daily

Զոռով դեպի երազանքների երկիր. «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմի գրախոսական

Հայերեն Daily #2
Նոթեր տեղահանման մասին (2022) / Տարածաշրջանային համայնապատկեր
Խալեդ Ժարար
Պաղեստին/Գերմանիա/Կատար
13․07 10։00 Կինոյի տուն Մեծ դահլիճ, 13․07 16։30 Մոսկվա կ/թ Կարմիր դահլիճ

Անվերջ վերաձևվող սահմանների և չդադարող կոնֆլիկտների այս տարածաշրջանում մարդիկ ստիպված են անդադար տեղաշարժվել, թողնել իրենց տները և անվտանգություն որոնել ավելի կայունորեն վավերացված սահմանագծերի ներքո, օրինակ` Եվրոպայում: Հատկապես Սիրիայում պատերազմի բռնկումից ու մեդիայում հայտնվող զարհուրելի պատմություններից հետո այս հրատապ խնդիրը տարբեր դրսևորումներ է գտել կինոյում: «Նոթեր տեղահանման մասին» վավերագրական ֆիլմում թեմային յուրատիպ անդրադարձ է կատարում պաղեստինցի բազմամեդիա արվեստագետ ու ռեժիսոր Խալեդ Ժարարը:

Պրեմիերա ունենալով 2022 թվականին Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում` ֆիլմը փաստացի նկարահանվել է 2015-ին և հետևում է Դամասկոսի Յարմուկ ճամբարից Եվրոպա գաղթող պաղեստինյան երկու ընտանիքների ճակատագրին: Ի տարբերություն այս թեմայով բազմաթիվ ուրիշ ֆիլմերի, որոնք իրողությունը պոստֆակտում են արձանագրում, «Նոթեր տեղահանման մասին»-ում ռեժիսորը հերոսների հետ միասին անցնում է գաղթի ու սարսափի ամբողջ ուղին, լինում է Հունաստանում և Կիպրոսում, Մակեդոնիայում և Հունգարիայում, ապա հասնում «երազանքների երկիր»` Գերմանիա: Ֆիլմի գաղթականները երեք տարբեր սերունդներից են և անցնում են տեղահանման և ինտեգրման առանձին ուղի: Եթե ավագ սերունդը նմանվում է արմատախիլ արված և կենսական ուժերի աղբյուրից զրկված բույսի, երիտասարդներն ավելի հեշտությամբ են հարմարվում նոր իրականությանը: Թեև ֆիլմի հերոսներից մի քանիսը երկրորդ կամ երրորդ անգամ են տեղահանվում (օրինակ` մինչ այդ 1948-ին էին ստիպված լքել իրենց տունը Պաղեստինում), ռեժիսորը նախընտրում է հեռու մնալ քաղաքական քննարկումներից և բացահայտ կողմնորոշում արտահայտելուց: Կենսաբանական չորությամբ ու հստակությամբ վավերագրված այս ֆիլմը խուսափում է թե՛ իրավիճակի պոետիկացումից, թե՛ խղճահարություն առաջացնելու փորձերից։ Փոխարենը կերտում է գլխավոր հերոսների պայքարի աղճատված պատկերը՝ ի ցույց դնելով իրենց իրողության ամբողջ դաժանությունը:

Սոնա Կարապողոսյան