daily

Հարցազրույց․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՓԵՅՆ

Հայերեն Daily #2
Հուլիսի 8-ի երեկոյան «Մնացածները» ֆիլմի ցուցադրությունից առաջ և «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում 5-ֆիլմանոց հետահայաց ծրագրի բացման շրջանակում ամերիկացի ռեժիսոր, կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը խոստովանեց, որ մոտ 10 տարի բանակցում էր փառատոնի հետ, բայց միշտ ինչ-որ խոչընդոտ էր ծագում։ Հիմա նա վերջապես այստեղ է և ոչ միայն «Փարաջանովյան թալեր» է ստանալու կինոյում ավանդի համար, այլև Միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է և իր գործընկերներ Փիթեր Սքարլեթի, Գրիգոր Պըլտյանի, Ալեքսանդրիա Բոմբաքի և Խայմե Նոգերայի հետ որոշելու է հաղթողներին։

Համասցենարիստ Ջիմ Թեյլորի հետ Փեյնը հեղինակել է վերջին տասնամյակների ամենասրամիտ ամերիկյան կատակերգությունները։ Նա այն հազվագյուտ կինոռեժիսորներից է, որ իրապես հեղինակ է, բայց որի մտապատկերը կարող է վայելել ցանկացած տեսակի հանդիսատես։ Ինչ էլ ասենք Փեյնի կինոյի մասին, կարելի է ասել նաև Փեյնի անձի մասին։ Զվարճալի, խելացի, շատ սրամիտ, երբեք բաց չի թողնում կատակելու կամ ընկերաբար խայթելու հնարավորությունը, և այս ամենի հիմքում է անհերքելի հմայիչ ու խոր սերը դեպի մարդ արարածը, մեր թերություններն ու ինքներս մեզ գտնելու հուսահատ ձգտումը։

Նախ և առաջ շնորհակալություն Ձեզ, քանի որ մոտ 15 տարի առաջ «Շմիդտի մասին»-ը երևի առաջին ֆիլմն էր, որը դիտելուց հետո ես լացեցի։
Ես էլ հաճախ լացում եմ, երբ ֆիլմը լավն է լինում։ Արտասվում եմ ֆիլմի գեղեցկությունից։ Անցած շաբաթ երկու անգամ այդպես է եղել։ 1948-ին Բիլի Ուայլդերը «Արտասահմանյան սիրավեպ» անունով ֆիլմ է նկարահանել, գլխավոր դերերում՝ Մառլեն Դիտրիխ ու Ջին Արթուր։ Այնքան հոյակապ էր, որ վերջում արտասվեցի, հավատս չէր գալիս, որ նման հիասքանչ ֆիլմ եմ նայել։ Նույնը եղավ, երբ մի ֆիլմ նայեցի, որը շատ եմ տեսել, բայց երկար տարիներ չէի վերանայել։ Քանի անգամ էլ հզոր ֆիլմը վերանայես, ինչ-որ առումով ասես առաջին դիտումը լինի։ «Ուորներ բրազերսի» 1939 թվականի գանգստերական ֆիլմն էր՝ Համֆրի Բոգարտի և Ջեյմս Քեգնիի մասնակցությամբ, կոչվում էր «Բուռն 20-ականները», ռեժիսոր՝ Ռաուլ Ուոլշ։ Առաջին անգամ այդ ֆիլմը տեսել եմ երևի 8 տարեկանում, գիշերվա կեսին ծածկոցի տակ թաքնված՝ ճստիկ հեռուստացույցով, որ ծնողներս չիմանան՝ արթուն եմ․ հենց այսպիսին է եղել իմ վաղ շրջանի կինոկրթությունը։ Բայց բոլորս էլ գիտենք ֆիլմեր, որոնց վերջում կարող ենք լացել։ Իսկ ո՞ր ֆիլմերն են մեզ լացեցնում հենց ամենասկզբում։ Կամ, ասենք, առաջին կես ժամվա ընթացքում։ Կարճ ցուցակ ունեմ։ Կուրոսավայի «Ապրելը»․ սկզբում տեսնում ենք, թե հերոսի կինը ինչպես է մահացել, հերոսը ոնց է վերաբերվում որդուն, և ապա որդին ոնց է վերաբերվում հորը։ Նույնն էլ Փիքսարի «Վեր» մուլտֆիլմում է։ Հերոսի և նրա կնոջ կյանքի համառոտ պատմությունը, թե ինչպես չեն կարողանում երեխաներ ունենալ, ժամանակակից կինոյի ամենաազդեցիկ դրվագներից է։

