daily

GAIFF Pro Critics Campus: «Գամոդի»

2024-07-11 15:56 Հայերեն Daily #2
հեղինակ՝ Էլիզաբեթ Ալպաիձե

Ֆելիքս Քալմենսոնի «Գամոդի»-ն Քովիդի համավարակի պայմաններում մենության պոետիկ մեկնություն է։ Ֆիլմը պատմում է տրանսվիստիտ Վիկտորի մասին, որն ապրում է կիսակառույցում Տարզան անունով դեռահասի հետ։ «Գամոդի»-ն խորությամբ ուսումնասիրում է քվիր համայնքի մեկուսացման խնդիրը ավանդապաշտ հասարակությունում, ինչն ավելի է սրվում համավարակի և անկայուն տնտեսության պատճառով։ Թբիլիսին, որը սովորաբար պատկերում են իբրև աղմկոտ, արևային քաղաք, «Գամոդի»-ում այլ տեսանկյունից է ներկայացվում։ Ռեժիսորը հմտորեն օգտագործում է լքված շենքերն ու գրեթե ամայացած քաղաքային համայնապատկերը` գլխավոր հերոսների մենությունը փոխանցելու համար։

Ֆիլմի ամենագրավիչ կողմը Զարինա Կոձաթիի օպերատորական աշխատանքն է, որն անրջային որակ է հաղորդում ֆիլմին։ Երկարատև ստատիկ կադրերը և տեսախցիկի անսովոր ռակուրսներն անձկության և մեկուսացման զգացողություն են արթնացնում։ Բայց Քալմենսոնի և Անա Գզիրիշվիլիի սցենարը չի հասնում ֆիլմի վիզուալ գրավչությանը։ Սցենարը խորամուխ չի լինում կերպարների մեջ, նրանց դրդապատճառներն անհայտ են մնում, իսկ պատումը փոքր-ինչ միանման է և ավելի բնորոշ կարճամետրաժ կինոյին։

Բայցևայնպես Մեթ Շալիի մանրակրկիտ և զգայուն խաղը կյանք է հաղորդում Վիկտորին, թույլ տալիս հայացք գցել կերպարի ներաշխարհին։ Շալին «Գամոդի»-ում գեղեցկության և բարդության շերտ է ավելացնում ու թույլ տալիս կարեկցել Վիկտորին։ Նրա շարժումներից կամ հույզերից ոչ մեկը պատահական չէ, ամեն փոքրիկ ժեստ ցայտուն ցուցադրում է կերպարի աշխարհայացքը։ Շալին տպավորիչ է ամեն կադրում և իր ներկայությամբ ստվերում է ամեն ինչ։ Օպերատորական աշխատանքը և գլխավոր դերակատարի խաղն առանձնանում են, բայց «Գամոդի»-ի սցենարը չի համապատասխանում Կոձաթիի ստեղծած մթնոլորտին։