daily

Հրանտ Վարժապետյան․ «Ուզում էի այս ֆիլմով հարգանքի տուրք մատուցել զոհված ընկերներիս»

Հայերեն Daily #3
Երբ վտանգը թակում է դուռը, ի՞նչ քայլերի եք դիմում։ Բարոյապես ինչպե՞ս եք նախապատրաստվում տագնապներին, որոնց վստահաբար կառերեսվեք։ Հրանտ Վարժապետյանի կարճամետրաժ «Տուն» ֆիլմում այս հարցերին պատասխան է տրվում ցավագին հզոր պատկերներով, որոնք փոխանցում են երիտասարդի հոգեկան տվայտանքները, երբ նրան ուղարկում են ճակատ՝ պաշտպանելու Արցախի սահմանները։ Բայց նախ ականատես ենք տոնախմբության։ Ընտանիքը վայելում է լիառատ ճաշը, բայց լռում, երբ հորեղբայրը խոսում է երիտասարդի հերոսականության մասին։ Նա հերո՞ս է։ Թե՞ պարզապես երկյուղած պատանի։

Վարժապետյանի հինգերորդ կարճամետրաժ ֆիլմը հուզիչ ձոն է նրա մտերիմ ընկերներին, որոնք զոհվել են Արցախյան պատերազմում։ «Ուզում էի այս ֆիլմով հարգանքի տուրք մատուցել ընկերներիս,- պարզաբանում է երիտասարդ ռեժիսորը Երևանում «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի «Տուն» ֆիլմի ցուցադրության նախորդ օրը։ «Այս ֆիլմը միաժամանակ թույլ է տվել պարպել բոլոր զգացմունքները, որոնք կուտակվել էին պատերազմից ի վեր»։

Ֆիլմի պրեմիերան 2024-ին է տեղի ունեցել, դա գուցե ակնարկ է, որ ռեժիսորը մի քանի տարի մտորել ու համակերպվել է վշտին, բայց իրականում Վարժապետյանը մոտ երկու տարի առաջ՝ հենց պատերազմից հետո է հղացել ֆիլմի գաղափարը։ «Հիմա ենք ավարտել հետարտադրական գործընթացը»,- մեկնաբանում է նա։ Դրա համար «Տուն» ֆիլմում մեր տեսած ու զգացած ցավը սուր է և սաստիկ։

Ֆիլմի կադրերից մեկը լավագույնս է փոխանցում դա․ այն պահը, երբ երիտասարդը մենակ է սենյակում և նայում է հեռուստացույցին։ Էկրանին թնդում են պատերազմի մասին լուրերի կադրերը, և տեսնում ենք տղայի արտացոլանքը, երբ արկերի բոցերը լիովին կլանում են նրան։ «Դա չէինք ծրագրել,- խոստովանում է Վարժապետյանը ֆիլմի հզորությունն ընդգծող վիզուալ առանձնահատկության մասին խոսելիս։- Հանպատրաստից է ստացվել, նկարահանման հրապարակում. հեռուստացույցը միացրած էր, որոշեցինք այդպես նկարել»։ Դա վերահաստատում է, որ Վարժապետյանի մտածելակերպը ճիշտ է գործել, երբ նա ստեղծել է այս սրտառուչ և խորաթափանց ֆիլմը։ «Ինձ համար «Տունը» ճիշտ գործիքակազմ գտնելն էր, որը հավուր պատշաճի կպատմեր այս պատմությունը»։

Հյուխո Էմերզաել