Ձեր ֆիլմերից շատերի գործողությունները տեղի են ունենում Նեբրասքայում, Դուք էլ ծնունդով Օմահայից եք։ Ամերիկյան միջինարևմտյան նահանգների բնակչի կերպարը Ձեր ֆիլմերի հիմնասյունն է համարյա թե։ Ինչ-որ կոնկրետ մանկական հիշողություններ կա՞ն, որ ազդել են Շմիդտի պես կամ «Ընտրության» հերոսների ձեր անթերի ընկալման վրա։
Խոսում եք իմ ընկալման մասին։ Կարծում եմ՝ կինո նկարելու պատճառներից մեկը չընկալելն է։ Ջանում ես լուծել հանելուկը, հատկապես եթե ֆիլմը նկարում ես այնտեղ, որտեղ մեծացել ես։ Կարող ես ճիշտ որսալ մանրուքները և ռիթմը, բայց մեկ է, փորձում ես պատասխան գտնել մի շարք հարցերի՝ ինչո՞ւ, ո՞վ, և ի՞նչ է իմ կյանքը։ Ովքե՞ր են այս մարդիկ։ Այս ի՞նչ մոլորակ է։ Նաև հարցնում եք՝ ինչո՞ւ եմ ուզում նկարել Օմահայում կամ Նեբրասքայում։ Ոչ բոլորը, բայց շատերը սիրում են ֆիլմեր նկարել այնտեղ, որտեղ ծնվել ու մեծացել են։ Մեկ ուրիշ հարցազրույցում այս օրինակն արդեն բերել եմ․ Մարտին Սկորսեզեին չեք հարցնի, չէ՞, թե ինչու է Նյու Յորքում նկարում։ Փոլ Թոմաս Անդերսոնին չեք հարցնի՝ ինչու է Լոս Անջելեսում նկարում։ Պարզապես սրանք հսկայական քաղաքներ են, որոնք ֆիլմերում շատ եք տեսնում։ Ինչ վերաբերում է կոնկրետ մանկական հուշերին․․․ Չէի ասի, բայց վերջերս կարողացա արտահայտել մի բան, ինչ առաջ չէր ստացվում։ Հասկացա, որ ես ավելի շատ հիշում եմ դիտածս ֆիլմերը, քան իմ կյանքը։

Ուրեմն՝ «ծածկոցի տակ թաքնված՝ ճստիկ հեռուստացույցով ֆիլմեր դիտելը» մշտակա՞ն երևույթ էր։
Հա, որովհետև միայն այդ ժամանակ կարող էի դիտել հին ֆիլմերը, փոքր ժամանակվանից խելքս գնում էր հին ֆիլմերի համար։ 60-ականներին սկսել էին հետահայաց ցուցադրություններ կազմակերպել, մասնավորապես կատակերգություններ էին ցույց տալիս՝ Մարքս եղբայրներին, Լորելին ու Հարդիին, Չապլինին և Ու․Կ․ Ֆիլդզին։ Ես հիշում եմ, որ ուշ գիշերին, ծածկոցի տակ թաքնված սիրահարվեցի «Ուորներ բրազերս»-ի գանգստերական ֆիլմերին և «Յունիվերսալ»-ի սարսափներին։ Ես միակը չեմ։ Շատ կինոմաններ նույնպես ծածկոցի տակ թաքնված էին ճստիկ հեռուստաէկրանների առաջ։ Երեխաները հիմա չեն գիտակցում, թե ինչ ոսկե դարում են ապրում, կարող են ցանկացած պահի ցանկացած ֆիլմ դիտել առցանց։ Եվ իհարկե․․․ հիմա, երբ մարիխուանան այնքան շատ տեղերում է օրինական, որ կարելի է գնել ոչ միայն ծխելու, այլև սննդի մեջ օգտագործելու համար և կանխատեսելի արդյունքներ ստանալ։

