daily

«Ապրիլը Ֆրանսիայում»․ Բացահայտելով նոր աշխարհներ

2024-07-11 15:40 Հայերեն Daily #2
Ապրիլը Ֆրանսիայում (Դավիդ Բոարետո, Ֆրանսիա, 2023), Միջազգային մրցույթ, 10․07 20:00 Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ, 11․07 10։00 Կինոյի տան Մեծ դահլիճ

Ֆիլմի ռեժիսոր Դավիդ Բոարետոն և նրա հնգամյա դուստր Ապրիլը մեկնում են Ֆրանսիա և մեկուսանում փարիզյան բնակարանում: Քովիդի համավարակը աշխարհը կաթվածահար է արել. պլանշետի էկրանից Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնում բժիշկներին ու բոլոր-բոլորին և երկարաձգում սահմանափակումների ռեժիմը: Ձանձրույթից տառապող աղջիկը երազում է վերադառնալ, անգամ աղոթում է Փիթեր Փենին, որ նա գա ու իրեն տանի հետ՝ Բրիտանիա: Շուտով Ապրիլը իսկապես կտեղափոխվի, բայց ոչ թե Լոնդոն, այլ միջնադարյան մի գյուղակ Գասկոնում՝ Ֆրանսիայի հարավ–արևմուտքում:

Նա նկատում է մեծահասակի հայացքից փախչող մանրուքներ, անորսալի երևույթներ: Պարզամիտ երեխայական դիտարկումները ճշմարտացի են ու դիպուկ: Նա շփվում է կատուների և աքաղաղների հետ ու անգամ անշունչ առարկաներին մարդկային որակներ հաղորդում: Ծանոթանալով գյուղի բնակիչների հետ՝ Ապրիլը բազում պատմություններ է լսում իր մեծ պապիկի մասին: Նրա գերեզմանն այցելելուց հետո աղջիկն անգամ սկսում է զրուցել նրա հետ՝ ինչ-որ կախարդական կերպով նրա կերպարը կենդանացնելով նաև հանդիսատեսի համար:

Դավիդ Բոարետոյի կինոխցիկը, մի կողմից, ուսումնասիրում է Ապրիլին, մյուս կողմից՝ հենց մանկական պրիզմայով է փորձում նայել աշխարհին: Մենք տեսնում ենք ոչ միայն երեխայի փոխակերպությունը, նրա հասունացումը, բայց և այն, թե ինչպես է ձևափոխվում միջավայրը նրա հետ փոխազդեցության շնորհիվ:

Ալեքսանդր Մելյան