daily

«Ֆիլմի գաղափարն ի սկզբանե եղել է ստիգման խնդրականացնելը». հարցազրույց Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի հետ

Հայերեն Daily #3
«Ոսկե ծիրան» փառատոնի տարածաշրջանային մրցույթում ընդգրկված` Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռը» պոետիկ և քաղաքական կինոյի տպավորիչ նմուշ է: Սա ծայրահեղ անձնական պատմություն է` կապված ռեժիսորներից մեկի տրավմատիկ փորձառության հետ: Տարիներ առաջ Մարիամ Չաչիայի մոտ տուբերկուլոզ էին ախտորոշել. մեծ հավանականություն կար, որ նրան կտեղափոխեն Աբասթումանի` Վրաստանի հեռավոր սարերում մեկուսացված հիվանդանոց: Մարիամը, բարեբախտաբար, առանց դրա էլ ապաքինվում է, բայց հիվանդանոցի ուրվականը հետապնդում է նրան մղձավանջներում: Տարիներ անց նա իր մեջ ուժ է գտնում և համառեժիսոր Նիք Վոյթի հետ մեկնում Աբասթուման, որպեսզի հաղթահարի իր վախերը:

«Երբ Նիքին պատմեցի, որ տուբերկուլոզ եմ ունեցել, և թե ինչպես է դա ազդել իմ կյանքի վրա, նա ուղղակի ապշել էր, որ ստիպված էի թաքցնել հիվանդությունս, և որ դա մինչ օրս տաբու թեմա է Վրաստանում,- անկեղծանում է Չաչիան: - Մենք հասկացանք, որ պետք է այս փորձառությունից ֆիլմ ստեղծենք ու միգուցե ուրիշներին քաջալերենք դրա մասին խոսելու: Ֆիլմի գաղափարն ի սկզբանե եղել է ստիգման խնդրականացնելը և այս գաղտնիության շղարշը պատռելը»:

Էկրանին հայտնվելու առաջին իսկ րոպեներից (անգամ եթե չգիտես վայրի հետագա ճակատագրի մասին) Աբասթումանը ուրվական-շենքի կամ հասարակությունից մեկուսացված մարդկանց համար քավարանի տպավորություն է թողնում: Մյուս կողմից՝ հիվանդանոցային մթնոլորտը` ռուսախոս բժիշկները, ճռռացող հատակն ու դռները, շատ լավ ծանոթ է բոլորին. հետխորհրդային երկրներում համընդհանուր գիտակցության մաս է: «Սա ֆիլմի առաջին ցուցադրությունն է տարածաշրջանում,- նշում է Չաչիան:- Միգուցե եվրոպական հանդիսատեսը դա չնկատի, բայց կարծում եմ` Հայաստանում կհասկանան, որ նման հաստատությունում, որտեղ պացիենտների մեծ մասը նախկին դատապարտյալներ են, գործում է բանտային հիերարխիայի համակարգ, ընդհուպ «հիվանդանոց նայող», ինչը բնականաբար անվտանգ միջավայր չէ ո՛չ բուժաշխատողների, ո՛չ էլ այլ պացիենտների համար»: Չնայած բոլոր այս խոչընդոտներին` ռեժիսորներին հաջողվում է վաստակել մարդկանց վստահությունը և ցույց տալ նրանց կյանքի բնականոն ընթացքը: «Շատ բարդ է դիտարկող վավերագրական ֆիլմ ստեղծելը, քանի որ դու փաստացի խնդրում ես հերոսներիդ մերկանալ` ո՛չ ֆիզիկապես, մեկ այլ իմաստով,- բացատրում է Վոյթը:- Եվ դա անելու թերևս ամենալավ տարբերակը ռեժիսորի կինոխցիկի առջև հայտնվելն ու իրենց խնդիրների մասին խոսելն է, ինչը և արեց Մարիամը»:

Սյուժեն անհավանական զարգացում է ստանում: Հանկարծ ինքնահոգեթերապիայի փորձը վերածվում է կոլեկտիվ հիշողության մասին ֆիլմի, իսկ հետո` սուր քաղաքական երանգներ ստանում. անձնականն իրապես քաղաքական է: «Այս նախագիծը շատ երկար ճանապարհ է անցել` 5 տարվա նկարահանումներ և 4 տարվա մոնտաժ, և այդ ընթացքում փոխվել է ամեն ինչ` թե՛ պատմությունը, թե՛ մթնոլորտը, թե՛ մարդիկ,- մանրամասնում է Վոյթը - Ժամանակի ընթացքում նոր նարատիվներ սկսեցին բացահայտվել. շենքը վերածվեց Վրաստանի վերջին հարյուր տարվա պատմության խորհրդանիշի` հիմնված Ռոմանովների, ձևափոխված Խորհրդային Միության ժամանակ և այսօր՝ մեր օրերում, յուրացված օլիգարխների կողմից»: Բոլորն այնքան ջանք են գործադրել, որ այս տարածքն իրենցը դարձնեն` «համառորեն» վերացնելով պատմական ժառանգությունը, անցյալից մնացած հիշողությունը: Ասես Աբասթումանի կախարդական հմայքը կուրացնում է իշխանություն ունեցողներին: «Երբ սկսեցինք նկարահանումները, ոչ ոք չէր կարող նույնիսկ պատկերացնել այն, ինչ պատահեց հիվանդանոցի հետ վերջում,- ցավով արձանագրում են ռեժիսորները:- Տարբեր խոսակցություններ էին պտտվում` հիմնականում այն մասին, որ հիվանդանոցը վաճառվել է և հյուրանոցի է վերածվելու: Բայց այն, ինչ արեցին այդ անչափ գեղեցիկ պատմամշակութային կոթողի հետ, մեծ ցնցում էր բոլորի համար»:

Ալեքսանդր Մելյան