daily

Հարցազրույց․ ՇՈՂԱԿԱԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ

2024-07-13 15:47 Հայերեն Daily #3
Տեսախցիկը երբեք ձեռքը չվերցնելուց մինչև Ամստերդամի վավերագրական կինոյի միջազգային փառատոնի (IDFA) հեղինակավոր Գլխավոր մրցանակ։ Անգամ ամենամակերեսային հայացքից հայ կինոռեժիսոր Շողակաթ Վարդանյանի պատմությունն ինքնին չափազանց ուշագրավ է։ Շատ ավելի խոր խոցում է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ճակատում հայտնված կրտսեր եղբոր անհետացման պատճառով տառապող քրոջ պատմությունը։ Վարդանյանի պատկերների անմիջականության շնորհիվ այս հակամարտությունը վերաճում է վշտից տապակվող և աղետը վերապրող ընտանիքի ողբերգության։

Քանի որ սա Ձեր դեբյուտային ֆիլմն է, և սրանից առաջ Ձեզ ռեժիսոր չեք համարել, կարելի՞ է ասել, որ իրավիճակը Ձեզ ստիպեց ձեռքն առնել տեսախցիկը և այս պատմությունը կինոյի վերածել։
Երբեք կինոռեժիսուրա չեմ սովորել, չեմ էլ ծրագրել ռեժիսոր դառնալ։ Ես պրոֆեսիոնալ դաշնակահարուհի էի։ Թեև միշտ էլ սիրել եմ կինոն։ Բայց այո՛, եթե կատարվածը հաշվի առնենք, կարելի է ասել, որ այս ֆի՛լմը եկավ ինձ մոտ։ Պարզապես չգիտեի ուրիշ ինչ անել։ Փորձում էինք եղբորս գտնել կամ էլ առնվազն նրա մասին որևէ լուր ստանալ, բայց զուր էր։ Նաև տեղեր կային, ուր նախընտրելի էր՝ չգնամ, դրա համար հայրս էր գնում, օրինակ՝ բանակից մարդկանց հետ հանդիպելու։ Նրանք հորս հետ ավելի հեշտ էին բացվում, քան ինձ, և իրոք չգիտեի ինչ անել։ Դրա համար ուղղակի սկսեցի նկարել։

Ֆիլմում մի քանի տեսանյութ է օգտագործված, որոնք նկարահանվել են մինչև Ձեր եղբոր ծառայության մեկնելը և անհետանալը։ Տեսախցիկը Ձեր տանը մե՞ծ դեր էր խաղում։
Պահեր կային, որ կարճ տեսանյութեր էի նկարում, բայց դա յուրաքանչյուրն էլ անում է. ծննդյան տոներին կամ Նոր տարուն և այլն։ Երբեք մտքովս չէր անցնում, թե նկարածս ուրիշ նպատակի կծառայի, մտածում էի, որ պարզապես հիշողություն կլինի, որը երբեմն կվերանայենք։ Իմ արխիվն առանձնապես մեծ չէ, որովհետև շատ չէի նկարում։

