսանելիի, լսելիի և անլսելիի տպավորիչ ներգործությունն է, որ թույլ է տալիս սովորական պատումի սահմաններում արմատապես տարբերվող ձևաչափի ֆիլմ ստանալ: Հենց սա է միշտ հետաքրքրել Տրիյեին «սակավ պատկերներով ֆիլմի վրա աշխատելիս: Նույնն է, թե խճանկար ունենաս, հետո կտոր առ կտոր քանդես: Պատմության կիզակետում ճշմարտություն չկա, ստիպված ես բացերը լրացնել տարատեսակ վարկածներով: Հայտնվում ես ֆիլմի հերոսների դերում, որոնք նույնպես տառապում են անորոշությունից և անգիտությունից»:

Հյուգո Էմերզաել