daily

«Կյանքը քանդում է բոլոր ժամանակացույցները»․ հարցազրույց Սերգեյ Դվորցևոյի հետ

Հայերեն Daily #2
Սերգեյ Դվորցևոյը, որ այս տարի «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է, այն եզակի կինոգործիչներից է, ով հավասարապես յուրացրել է կինոարվեստի պայմանական երկու բևեռները՝ խաղարկայինն ու ոչ խաղարկայինը։ Վերջին տարիներին այս տարբերակումը գնալով վերանում է, անգամ «Ոսկե ծիրանն» է երկու տիպի ֆիլմերը միևնույն մրցույթում որպես մեկ միասնական հոսք ներկայացնում հանդիսատեսին, և Դվորցևոյի համար էլ տարբերությունը կարծես թե միայն տեխնիկական է․ «Բանն այն է, որ և՛ վավերագրական, և՛ խաղարկային ֆիլմերում ես այսպես թե այնպես գործ ունեմ իրականության հետ,- ասում է ռեժիսորը։- Այո՛, ես հորինում եմ խաղարկային ֆիլմը, բայց ամեն դեպքում փորձում եմ թույլ տալ կյանքին ներթափանցել այդ հորինվածքի մեջ։ Ես երբեք կյանքին չեմ բռնանում»։

Դվորցևոյը կինո է մտել ուշ 90-ականներին՝ նկարահանելով «Երջանկություն» (1995) և «Հացի օրը» (1998) ֆիլմերը, որոնցից հատկապես երկրորդն այսօր վավերագրական կինոյի փայլուն նմուշ է համարվում։ Խաղարկային կինո անցում կատարելու մասին ռեժիսորը սկսեց մտածել 2004-ին՝ կույր ծերունու կյանքը պատկերող «Մթության մեջ» վավերագրության ստեղծման ընթացքում․ «Դու նկարահանում ես կույր մարդուն, և ինքը քեզ չի տեսնում, տեսախցիկը չի տեսնում, չգիտի՝ ինչ է կատարվում,- բացատրում է Դվորցևոյը։- Այսինքն՝ կարող ես ցանկացած բան նկարել։ Ու ես վախեցա, որ կարող եմ կորցնել բարոյական այդ սահմանը․ հասկացա, որ դա վտանգավոր է հոգուս համար»։

Չնայած սկզբնական շրջանում ֆիլմերի առատությանը՝ Դվորցևոյը վերջին տասնամյակում ընդամենը երկու խաղարկային ֆիլմ է ավարտել՝ 2008 թվականին «Տյուլպանը» և 2018-ին «Այկա»-ն։ Գլխավոր պատճառը «կյանքին չբռնանալու» այդ նույն սկզբունքն է․ «Խաղարկային ֆիլմում սցենար ունեմ, բայց մշտապես փոխում եմ՝ կախված նրանից, թե ինչ է տալիս կյանքը, ինչ է տալիս բնությունը։ Թե՛ «Տյուլպան»-ի, թե՛ «Այկա»-ի նախնական սցենարների ընդամենը քսան տոկոսն է մնացել վերջնական տարբերակներում»։ Դվորցևոյն ընդունում է, որ իր այս մեթոդը, չնայած գեղարվեստական տպավորիչ արդյունքներին, բարդություններ է ստեղծում իր նկարահանող խմբի համար․ «Խաղարկային կինոն միշտ ծրագիր է․ ամեն ինչ պետք է ըստ նախապես կազմված ժամանակացույցի լինի։ Բայց երբ դու կյանքն ես ներս թողնում, այն քանդում է բոլոր ժամանակացույցները։ Ու ես ստիպված եմ լինում համոզել և ապացուցել պրոդյուսերներին, որ այսպես ավելի լավ կլինի»։

«Այկա»-ի գլխավոր դերակատարուհի Սամալ Եսլյամովան 2018-ին արժանացավ Կաննի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» մրցանակին, իսկ ինքը՝ ֆիլմը, որոշակի աղմուկի պատճառ դարձավ։ Մոսկովյան ներգաղթյալների անտեսանելի կյանքը բացահայտող «Այկա»-ի հիմքում դարձյալ իրական խնդիր է։ Մեկ տարվա ընթացքում 250 ղրղըզ կին Մոսկվայի ծննդատներում հրաժարվել է սեփական նորածին երեխայից․ Դվորցևոյը ցանկացավ հասկանալ՝ ինչու է այդպես լինում։ Գլխավոր հերոսուհին՝ Այկան, այդ կանանց հավաքական կերպարն է։ «Նրանք ահավոր պայմաններում են ապրում,- պատմում է ռեժիսորը,- հաճախ շատ դժվար իրավիճակներում են հայտնվում։ Միտք ունեմ նրանց օգնելու համար հիմնադրամ ստեղծել, գուցե Ղրղզստանի կառավարության հետ համատեղ։ Գիտակցում եմ, որ իրավիճակը դեռ շուտ չի փոխվի։ Առհասարակ, գեղարվեստական ստեղծագործություններն այլ կերպ են աշխատում։ Սա լրագրողական հետաքննություն չէ, որ հոդվածը գրես ու միանգամից արձագանքը տեսնես։ Արվեստը կամաց-կամաց է փոխում մարդկանց հոգիները, երկարատև գործ է։ Բայց դա է իմ նպատակը»։

Սոնա Արսենյան

Բաց մի թողեք Սերգեյ Դվորցևոյի հանդիպումը հանդիսատեսի հետ, որը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, ՀԲԸՄ-ում, ինչից հետո՝ ժամը 21։30-ին, կարող եք գնալ Կինոյի տան Մեծ դահլիճ «Այկա»-ի երևանյան պրեմիերային։