daily

Ծուռումուռ շրջադարձեր և սարսռեցնող կանխատեսումներ․ «Ծուռ ծիրան» ծրագիր

Հայերեն Daily #1
«Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի 20-ամյակին «Ծուռ ծիրան» ծրագիրը վերադառնում է թարմ, հին և անսպասելի շրջադարձերով, որոնք երևան են հանում անցյալի ցնցումները և ապագայի սարսռեցնող կանխատեսումներ են անում: Ի հարգանս փառատոնի պատվավոր հյուր, բացառիկ պրոդյուսեր Ջերեմի Թոմասի՝ կցուցադրվի Դեյվիդ Քրոնենբերգի «Վթարը»՝ 21-րդ դարի մեր թուլությունների սադրիչ նախազգացումը և 1990-ականների ամենաաղմկահարույց ֆիլմերից մեկը: Մեր տագնապներն այլ տեսանկյունից կուսումնասիրի Դյորդյ Ֆեհերի «Մթնշաղը»՝ նորովի բացահայտված և վերականգնված հունգարական դասական գործ, որը բազմակողմանիորեն զննում է բոլորիս մեջ ապրող բացարձակ չարիքը: Էլ ինչպե՞ս դիմանալ բոլոր սարսափներին, եթե ոչ արյունոտ կատակերգությամբ: Հենց դրան ականատես կդառնաք՝ դիտելով Տակեշի Կիտանոյի նոր արնաթաթախ պատմական հերոսապատումը՝ «Վիզը», որի պրեմիերան վերջերս է կայացել Կաննի ՄԿՓ-ում: Անցյալի չլուծված խնդիրների մասին կխորհրդածի չիլիացի կինովարպետ Լիսանդրո Ալոնսոյի վերջին առեղծվածային գործը՝ «Էվրիկան», որն ավելի շատ կախարդանքի է նման, քան պատմողական ֆիլմի: Հաճելի է տեսնել, որ կինոյի սահմաններն ընդլայնվելով հասնում են ծայրակետին, այդ իսկ պատճառով հայկական սփյուռքի ամենատաղանդավոր ժամանակակից կինոգործիչ Գարուշ Մելքոնյանի երկու կոնցեպտուալ ֆիլմերի հայաստանյան պրեմիերաներն արժանի տեղ են գտել «Ծուռ ծիրան» ծրագրում: Մելքոնյանի՝ տեսողական հաճույք պատճառող խորհրդավոր աշխատանքները ոգեշնչվել են տարատեսակ գիտաֆանտաստիկ, արտհաուսային և կատակերգական թեմաներից, բայց դրանք վերածվում են պատմելու և մեր իրականությունը հարցականի տակ առնելու հիմնովին նոր եղանակի:

Վիգեն Գալստյան