daily

«Ձմեռային արձակուրդ չկա»․ Ամպամած ժառանգության պահապանները

Հայերեն Daily #2
Ձմեռային արձակուրդ չկա (Ռաջան Կաթետ/Սունիր Պանդեյ, Նեպալ/Հարավային Կորեա/Ռումինիա, 2023), Միջազգային մրցույթ, 11.07 17:30 Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ, 12-7 10։00 Կինոյի տան Մեծ դահլիճ

Հոկտեմբերին Ռաթիմայի և Կալիմայի համագյուղացիները լքում են Դհոր հովիտն ու շարժվում դեպի հարավ՝ ձմեռն ավելի տաք տեղանքում անցկացնելու։ Մնալով դատարկված գյուղում մեն-մենակ՝ ժամանակավորապես լքված տների ու կենդանիների ընկերակցությամբ, երկու կին լվացք են անում գետում, բամբասում ծանոթներից, հիշում հանգուցյալներին, իլիկ մանում, բողոքում կյանքից. մի խոսքով՝ ձմեռում։

Նեպալցի ռեժիսորներ Ռաջան Կաթետի և Սունիր Պանդեյի համատեղ վավերագրական ֆիլմը՝ «Ձմեռային արձակուրդ չկա», այս երկու տարեց այրի կանանց մասին է, որոնք ժամանակին ամուսնացած էին նույն տղամարդու հետ։

Շրջապատված ամպամած բլուրներով ու սարերով, մշուշոտ դաշտերով ու մառախլապատ, մռայլ հովիտներով, կտրված արտաքին աշխարհից՝ երկու կանայք, կարծես, ապրում են անցյալի և ճահճացման ժամանակաշրջանի արանքում։ Մոխրագույն լանդշաֆտը և ուրվական-տները, քարքարոտ տեղանքն ու ձնապատ ուղիները, համեստ տնակի գողտրիկ անկյունն ու այրվող կրակը, կարծես, օրորում են ու տրամադրում հանդիսատեսին ձմեռակացի՝ միայնակ կանանց կողքին։

Դանդաղ, ժամանակի մեջ կանգնած գյուղն ու Ռաթիմայի և Կալիմայի առօրյան պարզ են ու հասարակ։ Բացի օջախի բոցկլտացող կրակից՝ կանանց տաքացնում են անցյալի հուշերն ու առօրյա կենցաղային զրույցները։ Կանայք կարծես գյուղի ոչ միայն պահակներն են, այլև ժառանգության և հին, ժողովրդական ավանդույթների պաշտպանները. քանի իրենք կան, կապն անցյալի և ավանդականի հետ կպահպանվի, և մանուկները, որոնք գարնանը կվերադառնան գյուղ, կժառանգեն դա կանանցից։

Դիանա Մարտիրոսյան