daily

2024 Լրատվական սյունյակ #1

2024-07-11 14:46 Հայերեն Daily #1
GAIFF Pro
Ավելորդ է ասել, որ կինոփառատոնը ավելին է, քան պարզապես ֆիլմերի ցուցադրությունը: Այս տարվա ծավալուն ծրագրով, սեմինարներով, դասախոսություններով, փիչինգներով, դեմ առ դեմ հանդիպումներով լի GAIFF Pro-ն, անկասկած, հզոր խթան կդառնա Հայաստանում և ամբողջ աշխարհում կինոտաղանդների զարգացման համար:

Բարի տհաճության վարպետը
Ցուցադրման պահից անմիջապես հետո սուրբծննդյան դասական ֆիլմ դարձած «Մնացածներ»-ով երկուշաբթի՝ հուլիսի 8-ին, կբացվի հետահայաց ծրագիրը` նվիրված ամերիկացի-հույն հեղինակ Ալեքսանդր Փեյնին, որը լայնորեն ճանաչված է իր նուրբ, տրագիկոմիկական դրամաներով և Երևանում է որպես Միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ: Բաց մի՛ թողեք վարպետին հանդիպելու հնարավորությունը չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին՝ 15:00-ին, ՀԲԸՄ-ում:

Պիտի խոսենք Քևինի մասին
«Խաղաթղթե տնակը» սերիալում ԱՄՆ նախագահ Ֆրենսիս Անդերվուդի դերից մինչև նրա հզոր ներկայությունը «Ամերիկյան գեղեցկությունը» և «Կասկածելի դեմքերը» դասական դարձած ֆիլմերում՝ ամերիկյան էկրանի այս դեմքը մեզ անթիվ անմոռանալի կերպարներ է տվել: Քևին Սփեյսին այս տարվա «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է: Հանդիսականները կարող են տեսնել նրան երեքշաբթի՝ հուլիսի 9-ին, Կինոյի տանը կայանալիք հանդիպման ժամանակ, մինչդեռ ԵԹՊԿԻ դերասանական ֆակուլտետի նախապես ընտրված տասը ուսանողի համար կանցկացվի աշխատարան վարպետի հետ: Իսկ հուլիսի 9-ի երեկոյան Քևին Սփեյսիի պատվին տեղի կունենա Ալան Փարքերի «Դեյվիդ Գեյլի կյանքը» (2003) ֆիլմի հատուկ ցուցադրությունը։

Սրե՛ք մատիտները
Երկուշաբթի՝ հուլիսի 8-ից սկսած, մեկնարկում է GAIFF Pro Կինոքննադատների աշխատարանի երրորդ թողարկումը: 4-օրյա դասընթացների ընթացքում կինոքննադատ, Berlinale Talents Critics Lab-ի վարող, խմբագիր և համակարգող Լեոնարդո Գոյը վերադառնում է GAIFF Pro՝ կիսելու իր գիտելիքները կինոքննադատության վեց ծագող տաղանդների հետ։ Նրանց որոշ աշխատանքներ կհրապարակվեն օրաթերթի առաջիկա համարներում: