daily

Կաննի լավագույնները՝ փառատոնի փակմանը․ «Զրո» ակումբ» և «Չքնաղ օրեր» ֆիլմերի գրախոսական

Հայերեն Daily #3
«Զրո» ակումբը (Ջեսիքա Հաուսներ, Ավստրիա/Մեծ Բրիտանիա/Գերմանիա/Ֆրանսիա/Դանիա, 2023), Երևանյան պրեմիերաներ, 16-7 16:00 Կինոյի տուն, Մեծ դահլիճ

Չքնաղ օրեր (Վիմ Վենդերս, Ճապոնիա/Գերմանիա, 2023), Երևանյան պրեմիերաներ, 16-7 18:00 Կինոյի տուն, Մեծ դահլիճ

Հուլիսի 16-ին կցուցադրվեն «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում վերջին, բայց վստահաբար ոչ պակաս կարևոր երևանյան երկու պրեմիերաները, որ այս տարի բոլորին ցնցել են Կաննի մրցութային ծրագրում: Լազուր ափից հենց նոր ժամանած «Զրո» ակումբը» (ռեժիսոր` Ջեսիքա Հաուսներ) մոլորեցման և մարմնի դիսմորֆիկ խանգարման հարցեր է բարձրացնում՝ քննադատության ենթարկելով սննդակարգերին մոլեգին հետևելու մշակույթը, որ ծաղկում և ապրում է համացանցում: Այս գունագեղ և համարձակ սուր ծաղրական ֆիլմում էլիտար դպրոցի աշակերտներին պարտադրում են գրանցվել «գիտակից սննդառության» նոր դասընթացին: Խորհրդավոր ուսուցչուհին՝ Միա Վասիկովսկայի մարմնավորմամբ, աշակերտներին հորդորում է աստիճանաբար պակասեցնել սնունդը, մինչև հասնեն «Զրո» ակումբի սննդակարգային նիրվանային: «Զրո» ակումբը գաղտնի ընկերակցություն է, որ խուսափում է ուտելիքի ցանկացած ընդունումից: Հաուսների չափազանցված ոճը, որ շատ առումներով պարտական է Ուլրիխ Զայդլի ձևական ցինիզմին, ընդգծում է, թե ինչերով է հղի նոր դասընթացը, և միշտ անորոշ է թողնում կասկածելի «Զրո» ակումբի գոյությունը, իսկ դա պարզապես փոխաբերական հանգրվան է, որտեղ մարդիկ թաքնվում են, երբ նրանց ուղեղը չափազանց շատ են թունավորում կեղծ լուրերն ու մոլորեցնող տեղեկությունները:

Առավել ամբողջական և կենսական ազդեցություն է թողնում Վիմ Վենդերսի մեծ վերադարձը խաղարկային կինո: «Չքնաղ օրերում», որ վերջին տասնամյակների նրա լավագույն խաղարկային ֆիլմն է, արտհաուսի գերմանացի լեգենդը հայացքը կրկին դարձնում է սիրելի Տոկիոյին, որտեղ հասարակական զուգարաններ մաքրող համեստ մարդու միջոցով գնահատում ենք անզեն աչքից թաքնված գեղեցկությունները: Դրանց շարքում զուգարաններն են, որ մաքրում է մեր համակրելի գլխավոր հերոս Հիրայաման (Կոջի Յակուշոն, որն ըստ արժանվույն Կաննում ստացել է Լավագույն դերասան մրցանակը), դրանք քաղաքային ճարտարապետության փոքրիկ հրաշքներ են, որոնք տարբեր ճարտարապետներ են նախագծել՝ քաղաքը, դրա բնական միջավայրը և բնակիչներին հաշվի առնելով: Հանգստաբեր երաժշտությամբ՝ Լու Րիդի, Փեթթի Սմիթի պաշտամունքային երգերով, որոնք Հիրայաման ձայներիզով լսում է մեքենայում, և պոեզիայի ու արվեստի մասին խորամիտ դիտարկումներով՝ «Չքնաղ օրերն» արժանավայել եզրափակում է փառատոնը, որ նույնպես լի էր փոքրիկ հրաշքներով՝ թե՛ ֆիլմերով, թե՛ Երևանի առօրյա չքնաղության վաղանցիկ ու գեղեցիկ ակնթարթներով:

Հյուգո Էմերզաել