Այնքան լավ եք պատկերում մարդկանց, որոնք, ըստ էության, իրենք իրենց սթափ չեն գնահատում։ Հատկապես «Ընտրություն» ֆիլմում․ Մեթյու Բրոդերիքի կերպարի ներքին մենախոսությունն անընդհատ ամեն ինչ ներկայացնում է լրիվ այլ լույսի ներքո։
Այդ կուրությունն այս կերպարներին հոյակապ է դարձնում։ Ու դա շատ մարդկային հատկանիշ է։ Բոլորս ենք այդպիսին, մեր գլխում անդադար մենախոսում ենք։ Կյանքում ամենավատը ստերին հավատալն է։ Դե, մարդը, որի ստերին ամենաշատն եմ հավատում, հենց ես եմ։ Շարունակ մտովի կրկնում ենք նույն ստերը․ «Ծխելը թարգելու եմ, սա եմ անելու, նա եմ անելու»։ Բայց հետո շարունակում եք՝ ոնց կա։ Ինչքան էլ գործենք բարի մղումներով, ոչինչ չենք կարող փոխել։ Դրա համար մեզ արվեստ է անհրաժեշտ, նույն նպատակով մարդիկ բուժումների են գնում կամ հոգեվերլուծաբանի այցելում կամ մեդիտացիա են անում, որ տեսնեն կամ էլ փորձեն տեսնել գերեսը կամ եսի խորքում թաքնված եսը։ Հավիտենական եսը։ Հասկանալ, թե ինչ գրողուցավով ես զբաղված կյանքում։ Հուսամ՝ կինոն էլ է նույնն անում։ Հենց դա է «Ընտրության», ինքներս մեզ ստելու և արտակադրային ձայնի օգտագործման հիմքում․․․ Ու դե համ էլ շատ զվարճալի է։

Ճի՞շտ է, որ սա Օբամայի ամենասիրելի քաղաքական ֆիլմն է։
Չեմ կարող ասել՝ ճիշտ է, թե ոչ։ Բայց նա անձամբ երկու անգամ ինձ ասել է, որ այդպես է։ «Դո՞ւք եք նկարել «Ընտրությունը»։ Իմ սիրելի քաղաքական ֆիլմն է»։

Ձեր կարիերան արվեստագետի զարգացման վառ օրինակ է։ Սկսել եք երգիծանքից, որը հետագայում վերածվել է մարդու կեցության մասին կատակերգությունների։
Դեռ ուզում եմ լավ երգիծանք ստեղծել։ Չեմ ուզում դա մոռանալ։ Բայց խոսում էինք կինոազդեցությունների մասին։ Մենք այլ ազդեցությունների էլ ենք ենթարկվել։ Չեմ ուզում համեմատվել, բայց Չեխովը․․․ նույնը տեսնում ենք Չեխովի արվեստում, նրա վաղ շրջանի երգիծանքն ամսագրերում հրատարակված երկու-երեք էջանոց գործեր էին և պարզապես ծանակում էին մարդկանց։ Հետո աստիճանաբար պատմվածքներն ավելի խորացան ու մարդկային դարձան։ Չեմ համեմատվում, բայց հիանում եմ Չեխովի աշխատանքով, նրա հետագծով. նա երբեք չի կորցրել հումորի զգացումը։

Բրիտանացի կինոքննադատ Մարկ Քերմոդը հիանալի խոսք ունի․ «Տարբերություն կա երգիծանքի և հիմարության վրա ծիծաղելու մեջ»։ Երբևէ մտածե՞լ եք, որ գուցե չափերն անցնում եք։
Երբեք չեմ մտածել, որ չափերն անցնում եմ։ Պիտի իմ համասցենարիստ Ջիմ Թեյլորին հիշեմ, որովհետև դա մեր համատեղ զգացողությունն է։ Մենք ծանակում ենք մարդկանց ու չենք ծանակում։ Գոնե մեզ նրանցից վեր չենք դասում, պարզապես զգում ենք։ Բոլորս էլ նույն հին ու բարի մարդկային կեցության մի մասն ենք․․․․ Բայց կատակերգություններ ենք նկարում։ Գիտենք, որ ստորություն չենք անում։ Մեզ մեր կերպարներից վեր չենք դասում․․․ Դե, բացառությամբ մի քանի դեպքի։

