daily

«Այս ֆիլմը նկարել ենք առանց նախապաշարմունքների»․ հարցազրույց Ատոմ Էգոյանի հետ

Հայերեն Daily #3
Պրեմիերայից երեսուն տարի անց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի փակման ֆիլմը՝ «Օրացույցը» (1993), դեռևս գրավում է դիտողին: Ռեժիսորը՝ հայ-կանադացի մեծանուն կինոգործիչ Ատոմ Էգոյանը, իր վաղ շրջանի գլուխգործոց «Ապահովագրական գործակալը» (1991) ֆիլմի համար Մոսկվայի կինոփառատոնում արժանացել էր մրցանակի՝ մեկ միլիոն ռուբլի պարգևի, որը պետք է ուղղվեր Խորհրդային Միության պետություններից մեկում նոր ֆիլմ նկարահանելուն: «Անչափ ոգևորված էի,- մտաբերում է Էգոյանը՝ Կահիրեում ծնված հայ ռեժիսորը, որը ոչ միայն երբեք չէր նկարել հայրենիքը, այլև կյանքում չէր տեսել:- Վերջապես կարող էի նկարահանումներ անել Հայաստանում, ավելի մասշտաբային ֆիլմ ստեղծելու հավակնություն ունեի: Հետո իհարկե ամեն ինչ փլուզվեց․ ռուբլին ամբողջովին արժեզրկվեց, իսկ Հայաստանն այլևս Խորհրդային Միության կազմում չէր»:

Էգոյանը, սակայն, չհանձնվեց: Նախնական բյուջեի մի մասը հավաքեց և կնոջ՝ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ Հայաստան մեկնեց՝ «Օրացույցը» կյանքի կոչելու: Դա փորձարարական ֆիլմ էր հայկական սրբավայրեր նկարող լուսանկարչի մասին, որի լուսանկարները պիտի տեղ գտնեին օրացույցում, որը շատ հայեր, այդ թվում՝ սփյուռքահայեր, ջանադրաբար կկախեին իրենց տան պատերին: Լուսանկարչի դերում հենց ինքը՝ Էգոյանն է, Խանջյանն էլ նրա կնոջն է մարմնավորում, որը սիրահարվում է տեղացի վարորդ ուղեկցորդին, որի դերում էր Աշոտ Ադամյանը։

«Կարծում եմ՝ ֆիլմը շատ կարևոր պահ է հավերժացրել,- նշում է Էգոյանը՝ Վանկուվերի Սինեմատեկում ֆիլմի վերականգնված տարբերակը դիտելուց հետո,- հավանաբար Սփյուռքից առաջին ֆիլմն է, որ նկարվել է նորանկախ երկրում: Դա իսկապես զգալի է: Գեղեցիկ եկեղեցիներն ուղղակի ամայի էին: Ամբողջ օրը մենք միակն էինք այնտեղ, ուրիշ զբոսաշրջիկներ չկային»: «Օրացույց»-ում աչքի են զարնում նաև երկու սեռի հարաբերությունները, որոնք արտացոլում/ընդգծում են լուսանկարչի կտրվածությունը հայրենիքից: «Հետաքրքիր է, որ հենց այսպես եմ արել,- կարծում է Էգոյանը,- քանի որ կերպարիս զգացմունքները տարբերվում էին այդ ժամանակվա իմ ապրումներից: Կերպարը շատ օտարված է, ցինիկ, այն աստիճանի մտահոգ է իր և կնոջ հարաբերություններով, որ նույնիսկ այլևս չի վայելում երկիրը: Իհարկե, այդ ժամանակ իմ զգացմունքներն ուրիշ էին: Շատ հուզված ու երջանիկ էի, որ այդ վայրերում էի»:

«Օրացույցն» առանձնահատուկ է դառնում նաև հետաքրքիր փորձարարական բնույթի շնորհիվ, որը ֆիլմի ստեղծումից երեսուն տարի անց դեռ փայլը չի կորցրել: Հենց սա է եղել Էգոյանի գերխնդիրներից մեկը. «Հույս ունեմ, որ հայ ռեժիսորները ֆիլմը նայելով կասեն՝ սա ցանկացած մարդ կարող էր նկարել: Իսկապես ֆիլմը շատ պարզ է: Կարծում եմ՝ թվային տեխնոլոգիաները հիմա է՛լ ավելի կհեշտացնեին գործը: «Օրացույցը» բանաձևերից և կլիշեներից ազատվելու և անկեղծ մի բան գտնելու փորձ է պարզապես»:

Հյուգո Էմերզաել