Պատկերացնում եմ, թե ինչ հուզական պահ էր, երբ տեսախցիկը հանկարծ Ձեր ձեռքն եք վերցրել։ Դժվա՞ր էր Ձեզ համար, ընտանիքի համար, թե՞ նկարելը մի տեսակ հանգստություն ու թեթևություն բերեց։
Չէ՛, թեթևություն չբերեց։ Իրականում լրիվ հակառակ արդյունքը եղավ։ Արդեն իսկ անհանգիստ կյանքս ավելի լարված դարձրեց։ Եթե չնկարեի, հավանաբար չէի տեսնի այն ծանր, հուզական ակնթարթները, որոնք վերապրում էին ծնողներս։ Բայց քանի որ նկարում էի նրանց, տեսնում էի ամեն ինչ։ Իրականում շատ բարդ էր։ Ըստ էության՝ միաժամանակ երկու գործ պիտի անեի։ Ծնողներիս համար մնում էի նրանց դուստրը, թեկուզ և տեսախցիկի հակառակ կողմում էի։ Խոսում էին ինձ հետ, իմ աջակցության կարիքն ունեին։ Չէի կարող նկարահանելու ընթացքում ժամանակավորապես չլինել դուստր կամ քույր։ Այդ իրադրությունում անհրաժեշտ էր որոշումներ կայացնել, որոնք չգիտեի էլ, թե ոնց կայացնեմ։ Վիշտը դեռ անծանոթ էր ինձ, պարզապես հետևում էի իմ զգացմունքներին։ Նույնը կարելի է ասել կինոստեղծման մասին։ Առաջ երբեք չէի նկարել ու չգիտեի ինչ անել, բայց ուղեղս պարզապես եռում էր։ Անհրաժեշտ էր հրատապ որոշումներ կայացնել՝ ուր շրջել տեսախցիկը, ինչպիսի կադր վերցնել, ինչպես շարժվել, ինչպես չշարժվել, ինչպես զգալ իրականության ռիթմը։ Ըստ էության՝ ամեն գիշեր քնելուց առաջ մտքովս անցնում էր, որ հաջորդ օրը չեմ կարողանա նկարահանումները շարունակել։ Այդ օրերին շատ էի լացում։ Բայց հաջորդ առավոտյան արթնանում ու շարունակում էի։

Որոշակի պահերի տեսախցիկը գիտակցաբար պարզում եք Ձեր կողմը։ Սրանք հիմնականում տվայտանքի ու անհատակ հուսահատության րոպեներն են։ Ամենաուժեղ պատկերներից է այն մեկը, որտեղ կտրել եք մազերը ու կանգնել եղբոր նկարի կողքին, ու երևում է ձեր անհերքելի նմանությունը։ Կարո՞ղ եք մեզ էլ տեղափոխել այդ ակնթարթների հուզական տիրույթ։
Անկեղծ ասած, սափրված գլխով տեսարանը շատ հետաքրքիր է ինձ համար։ Երբ հանդիսատեսը դիտում է այդ հատվածը, իրականում տեսնում է, թե ինչքան նման եմ եղբորս։ Իսկ հետաքրքիրն այն է, որ ես էլ այդ տեսարանում եմ դա պարզում։ Երբ տեսախցիկը շրջեցի իմ կողմը, ես էլ տեսա լուսանկարը։ Իսկ ինչ վերաբերում է ինձ նկարելուն, կարծում եմ՝ դրա համար դրդապատճառ պետք չէր։ Ֆիլմն էր ինձ առաջնորդում, ինձ հուշում՝ ինչը նկարեմ, ինչը՝ ոչ։ Մնացածը կատարվում էր մոնտաժի՝ ամենակարևոր փուլի ընթացքում։

Լինելով այսչափ անձնական ու յուրատեսակ ֆիլմը նաև համամարդկային որակ է ձեռք բերում։ Ձեր ընտանիքն ու եղբայրը, կարելի է ասել, խորհրդանիշ են դառնում, որոնց իմաստը միայն Արցախում կատարվածով չի սահմանափակվում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ձեր պատմությունը ինչ-որ առումով նաև խորհրդանշական է։
Իրականում պահ վրա հասավ, երբ որպես քույր շատ, անչափ բարդ որոշում պետք է կայացնեի, որպեսզի ֆիլմը համամարդկային դառնար։ Ֆիլմի վաղ սևագիր տարբերակն ավարտվում էր եղբորս արխիվային կադրերով, որտեղ նա դաշնամուր էր նվագում։ Համերգ էր, որին մասնակցել էր բանակ մեկնելուց առաջ։ Երկար ժամանակ, նույնիսկ տարիներ շարունակ տատանվում էի՝ թողնել այդ կադրերը, թե ոչ։ Մոնտաժի վերջնական փուլում գիտակցեցի, որ կադրերը չպիտի մնան։ Ի վերջո ջնջեցի ու հասկացա, որ այդպես ֆիլմը կդառնա պատերազմը վերապրող յուրաքանչյուր մարդու պատմությունը։ Շատ բարդ որոշում էր։ Բարեբախտաբար դա կայացնելիս մենակ չէի։ Մարդիկ կային, որոնց հետ կարող էի զրուցել ֆիլմի մասին, նրանք ինձ օգնում էին մտորել սրա մասին, և նրանցից ամենակարևորներն էին Մարինա Ռազբեժկինան և Դավիթ Ստեփանյանը։