ԱՄՆ-ում և աշխարհում կատարվող իրադարձությունները հաշվի առնելով՝ հիանալի կլիներ, որ մի նոր երգիծական ֆիլմ նկարեիք։
«Ընտրության» հավանական շարունակությունը նկարելու գայթակղությունը մեծ է, ծանր ու թեթև ենք, թե ինչքանով է հնարավոր ծաղրել ներկայիս քաղաքական թատերաբեմը։ Չափազանց հեշտ է, ինքնին երգիծանք է, իսկ կատակերգուները ամեն երեկո քաղաքականությունը ծանակում են հեռուստատեսությամբ, որովհետև զվարճալի է։ Որպես կինոռեժիսոր՝ եթե քաղաքական ֆիլմ նկարելու ցանկություն կա, ուրեմն պիտի մարդկային ֆիլմ ստեղծեք։ Մարդկային դեմքով, մարդկային պայքարով։ Նկատի ունեմ այն, ինչ կատարվում է հանրության աչքի առջև։ Ջիմի և ինձ համար «Քաղաքացի Ռութ»-ը և «Ընտրություն»-ն ավելի շատ անհատական հոգեբանական ողբերգություններ են, որոնք ծավալվում են հանրային թատերաբեմում։ Առաջ դա ամենուր էր, ուրեմն տեղին ծաղրելը լավ է։ Ոչ թե մակերեսորեն ծանակել քաղաքականությունը, դրանից օգուտ չկա։ Մեզ հետաքրքրում են մարդիկ։

Դա միայն թշնամություն է ծնում, չէ՞։
Այո՛, երբեք, նույնիսկ քաղաքական փոխաբերություն համարվող «Ընտրությունը» ստեղծելիս քաղաքականության մասին չեմ մտածել։ Մտքիս էին միայն ավագ դպրոցի աշակերտներն ու կերպարները։ Հիմա չեմ պնդում, թե փոխաբերություն չկա, ուղղակի ասում եմ, որ դրա մասին չէի մտածում։ Ոչ մի դիտավորություն։ Ուզում էի ուղղակի լավ պատմություն պատմել։ Հենց դա է պատմելու, վեպ կամ իմ դեպքում սցենար գրելու յուրահատկությունը։ Կենտրոնանում ես մարդկանց ու պատմությունների վրա, հավատում, որ իմաստներն առկա են։ Մարդիկ գուցե հարցնեն․ «Ինչի՞ մասին է ձեր ֆիլմը»։ Չգիտեմ, ընկե՛ր, ուղղակի պատմություն եմ գրում։ Եթե ինքներդ ձեզ որոշում եք՝ «իմ ֆիլմը սրա մասին է», ուրեմն սահմանափակում եք, թե ֆիլմն ինչի մասին կարող է լինել։ Երբ ֆիլմ եմ ավարտում ու հարցազրույց տալիս, մարդիկ ասում են՝ «դե, ֆիլմը սրա կամ նրա մասին է»։ Լավ, ես դրա մասին չէի մտածել, բայց ոչինչ։ Շատ ուրախ եմ, որ տեսնում եք այն, ինչ ես չեմ տեսել։ Հարցն այն չէ, որ հեղինակը, նկարիչը, գրողը, ռեժիսորը չպիտի մտածեն նման բաների մասին։ Ուղղակի երբ ինչ-որ բան ստեղծում եք, մյուսները հիմնվումեն դրա վրա։ Հենց դա է ամենագեղեցիկը։ Արվեստի գործը հենց դա պիտի անի, պիտի մեկնակետ լինի։ Իրականում հոգս չէ, թե ինչ մտադրություն է ունեցել հեղինակը, եթե միայն դա կարևոր չէ, եթե նրա մտադրությունը չի ուղղորդում իմ դիտումը, և առանց այդ ուղղորդման ինքս ոչինչ չէի հասկանա։ Այդ դեպքում անհրաժեշտ է։ Չեմ կարող մոտենալ ու դիտել Պիկասոյի «Գերնիկան»՝ առանց նախապատմությունն իմանալու։

Կարծում եք երգիծանքը լավագույն ձև՞ն է՝ ընդդիմանալու աշխարհում տիրող անհեթեթությանը։ Նվազեցնել դրա ազդեցությունը մարդկանց վրա։
Խնդիրն այն է, որ շատերը, կասեի՝ մարդկանց մեծամասնությունը, հումորի զգացում չունեն։ Չեն հասկանա։ Կատակերգության, երգիծանքի կամ ծաղրերգության էությունը, իսկ դրանք, ըստ իս, ամենալուրջ ժանրերն են, հեռավորություն հաստատելն է։ Միշտ ձեր արածին նայելու ուղիներ գտեք, ոչ թե պարզապես արեք, այդ դեպքում կորած եք։ Երգիծանքը հենց դա է։ Կատակերգությունը հենց դա է։ Վերցնում է մարդկային ցավը, մարդկային անհեթեթությունը և օգնում նայելու դրան հումորի դիտանկյունից։ Ծիծաղը մարդկային ցավից հեռանալու ուրախալի միջոց է։ Օսկար Ուայլդից մեջբերում անեմ․ «Երբ մարդկանց ասում եք ճշմարտությունը, պիտի նաև ծիծաղեցնեք, թե չէ կսպանեն ձեզ»։

