daily

«Արխիտեկտոն»․ Մարդկանց մուտքն արգելված է

2024-07-11 15:00 Հայերեն Daily #1
Արխիտեկտոն (Վիկտոր Կոսակովսկի, Գերմանիա/Ֆրանսիա/ԱՄՆ, 2024), Երևանյան պրեմիերա, 9.07 17:30 Կինոյի տան Մեծ դահլիճ

2018-ին էկրաններ բարձրացավ վավերագրող Վիկտոր Կոսակովսկու «Ակվարելը»՝ մասշտաբային պատում, որտեղ գլխավոր հերոսը ջուրն էր իր ամենատարբեր ֆիզիկական կերպարանքներով ու ներկայությամբ՝ հսկա սառցաբեկորներից մինչև փիրուզագույն ալիքներ։ Կոսակովսկին բարդ պայմաններում իրականացված տպավորիչ ու էսթետիկ, անգամ մեդիտատիվ նկարահանումներին զուգահեռ ասես հիշեցնում էր, թե ինչ կարող է լինել մեր մոլորակի հետ, երբ այդ սառցաբեկորները հալչեն՝ միաձուլելով ջրի երկու՝ պինդ և հեղուկ տեսակները։ Այս տարվա նոր՝ «Արխիտեկտոն» կոչվող ժապավենը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ փետրվարին Բեռլինի միջազգային կինոփառատոնում, մեկ այլ բնական ռեսուրսի՝ քարի մասին է։ Հենց այդ օրերին ռեժիսորը նշեց, որ սկզբում ցանկացել է նկարահանել կատակերգական երանգով ֆիլմ՝ քովիդյան ժամանակաշրջանի դատարկ մեգապոլիսների ու երկնաքերների մասին, սակայն Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո փոխել է դիտանկյունն ու կենտրոնացել մարդ արարածի ավերիչ էության վրա, փլատակների և այն գաղափարի, թե ինչպես ենք մենք ավերում այդ նույն քարը, որով արարում ենք։

Ինչպես «Ակվարելում» և «Արխիտեկտոնին» նախորդած «Գունդայում», որը կենդանական ֆերմայի բնակիչների՝ ի դեմս խոզամայր Գունդայի մասին էր, այստեղ կենտրոնում բնությունն է և մարդու փոխհարաբերությունները դրա հետ։ Քարերի դանդաղ, պարային, հիպնոսացնող, իսկ դրան հաջորդող դխկդխկացնող և լսողությունն ասես խուտուտ տվող ձայների արանքում կա մի կենտրոնական հերոս՝ իտալացի ճարտարապետ Միկելե Դե Լուկին: Նա իր տան այգում խնամքով ու անշտապ, երկու շինարարի օգնությամբ կառուցում է քարե շրջան։ Անձրևի և թաց ձյան առկայությունը չի կանգնեցնում ճարտարապետին, և տպավորություն է ստեղծվում, որ նա կատարում է ինչ-որ առաքելություն, գերնպատակ, պետք է հասցնի ժամանակին ավարտել անհասկանալի շրջանի ստեղծումը։ Առանց մանրամասնելու՝ նա հայտնում է, որ վերջինը ոտք կդնի շրջանի ներսում, և դրանից հետո այդտեղ կարող են հայտնվել միայն իր կենդանիները, բայց ոչ մարդիկ։

Կոսակովսկու «Արխիտեկտոնում» բազմատեսակ քարերի ու կիսաքանդ շինարարությունների ֆոնին, թվում է,մարդը ոչ միայն ավերման էպիկենտրոնում է, այլև անվերջ ցիկլի մեջ, ինչպես բետոնե փլատակները հավաքող և տեղափոխող մեքենաները, որոնք մեխանիկորեն դատարկվում են և նորից լցվում անվերջ թվացող շինարարական աղբով։ Մարդն իր իսկ ստեղծածը քանդում է և կառուցում, կառուցում է և քանդում, մինչդեռ կենդանիները մտահայում են բնությունն ու բնականը՝ մուտք գործելով մոգական շրջան, ուր մեր մուտքն առայժմ արգելված է։

Դիանա Մարտիրոսյան