daily

Ամեն ինչ կամ մի քիչ․ «Փոքրիկը» ֆիլմի գրախոսական

Հայերեն Daily #1
Փոքրիկը (2023) / Միջազգային մրցույթ
Զառա Դվինգեր
Նիդերլանդներ
10․07 10։00, 17։30 Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ

Իր դեբյուտային «Փոքրիկը» ֆիլմով նիդերլանդցի սցենարիստ և ռեժիսոր Զառա Դվինգերը զարկ է տալիս իր նախորդ 7 աշխատանքների անկյունաքարային թեմաներին՝ ընտանեկան հարաբերություններին ու կարծրատիպային աշխարհում սեփական ինքնությունը գտնելու խնդրին։ «Ռոուդ-մուվիի» (ճանապարհային կինոյի) ու կատակերգության տարրերով համեմված ընտանեկան այս դրաման բազմաթիվ ակնհայտ ու ոչ այնքան ակնհայտ հղումներով լցնելով՝ ռեժիսորը նաև խոնարհ է հղում կինոյի պատմությանը։ 11-ամյա Լուին խնամակալի տնից առևանգում է սեփական մայրը՝ երիտասարդ Կարինան։ Նրանք ծլկում են Լեհաստան՝ Լուի տատիկին գտնելու, նրանից գումար պահանջելու և ոչ ավել, ոչ պակաս՝ առանձնատուն գնելու երազանքով։ Իրականում հերոսուհիների ճանապարհը ոչ թե տատիկի տունմ, այլ դեպի հասունացում է տանում։

Այդ ճանապարհին մոր մաքսիմալիստական «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը կամաց-կամաց զիջում է Լուի «ամեն ինչ կամ մի քիչ» բանաձևին։ Գրեթե յուրաքանչյուր տեսարանում հերոսուհիներից մեկի կամ մյուսի զգեստը «սազում» է միջավայրին, ինչը հուշում է, որ իրականում նրանք ներդաշնակ են իրենց շրջապատող աշխարհի հետ։ Ու թեև այս տարօրինակ պատմության մեջ փողն, ի վերջո, նյութականանում է, մայրը ֆիլմի ընթացքում հրաժարվում է մշտական օջախ գտնելու մտքից՝ պնդելով, որ իրենք իրական կյանքում գոյություն ունեցած և 1967 թվականի հայտնի ֆիլմում անմահացած ամերիկացի ավազակներ Բոնիի ու Քլայդի պես արկածաշատ կյանքով պիտի շարունակեն ապրել։ Կգայթակղվի Լուն այս երազանքով, թե՞ իրականությանը վերադառնալու և գոնե մի քիչ նորմալ ընտանիքի նմանվելու պահանջ կներկայացնի։ Այսպիսով՝ ֆիլմը շատ ցավոտ հարց է բարձրացնում․ արդյո՞ք կինոյի գեղեցիկ պատրանքներն ավելի նախընտրելի են, քան իրական կյանքը։ Լուն կարծես թե ունի իր պատասխանը, նույնիսկ եթե դրան դիմանալու համար պետք է օրը գոնե մեկ անգամ մի լավ գոռա։

Սոնա Արսենյան