Այսինքն՝ կարծում եք, որ ծիծաղի բերած պարպումն անհրաժե՞շտ է։
Չեմ կարող ամպագոռգոռ պնդել, թե անհրաժեշտ է, բայց մեզ հասանելի գործիքներից մեկն է։

Նաև հակադիր տեսանկյուն կա, որ արվեստագետը հանդիսատեսին չպիտի հույզերը պարպելու հնարավորություն տա։ Վերջաբանը դիտավորյալ մռայլ է լինում, որ մնա հանդիսատեսի մտքում։
Դեպքից է կախված, բայց այո՛, հասկանում եմ։ Հաճախ կատաղում եմ ֆիլմերից, որոնք կոմերցիոն նկատառումներով ինձ պիտի հասցնեն հուզական պարպման։ Ուղեղիս մեջ դաջվել է Կլիմովի 1985 թվականի «Արի ու տես» ֆիլմը։ Դիտելուց հետո երբեք չեք մոռանա դա։ Երևի չեք էլ ուզի վերանայել, բայց ամբողջ կյանքում ձեզ հետ կմնա։ Բայց դա այլ հարց է։ Կատակերգությունն ընդդեմ դրամայի։ Զգացմունքների մաքրագործում կատակերգության կամ ողբերգության միջոցով՝ կախված վերջաբանից։ Վերջաբանը, եթե արդարացված է, կարող է և մարդկանց հույս տալ։ Եթե վերջում պարպում է տեղի ունենում, կամ հույսի շող է երևում, եթե ամեն ինչ անկեղծ է ու արվել է իսկական արվեստագետի կողմից, և հույս է արթնանում, թե ինչպիսին կարող էր լինել կյանքը, եթե․․․ Դա նույնպես լավ է։ Բայց եթե արվում է էժանագին հոլիվուդյան հիմար ոճով, ո՛չ, ո՛չ, ո՛չ, ուրեմն ֆիլմն ընդհանրապես պետք չէր նկարել։ Կրկին շեշտեմ, որ ամեն ինչ կախված է մարդու վարպետությունից ու գեղարվեստականությունից։ Ու իհարկե ստուդիան էլ չպիտի ամեն ինչ փչացնի, ինչը հաճախ է տեղի ունենում։

Նայելով Ձեր ֆիլմերը՝ իրոք զգում ես, թե ինչքան եք սիրում մարդկանց։ Եվ իմ հարցն է՝ ախր ինչո՞ւ։ Հաշվի առնելով այն ամենը, որ կատարվում է աշխարհում՝ ինչո՞ւ Դուք էլ մեզ՝ նորմալ մարդկանց պես մարդատյաց չեք։
Նախ և առաջ պարկեշտությունը շատ է։ Անկախ ամեն ինչից։ Գուցե 49 տոկոս է՝ ընդդեմ 51 տոկոս սոսկալիության, բայց միևնույնն է, կա։ Նաև իմ էության լավատես մասնիկն է մեղավոր, որի հետ այնպես չէ, որ համաձայն եմ, բայց անզոր եմ դրա դեմ։ Մարդիկ ոչ միշտ են ճիշտ վարվում։ Բայց կարող են։ Կարող էին երես չթեքել Աստծուց, ինչպես Ադամն ու Եվան Աստվածաշնչում։ Չպետք է դա բառի բուն իմաստով ընկալել, հիմարություն է։ Բայց որպես մարդկային գոյության փոխաբերություն՝ նրանց, մեզ միշտ տրվում է երկնային արքայությունը։ Ու նրանք ամեն ինչ փչացնում են։ Մաս երկրորդ՝ եղբայրը սպանում է եղբորը։ Ուշադրությո՛ւն՝ սփոյլեր մարդկության ամբողջ պատմության համար։

Արթուր Վարդիկյան