Ուշագրավ է, որ հիշատակում եք` մենակ չէիք։ Չնայած տխրությանը՝ «1489»-ը նաև պատկերում է Ձեր շուրջը ստեղծված համերաշխության և միասնականության մթնոլորտը։ Դո՞ւք էլ էիք դա զգում։
Ե՛վ այո, և՛ ոչ։ Շատերն էին սատարում ինձ, երբ սկսեցի նկարահանումները։ Նրանցից մեկը Անի Հովհաննիսյանն է, նա դպրոցի տնօրենն է, որտեղ լրագրություն էի սովորում։ Նա տեսավ՝ ինչի միջով եմ անցնում, ընկերաբար ձեռք մեկնեց։ Նա իմ կողքին էր ֆիլմի ստեղծման սկզբից մինչև վերջ և հիմա էլ իմ կողքին է։ Նույնիսկ ծնողներիս էր օգնում, երբ անհրաժեշտ էր նրանց համար մի բան անել, որը միայնակ չէի կարող գլուխ բերել։ Բայցևայնպես, նույնիսկ եթե մարդիկ հասկանում էին ինձ, չէին կարող գիտակցել, թե ինչ եմ զգում, որովհետև դա այդ աստիճան հիմնված է իմ փորձառության վրա։ Այնուամենայնիվ արժեքավոր էր նման մարդկանց ներկայությունը, որոնք ինձ մղում էին աշխատանքի, երբ այլևս անկարող էի տեղից շարժվել։ Կամ էլ ուղղակի հնարավորություն էին տալիս զրուցելու և լաց լինելու, լսում էին ինձ։ Շատ կարևոր էր։ Այդ առումով, այո՛, մենակ չէի։ Բայց այս ֆիլմը նկարելը միայնակ աշխատանք էր։ Շատ ու շատ միայնակ։

Հավանաբար տարօրինակ ու աներևակայելի է, որ ֆիլմը մասնակցեց IDFA-ին և արժանացավ Գլխավոր մրցանակին։
Վերջերս խոսում էի ընկերներիցս մեկի հետ, որը ներկա էր նկարահանումների գործընթացին։ Երբեմն նա մտաբերում է տեսարաններ, որոնք նույնիսկ ես այլևս չեմ հիշում, դրվագներ, որ պատկերում էին, թե ինչպես էի ինձ զգում, նման բաներ։ Խոսում էինք, որ ֆիլմն ավարտելուց հետո անչափ երջանիկ էի, որ վերջին ենք մոտեցել։ Որովհետև գործընթացի վերջնական փուլում, երբ զբաղվում էինք տեխնիկական հարցերով, արդեն գրեթե սողեսող էի քայլում։ Դրա համար ուրախ էի, զգացողություն ունեի, թե աշխարհն արդեն իմն է։ Հետո էլ IDFA-ն ֆիլմը ներառեց իր ծրագրում։ Նույնիսկ չէի գիտակցում, թե դա ինչ խոշոր փառատոն է, երբ ֆիլմը ներկայացնում էի, բայց ամեն դեպքում ուղարկեցի, ընդունեցին, ու անչափ գոհ էի։ Դրանից ավելի ոչինչ չէի կարող երազել։ Հետո, երբ ֆիլմը հաղթեց, ես զգում էի՝ ասես ոչ թե ես, այլ Հայաստանն է կանգնած է այդ բեմին, ու նրան տեսնում է աշխարհը։ Մարդիկ վերջապես տեսան, տեսան այդ պայքարը։ Դրանից հետո ժամանակ էր պետք, որ գիտակցեմ կատարվածը։ Մարդիկ հարցնում էին՝ հասկանո՞ւմ ես, թե ինչ ես արել, հասկանո՞ւմ ես՝ սա ինչ մրցանակ է։ Միայն այդ ժամանակ սկսեցի գիտակցել։ Բայց մինչ օրս էլ, կարծում եմ, մինչև վերջ չեմ գիտակցում։ Ամեն ինչ շատ անիրական է թվում։

Հյուխո Էմերզաել