daily

GAIFF Pro Critics Campus: «Ինչքան որ գիտեմ ինձ»

Հայերեն Daily #2
հեղինակ՝ Հայկ Սարգսյան

Մակա Գոգալաձեի «Ինչքան որ գիտեմ ինձ» ֆիլմն ասես հոգեթերապիայի սեանս լինի մոր և դստեր միջև, մի շատ խոր անձնական վերլուծություն, որին մեզ արտոնել են ականատես լինելու։ Այն սկսվում է Մակայի հարցով․ «Ինչո՞ւ էիր ինձ ստիպում 7 տարի դաշնամուր նվագել»։ Փիլիսոփայական հարցադրումներով դեպի երջանկություն և ինքնաճանաչում տանող այս ֆիլմը մտորում է, որ կարգուկանոնի և կատարելության ձգտելու մոլուցքը կործանում է անհատականությունը և խորացնում բռնաճնշումը։ Կամ գուցե ո՞չ։

«Ինչքան գիտեմ ինձ» ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը, օպերատորն ու մոնտաժողը հենց ինքն է՝ Գոգալաձեն, որն այս ֆիլմի մռայլ և սառը օպերատորության միջոցով արտացոլում է իր ծննդավայրի՝ Վրաստանի հետխորհրդային իրականությունը՝ զերծ մնալով կլիշեներից: Տեսարանները հաճախ երկար են՝ հեռուստադիտողին բավական ժամանակ տրամադրելով յուրաքանչյուր կադրի զգացմունքային կշիռն ընկալելու համար։ Ստատիկ, խորապես մտածված կոմպոզիցիաներով կադրերի գործածումն է՛լ ավելի է ուժգնացնում ազատության պակասը, որը զգում են ֆիլմի հերոսները։ Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են պարուսույցների կողմից «աղճատվում» երեխաների մարմինները բալետի պարապմունքների ժամանակ, և ինչպես են «ուղեղներ կերտվում» հայրենասիրական բանաստեղծություններով․ կոնֆորմիզմ՝ ստեղծարարության փոխարեն։ Այն տեսարանը, որտեղ երեխաները սրտաձև զարդ են պատրաստում իրենց մայրիկների համար, հակադրվում է նրանց խիստ առօրյային՝ որպես պայմանական և պահանջկոտ սիրո դառը մեկնաբանություն։

Բայց այս բանավեճերից մեկում Գոգալաձեի մայրը պատասխան հարված է հասցնում․ մի՞թե դստեր քննադատական ունակության հիմքում հենց այն նույն դաստիարակությունը չէ, որը նա կասկածի տակ է դնում։ Ֆիլմի հեղինակին անվերապահ կարեկցելու փոխարեն սկսում ենք կասկածի տակ դնել նրա տեսակետները, ինչպես նաև մինչ այդ դիտած տեսարանները։ Երեխաների ուղեղներն իրո՞ք լվանում էին՝ պարտադրելով նրանց որոշակի մտածողություն, թե՞ բոլոր կրթական համակարգերն են այսպես աշխատում։ Էկրանին նույն երեխաներն են՝ ոտանավոր արտասանող և արվեստի խմբակներ հաճախող, բայց մենք արդեն վստահ չենք՝ նրանք գոհ են, թե դժգոհ այդ զբաղմունքներից, և սկսում ենք հարցականի տակ դնել ֆիլմի հեղինակի անձնական պնդումները։ Նրանք իրո՞ք իրենց ճնշված են զգում, թե՞ զարգանում են այս խմբակներում։ «Ինչքան գիտեմ ինձ» ֆիլմը չի տալիս միանշանակ պատասխաններ՝ դրդելով հանդիսատեսին ֆիլմի ավարտից հետո էլ երկար մտածելու իրենց դաստիարակության ազդեցության մասին։