daily

Ցուցահանդեսների եռյակ

2023-07-13 15:41 Հայերեն Daily #2
Ընդգրկուն կինոծրագրից զատ՝ այս տարվա «Ոսկե ծիրանն» ուղեկցվում է հավակնոտ և բազմազան ցուցահանդեսային ծրագրով, որը բաղկացած է երեք ծրագրից, որոնց մուտքն ազատ կլինի այցելուների համար՝ լիովին այլ շունչ հաղորդելով փառատոնային միջոցառումներին: Վիգեն Գալստյանի կողմից համադրված «Սև արև՝ մելամաղձության սառը հմայքը, Լավ Դիասից մինչև հայկական արվեստ» ցուցահանդեսը, որը բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահում, և որտեղ ցուցադրված են ինչպես Լավ Դիասի՝ 2008-ին լույս տեսած «Մելամաղձ» ստեղծագործությունը՝ ներկայացված ինստալացիայի ձևով, այնպես էլ Հայաստանից և Սփյուռքից 20 արվեստագետների աշխատանքները, որոնցում արտացոլված են այն տարբեր ուղիները, որոնց միջոցով հայ արվեստագետներն անդրադարձել են կորստի գաղափարին 19-րդ դարից մինչև մեր օրերը:

Անցյալը ներկային կապելու գաղափարն է ընկած նաև Արեգ Կոզմոյանի «ԱՆՑուԴԱՐՁ․ հարյուրամյա գիֆապատում» ցուցահանդեսը, որի բացումը տեղի կունենա հուլիսի 12-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում: Այդ ցուցադրության համար կինոօպերատորը մանրամասն ուսումնասիրել է հարյուրամյա հայ կինոն՝ բովանդակալից կադրեր քաղելով մոտ հարյուր ֆիլմերից և ինստալացիայի ձևով ցուցադրելով դրանք շարժական GIF պատկերների չընդհատվող շրջապտույտում: Այդպիսով, Կոզմոյանը GIF-երի համբավը՝ որպես համացանցային երևույթ, կապում է հայ կինոյի պատմությանը՝ ամրապնդելով հայկական կինոժառանգության ցանցային բնույթը:

Մեկ օր անց՝ հուլիսի 13-ին, «Դալան» պատկերասրահում կմեկնարկի «Բեռլինը մաքրուհու աչքերով» ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվեն կինոռեժիսոր-վավերագրող Նունե Հովհաննիսյանի լուսանկարները: Այս անձնական ցուցադրությունը պատմում է Հովհաննիսյանի՝ Բեռլինում անցկացրած տասներկու տարիների մասին՝ բացահայտելով նրա հարաբերությունները քաղաքի հետ, նրա մտորումները և ինչ-որ առումով՝ անիրական կյանքը, որ ապրել է այնտեղ: Այսպիսով, այդ լուսանկարները հաղորդում են հետաքրքիր և անձնական ընկալում ներգաղթյալի փորձառության մասին, որը նույնքան անձնական է, որքան համամարդկային:

Հյուգո Էմերզաել