«Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը կբացվի բելգիացի կինոռեժիսոր Ջեսիքա Վուդուորթի հակաուտոպիստական «Լուկա» ֆիլմով: Հայաստանում ֆիլմը նկարահանելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ ռեժիսորն իր «Հինգերորդ եղանակը» ֆիլմի ցուցադրության առթիվ Երևան էր այցելել: «2017-ին «Լուկա»-ի իմ մտահղացմամբ եկա Հայաստան և իսկույն հիասքանչ վայրեր հայտնաբերեցի: Ֆիլմի տեսարանները պատկերացրի Արագած լեռան վրա և Երևանի աղի հանքում»,- մտաբերում է Վուդուորթը: Թեպետ «Լուկա»-ի սյուժեն վեր է ժամանակից ու տարածությունից, տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը լրացուցիչ ծավալ կհաղորդի ֆիլմին: «Այդ սպասողական վիճակը՝ անցյալի ողբերգությունների երկար ստվերները և ապագա հարվածների սպասումը, ասես կենսաձև լիներ,- բացատրում է ռեժիսորը,- որն արտացոլում էր կերպարների հոգեվիճակը՝ հավասարակշիռ, նպատակասլաց, տառապալից»: Հետագայում Քովիդ-19-ի բռնկումը և Արցախյան պատերազմն անհնարին դարձրին ֆիլմի նկարահանումները Հայաստանում, ուստի պրոդյուսերական թիմը ստիպված եղավ տեղափոխվել Սիցիլիա՝ Իտալիա:
Ֆիլմը, որ Բելգիայի, Նիդերլանդների, Հայաստանի, Բուլղարիայի և Իտալիայի համատեղ արտադրությունն է, Դինո Բուցատիի «Թաթարական տափաստան» դասական ստեղծագործության ազատ ադապտացված տարբերակն է, որտեղ մարտի ծարավ երիտասարդ զինվոր Լուկան (կերպարը ֆիլմում մարմնավորել է հոլանդացի դերասան Յոնաս Սմուլդերսը) ներդրվում է մի հեռավոր բերդամրոցում, որտեղ մարդիկ դարերով սպասում են առասպելական թշնամու դեմ պայքարին: «Գրքում հրաշալիորեն հավասարակշռված են կախարդանքի ու տագնապի զգացումները, և ես ցանկացա ընդգծել այդ նուրբ ու փխրուն համաչափությունը ֆիլմում: Ուզում էի, որ հանդիսատեսը հետևի Լուկայի կերպարին ֆիզիկական և գոյութենական այդ խորհրդավոր ու հզոր տարածությունների միջով՝ հույսի ու հուսահատության միջև նուրբ սահմանագծի երկայնքով»: Կադրավորում չի եղել, եղել են հարյուրավոր լուսանկարներ, որոնք օգնել են ուղղորդելու թիմին, անվերջանալի զրույցներ տարբեր բաժինների ղեկավարների ու դերասանների հետ: Նրանք միասին երկար ժամանակ էին անցկացնում նկարահանման վայրում: «Մեզ հարկավոր էր ըմբռնել դատարկությունն ու լռությունը, այդ վայրերի վիթխարի մասշտաբները, նստել Էթնայի լանջերին ու զգալ մեր փոքրությունը: Գործընթացը չափազանց ֆիզիկական և անմիջական պահելու կամքն էր առաջ մղում «Լուկա»-ի նկարահանումները: Ստացվա՞ծ էր արդյոք կադրը. դա էր միակ հարցը, որ հուզում էր բոլորին:
Ֆիլմում արտացոլված են մեր ժամանակների արհավիրքները: Բերդամրոցի հրամանատարությանը հաջողվում է կարգ ու կանոն պահպանել՝ օգտագործելով վախի գործոնը: վախը դաժան թշնամուց. ահա թե ինչն է կանգուն պահում բերդը: «Այդ ամենը քաջածանոթ է մեզ, քանի որ մեր օրերում բոլորս պատերազմի մթնոլորտում ենք ապրում,- նշում է Վուդուորթը:- Երբեմն անհնազանդության միակ գործողությունը, որին ունակ է մարդը, ամենապարզ ու հասարակ բանն է՝ թիկունք դարձնելը: Դա է Լուկայի միակ հերոսական արարքը, որի վրա հենվում է պատմությունը»: